Ռուսաստանյան գազը, որը երեքշաբթի օրը ժամը 10-ից առաքվում էր Եվրոպա, այդպես էլ չհասավ հասցեատերերին: Երեկ պարզվել է, որ Ուկրաինան չի բացել կափույրը՝ խոչընդոտելով գազի տեղափոխումը: Կիեւը հայտարարել է, որ տեխնիկական հնարավորություն չունի տեղափոխելու կապույտ վառելիքը «Գազպրոմի» ուղենշած ճանապարհով: Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ դրա համար նա ստիպված պիտի լիներ անջատել Դնետրոպետրովսկի, Լուգանսկի եւ Օդեսայի մարզերի սպառողների գազը: Իսկ երկրի ղեկավար Վիկտոր Յուշչենկոն հայտարարեց, որ Ռուսաստանի գազի տեղափոխման գլխավոր տեխնոլոգիական պայմանն է՝ վերադառնալ 2008-ի դեկտեմբերի 31-ի կարգավիճակին, այսինքն՝ Ուկրաինան փաստացի ցանկանում է, որ բավարարվի ոչ միայն եվրոպացիների, այլեւ հենց իր գազի պահանջարկը: «Վրեմյա նովոստեյ» թերթի կարծիքով, այդ իրավիճակը Ռուսաստանին որոշակի քարոզչական առավելություն է տալիս, քանի որ ստացվում է, որ Ուկրաինան է խոչընդոտում գազի տեղափոխմանը: Սակայն, ինչպես նշում է թերթը, այդ առավելության գինն են որեւէ մեղք չունեցող սպառողների տառապանքները՝ նախեւառաջ Բուլղարիայում եւ Սլովակիայում: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն արդեն հասցրել է հեռախոսազրույցներ ունենալ այդ երկրների իր գործընկերների հետ, որոնք շտապ կերպով ուղեւորվել են Մոսկվա: