Ֆրանսիան լայնածավալ արշավ է սկսել՝ երեխաներին բջջային հեռախոսներից հեռու պահելու համար, մասնավորապես՝ Ֆրանսիայի շրջակա միջավայրի հարցերով նախարարի նախաձեռնությամբ շուտով օրենք կընդունվի, որը կարգելի մինչեւ 12 տարեկան երեխաների շրջանում բջջային հեռախոսների գովազդը: Ավելին, ինչպես հաղորդում է The Independent-ը, նույն օրենքով պետությունը արգելք կդնի մինչեւ 7 տարեկան երեխաների համար բջջային հեռախոսների վաճառքի վրա: Իսկ, ընդհանրապես, բոլոր հեռախոսները կսկսեն վաճառվել միայն եւ միայն ականջակալներով, որպեսզի հնարավոր լինի գոնե մասամբ խուսափել ուղեղի վրա ճառագայթների ազդեցությունից: Արդեն իսկ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, մասնավորապես՝ Լիոնում, համայնքային իշխանությունները նախաձեռնել են սոցիալական գովազդների շարք, որոնցում քաղաքացիներին կոչ են անում իրենց երեխաներին հեռու պահել այդ վտանգավոր սարքից:
Շվեդ գիտնականների հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ բջջային հեռախոսից օգտվող անչափահասները գլխուղեղի քաղցկեղով հիվանդանալու գրեթե 5 անգամ ավելի մեծ «շանսեր» ունեն, քան նրանք, ովքեր չեն օգտվում ժամանակակից տեխնիկայի այդ «բարիքից»: