Ընդդիմության ցույցը Լատվիայի մայրաքաղաքում անցած գիշեր վերածվեց զանգվածային անկարգությունների: Վրդովված ցուցարարները կոտրում էին խորհրդարանի շենքի ապակիները, հրկիզում էին մեքենաներ, թալանում խանութներ: Ռիգայում կայացած բողոքի ակցիային, ըստ տարբեր հաշվարկների, մասնակցում էր 10-20 հազար ցուցարար: Հանրահավաքը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Տեղեկություն կա մի քանի տասնյակ տուժածների մասին, որոնց թվում են թե՛ ցուցարարները եւ թե՛ ոստիկանները: Առնվազն 30 հոգի տեղափոխվել է հիվանդանոցներ: Իշխանությունները ձերբակալել են ընդդիմության ավելի քան 120 ակտիվիստի: Լատվիայի վարչապետ Իվար Գոդմանիսը հայտարարել է, որ անկարգությունները տարերային չէին, դրանք վաղօրոք ծրագրվել են ընդդիմության կողմից: Ռիգայում տեղի ունեցած իրադարձությունները պայմանավորված են տնտեսական խորը ճգնաժամով, որին դիմակայելու համար իշխանությունները նախատեսում են 15%-ով կրճատել պետական հիմնարկների ծախսերը, սառեցնել բյուջետային ծառայողների աշխատավարձերը եւ բարձրացնել հարկերը: Նման մտադրությունները զայրույթ էին առաջացրել երկրի բնակչության շրջանում: Նշենք, սակայն, որ զանգվածային անկարգության հետեւանքով ոչ ոք չի մահացել, իսկ Լատվիայի նախագահը արտակարգ իրավիճակ չի մտցրել:
ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՃՆՇՎԵԼ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկած «10 ժողովրդավարական բարեփոխումների» կետերից 9-ը արդեն իսկ գտել է իր օրենսդրական զարգացումը: ՌԴ Պետդուման կա՛մ արդեն ընդունել է, կա՛մ պատրաստվում է ընդունել օրինագծեր, որոնք վերաբերում են կուսակցություններին, նահանգապետերին, հասարակական պալատին եւ այլն: Միակ կետը, որը, «Նեզավիսիմայա գազետա» թերթի տվյալներով, օրենսդրական որեւէ տեսք չի ստանա, վերաբերում է նախագահի առաջարկին՝ զերծ պահել ԶԼՄ-ները պաշտոնյաների ճնշումներից: Այդ կետի «չկիրառմանը» նպաստեց ինքը՝ Դ. Մեդվեդեւը, երբ իր ուղերձում ասաց. «Հնարավոր չէ համոզել չինովնիկներին, որպեսզի նրանք հանգիստ թողնեն ԶԼՄ-ները: Պետք է ոչ թե համոզել, այլ ընդլայնել թվային հեռուստատեսության եւ ինտերնետի տարածքը: Որեւէ պաշտոնյա չի կարող խոչընդոտել ինտերնետային բանավեճերին կամ գրաքննության ենթարկել միանգամից 1000 հատ ալիք»: Սակայն փորձագետները նշում են, որ Ռուսաստանի բնակչության միայն 30 միլիոնը հնարավորություն ունի օգտվել ինտերնետից եւ, հետեւաբար, ազատորեն ստանալ այդ լրատվությունը: Էլ ավելի վիճահարույց է թվային հեռուստատեսության հարցը: Պետությունը, որն իր վրա վերցրեց նման հեռուստատեսություն ներմուծելու առաքելությունը, երաշխավորելու է միայն 6-7 ալիքների անվճար ընդունումը, որոնք, բնականաբար, դարձյալ գրաքննության են ենթարկվելու, մնացած ալիքները լինելու են վճարովի:
ՊԱՅՔԱՐ ԱՐԿՏԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ
«Կոմերսանտ» թերթի տվյալներով, Ռուսաստանի անվտանգության խորհրդում մշակվում է Արկտիկայի վերաբերյալ նոր ռազմավարություն, որը նախանշում է քաղաքականության հիմնական սկզբունքները այդ մայրցամաքի բնական պաշարների օգտագործման ոլորտում: Արկտիկայի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովի խոսքերով, ռուսաստանյան ռազմավարության գլխավոր իմաստը հետեւյալն է. «Մենք Արկտիկան ոչ մեկին չենք տա»: Նույն խնդիրների շուրջ վերջին շրջանում ակտիվացրել են իրենց ջանքերը Միացյալ Նահանգները, Կանադան, Նորվեգիան եւ Դանիան: ԱՄՆ գործող նախագահ Ջորջ Բուշը վերջերս հայտարարեց, որ իր երկիրը բազմաթիվ ազգային շահեր ունի Արկտիկայում, որոնք առնչվում են հակահրթիռային պաշտպանությանը եւ անվտանգությունն ապահովող ռազմական օպերացիաներին: Բուշը նաեւ կոչ արեց վավերացնել Ծովային իրավունքի միջազգային կոնվենցիան, որի կիրառման խոչընդոտը հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներն են: Կոնվենցիային չմիանալը տեսականորեն հնարավորություն է տալիս ամերիկյան կոնգրեսին օրենք ընդունել, ըստ որի՝ Հյուսիսային բեւեռը ԱՄՆ-ի տարածքն է: Քանի որ ընտրված նախագահ Օբաման նույնպես հակված է կոնվենցիայի վավերացմանը, դա հնարավորություն կտա շահագրգիռ երկրներին հարցերը լուծել բանակցությունների ճանապարհով: Հայտնի է, որ Ռուսաստանը փաստաթղթերի փաթեթ է պատրաստում, որը կոչված է ապացուցելու, թե Հյուսիսային բեւեռը պատկանում է իրեն: Այդ փաթեթը փոխանցվելու է ՄԱԿ, եւ եթե այդ կազմակերպությունը չճանաչի Ռուսաստանի իրավունքները, ապա, ըստ Արթուր Չիլինգարովի, այս անգամ արդեն ՌԴ-ն է դուրս գալու Ծովային իրավունքի միջազգային կոնվենցիայից: