ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Հիլարի Քլինթոնը խոստացել է ուշադրություն դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հիլարի Քլինթոնն այդ մասին ասել է, պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեզի հարցին, Սենատի Արտաքին կապերի կոմիտեում կայացած իր թեկնածության վերաբերյալ լսումների ընթացքում: «Մենք ուշադրություն ենք դարձնելու այս եւ այլ բարդ հարցերին՝ առաջ շարժվելու եւ այդ հիմնավորված մտահոգություններին արդյունավետորեն արձագանքելու նպատակով»,- ասել է Հիլարի Քլինթոնը:
2000 թվականին Սենատում ընտրվելուց հետո Հիլարի Քլինթոնը բազմիցս սատարել է 1915թ. Հայերի ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը: Նա համահովանավորել է համապատասխան բանաձեւերը, իսկ 2006-ին ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակը՝ հայերի զանգվածային ոչնչացումը «ցեղասպանություն» անվանելու կոչով:
2008թ. իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Հիլարի Քլինթոնն ասել էր. «Կարծում եմ, որ հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության կատարած սարսափելի քայլերը ցեղասպանության հստակ օրինակ են հանդիսանում: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի Կոնգրեսի եւ Միացյալ Նահանգների նախագահի կողմից՝ հանուն մեր ընդհանուր բարոյականության եւ մեր երկրի նկատմամբ վստահության պահպանման, որը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպանության մունետիկ»: