Լրահոս
Օրվա լրահոսը

«Չսպասեք ավելի լավ զեկույցների»

Հունվար 15,2009 00:00

\"\"«Առավոտին» իր տեսակետն է ներկայացնում «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը

«Առհասարակ, իրավապաշտպանների աշխատանքը տարբեր շահեր հետապնդող խմբերի կողմից մշտապես ենթարկվում է քննադատության, կախված նրանից, թե այդ պահին այս կամ այն կազմակերպության հնչեցրած գնահատականները ո՞ր խմբի շահերին են համահունչ: Դա բնական եւ անփոփոխ գործընթաց է: Օրինակ, ինձ իշխանությունները մշտապես մեղադրում են, որ ես աշխատում եմ ինչ-որ մարդկանց վրա, իսկ ընդդիմությունն էլ, եթե իմ հայտարարություններն իրենց դուր չեն գալիս, ինձ մեղադրում է իշխանության հետ համագործակցելու մեջ: Իրականում ես թքած ունեմ այդ երկու կարծիքների վրա էլ, ես անում եմ իմ գործը:
Ինչ վերաբերում է մեր երկրում միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների, օրինակ՝ Human rights watch-ի կամ, ասենք, Freedom house-ի աշխատանքին, իմ խորին համոզմամբ, այդ կազմակերպությունները լիովին օբյեկտիվ են եւ առաջնորդվում են բացառապես մարդու իրավունքների պաշտպանության շահերով: Այլ շահեր նրանք չեն հետապնդում: Եվ բոլոր խոսակցություններն այն մասին, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները սպասարկում են այս կամ այն նեղ քաղաքատնտեսական խմբի կամ հրեամասոնական կազմակերպությունների շահերը, ուղղակի հիմարություն են: Ժամանակին ինձ էլ էին ասում, որ ես հրեամասոն եմ եւ այլն: Դա ուղղակի ծիծաղելի էր: Կարծում եմ, այդ ժամանակներն անցան: Դա անցած դարի 60-ականների չեկիստների ու կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների մտածելակերպն էր: Եվ եթե այսօր մեր քաղաքական գործիչներն են նման բան ասում, ուրեմն նրանք նույն չեկիստներն ու կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներն են:
Ի դեպ, Freedom house-ի վերջին զեկույցի հետ կապված՝ կուզենայի նշել, որ մեր երկրին տրված «մասամբ ազատ» գնահատականն անչափ մեղմ էր: Մենք ոչ թե մասամբ ազատ, այլ բացարձակապես անազատ երկիր ենք, եւ այս առումով ես համամիտ չեմ Freedom house-ի գնահատականին:
Ամեն դեպքում, կարծում եմ, առաջիկա տարում եւս իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներն ավելի լավը չեն լինի: Քանի որ մեր երկրում ոչ մի բան չի փոխվել. ոչ դատաիրավական համակարգում, ոչ ոստիկանությունում, ոչ էլ այլ ուժային կառույցներում: Եվ եթե միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների 2009-ի տարեկան զեկույցը հրապարակվեր այսօր եւ ոչ թե ամիսներ անց, ապա վստահաբար ոչ մի էական տարբերություն չէր լինի, քանի որ գալիք տարում մեր երկրում եթե վիճակն ավելի չվատանա, հաստատ չի լավանա:
Եթե այս փուլում մեր երկրին ֆինանսական եւ քաղաքական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցները՝ Եվրամիությունը, Եվրախորհուրդը, Պետդեպը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ ուրիշներ, գոնե մեկ անգամ մեր իշխանություններին իրենց տեղը ցույց չտան եւ որեւէ պատժամիջոց չկիրառեն նրանց դեմ, ապա այս ամենաթողությունը շարունակվելու է, եւ մենք գնալով հայտնվելու ենք ավելի վատ վիճակում, քան եղել ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել