Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՆ

Հունվար 15,2009 00:00

Նախագահի վերահսկողական ծառայության ստուգումները՝ ոլորտի որոշ պատասխանատուներ «կազմակերպված ակցիա» են համարում:

Անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն կատարեց 30 ոչ պետական բուհերում: «Այս բուհերում վիճակն անմխիթար է»,- ամփոփիչ ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Վերոնշյալ ծառայության կատարած ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հայտնաբերվել են մի շարք զավեշտալի եւ աչք ծակող զեղծարարություններ: Օրինակ՝ 10-րդ դասարանն ավարտած անձինք «հրաշքով» հայտնվել են միանգամից 2-րդ կամ 3-րդ կուրսում, հայտնաբերվել է նաեւ մոտ 500 ուսանող, որ ուսումնառության շրջանում կամ հանրապետությունում չի եղել, կամ ծառայել է բանակում, կամ էլ դասերին չի մասնակցել՝ աշխատելու պատճառով, բայց համակուրսեցիների հետ ավարտական վկայական է ստացել: Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր ուսանողի պետք է տրամադրվի 8 քմ տարածք, բայց հայտնաբերվել են նաեւ այնպիսի բուհեր, որոնք ունեն ընդամենը 2 սենյակ: Որոշ զեղծարարություններ են ջրի երես դուրս եկել նաեւ՝ կապված միջբուհական եւ ներբուհական տեղափոխությունների հետ: Ըստ կառավարության որոշման՝ մի բուհից մյուսը կամ մի ֆակուլտետից մյուսը տեղափոխվելու համար քննական առարկաների տարբերությունը չպետք է գերազանցի 8-ը, սակայն շատ դեպքերում դրանք հասնում են 10-ի: Իսկ առաջին եւ ավարտական կուրսերում տեղափոխություններն ընդհանրապես արգելվում են, այնինչ՝ այդպիսիք էլ են գրանցվել: «Ոչ մի ոչ պետական բուհ հարկային դաշտում չէ. ցանկացած բուհի կրթական չափորոշիչների մեջ է մտնում ուսանողներին պրակտիկայի ուղարկելը, այնինչ՝ բուհերում դա որեւէ փաստաթղթում չի երեւում, կնքված պայմանագրեր չկան որեւէ ընկերության կամ պետական կառույցների հետ: Սա նշանակում է, որ մասնավոր բուհերն աշխատում են ստվերում»,- հայտարարել էր Հ. Հովսեփյանը եւ սպառնացել, որ մնացած 39 ոչ պետական բուհերում էլ են իրականացնելու ուսումնասիրություններ, ինչի արդյունքում անպայման դրանցից որոշները զրկվելու են լիցենզիայից, մյուսներին էլ տրվելու է դեղին քարտ՝ իրենց մոտ առկա թերությունները շտկելու համար: «Առավոտը» կատարվածի վերաբերյալ մեկնաբանություններ ստացավ «տուժած» կողմից՝ որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներից: Նրանք կարեւորեցին այս ստուգումների դերը, սակայն նաեւ դժգոհեցին, թե դրանք չափից շատ են իրականացվում եւ երբեմն ոչ հետեւողական կերպով: Մեր զրուցակիցներից ոմանք էլ կարծիք հայտնեցին, թե այս գործընթացը կազմակերպված «ակցիա» է՝ ընդդեմ մասնավոր բուհերի, որոնք առանց այդ էլ խնդիրների պակաս չունեն: «Մովսես Խորենացի» համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ուսումնասիրությունները բավականին մանրազնին էին կազմակերպված, մոտեցումներն էլ՝ բավարար չափով կոշտ: Բայց, ինչ արած, դաշտը պիտի զտվի, չափանիշներին չհամապատասխանող կառույցներն էլ պիտի զրկվեն լիցենզիայից»:
Այսպիսի ստուգումներ իրականացվել են նաեւ 2002-2003 թվականներին: Շատ ժամանակ չի անցել նախորդ ստուգումներից, բայց արի ու տես, որ այսպիսի ստուգումներից հետո էլ դեռ կան այնպիսի ուսումնական հաստատություններ, որոնք աշխատում են օրենքից դուրս: Ըստ ոլորտի պատասխանատուների՝ սա կամ խոսում է ուսումնասիրությունների արդյունքում սխալների վերցման ոչ հետեւողական քաղաքականության մասին, կամ էլ՝ ամենաթողության, այսինքն, նա, ում կարելի է աշխատել օրենքից դուրս, աշխատում է, դեռ մի բան էլ ստանում է «վերեւների» հովանավորությունը:
Զրուցեցինք նաեւ «Բաց համալսարանի» ռեկտոր Անահիտ Հարությունյանի հետ: Նա նկատեց. «Եթե կա պետություն, ապա վերահսկողություն էլ պետք է իրականացվի: Ինքս գիտեմ տասից ավելի բուհեր, որոնք կանգնած են լիցենզիայից զրկվելու վտանգի առաջ: Բայց նշեմ նաեւ, որ որոշ պետական բուհերում էլ կան շատ մասնագիտություններ, որոնք ընդամենը ֆիկցիա են»:
«Նավասարդ» համալսարանի ռեկտոր Ռուզան Ղազարյանն էլ հերքեց իր ղեկավարած բուհի հասցեին հնչեցված այն մեղադրանքները, թե տվյալ մասնագետը պարապել է ոչ իր մասնագիտությամբ՝ այլ առարկաների դասաժամեր. «Միակ թերությունը, որն օբյեկտիվորեն կար մեր բուհում, կապված էր իրավաբանական ֆակուլտետի ուսանողների պրակտիկայի կազմակերպման հետ: Խնդիրն այն էր, որ հրամանագրքում չէր ձեւակերպվել, որ ուսանողներն ուղարկվել են պրակտիկայի: Ուղղակի չէինք մտածել, որ կարելի է դա ձեւակերպել հրամանագրքում: Դրանից բացի, մենք խնդիրներ ենք ունենում ուսանողներին պետական հաստատություններում պրակտիկայի ուղարկելիս: Այդ ընկերությունները մերժում են մեզ, պատճառաբանելով, թե իբր մենք հավատարմագրված ուսումնական հաստատություն չենք, կամ էլ իրենք շատ են ծանրաբեռնված ուսանողներին ընդունելու համար: Ստիպված դիմում ենք անհատ իրավաբանական կազմակերպությունների, որոնց հետ էլ ուսանողներին պրակտիկայի ուղարկելու պայմանագիր ենք կնքում: Իսկ այն, որ սա կազմակերպված ակցիա է՝ ընդդեմ ոչ պետական բուհերի, ոչ ընդունում եմ, ոչ էլ ժխտում: Ուղղակի մասնավոր բուհերին կարող են մեդալ տալ՝ որպես պարտաճանաչ հարկատու, հատկապես այն դեպքում, երբ պետությունից ոչ թուղթ, ոչ գրիչ ենք ստացել, էլ չեմ խոսում պետական դոտացիաների մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել