Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողներին փոխեց խաղի հետ

Հունվար 15,2009 00:00

\"\"Ամերիկայի Օհայո նահանգի 17-ամյա մի դեռահասի՝ Դանիել Պետրիչին (լուսանկարում) երեկ դատարանը մեղավոր ճանաչեց ծանրացուցիչ հանգամանքներով կանխամտածված սպանության, ինչպես նաեւ՝ կանխամտածված սպանության փորձի մեջ: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, 2007-ի հոկտեմբերին, երբ Դ. Պետրիչն ընդամենը 15 տարեկան էր, կրակել է սեփական ծնողների վրա այն բանի համար, որ վերջիններս նրանից վերցրել էին Halo 3 համակարգչային խաղի սկավառակը:
Դատավորը հաստատված է համարել, որ բոլոր ապացույցները վկայում են, որ դեռահասը ծրագրել է ծնողների սպանությունը մի քանի շաբաթվա ընթացքում: Դատավճիռը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի մոտ օրերս, եւ Պետրիչը հավանաբար կդատապարտվի ցմահ ազատազրկման՝ առանց ժամկետից շուտ ազատվելու իրավունքի: Նշենք, որ այն բանից հետո, երբ ծնողներն արգելել են Դանիելին խաղալ Halo 3 խաղը, որն իրենից ներկայացնում է «պատերազմ» այլմոլորակայինների դեմ, Դանիելը գաղտնի բացել է հոր սեյֆը, որտեղ պահված էր այդ խաղի սկավառակը եւ ատրճանակը: Դրանից հետո տղան մտել է ծնողների ննջարան եւ առաջարկել հորն ու մորը՝ փակել աչքերը, խոստանալով անակնկալ: Մայրը տեղում մահացել է գլխին ստացած գնդակից, իսկ հայրը կենդանի է մնացել, չնայած վիրավորվել է գլխից: Ավելի ուշ հայրն ասել է, որ ներում է որդուն: Նշենք, որ այդ սահմռկեցուցիչ վայրագությունից հետո դեռահասը ատրճանակը դրել է անգիտակից ընկած հոր ձեռքերի մեջ եւ, վերցնելով իր սիրելի Halo 3 –ը, փախել է տնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել