Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՁՔԸ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հունվար 15,2009 00:00

\"\"Տարեսկզբի մտորումներ

Էշին քուռակի հետ ամեն օր, առավոտ կանուխ, տանում են դաշտ՝ աշխատելու, մթանը՝ վերադարձնում գոմ: Մի օր էլ քուռակը սկսում է տրտնջալ ու մորը թե՝ այ մե, ամեն օր մեզ մի բուռ վարսակով էշի նման բանեցնում են, իսկ կողքի խոզերին մի գլուխ կերակրում են ինչով ասես ու չեն աշխատեցնում:
Մի օր էլ գոմից դուրս գալիս լսվում է մորթվող խոզերի ճղճղոցը: Էս քուռակը մորը թե՝ էս ինչի՞ են էսպես ճղճղում: Մայրը տխուր հայացքով նայում է ու ասում՝ եկել, էն կերածի վարձքն են ուզում:
1995-ից միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններին կերակրում է է՛լ եվրոչափանիշներին համապատասխանող, դեպի ֆեոդալիզմ տանող, ավտորիտար համակարգ պարտադրող սահմանադրությունով, է՛լ բացարձակ կեղծվող ու էլի եվրոչափանիշներին համապատասխանող սահմանադրության հանրաքվեներով (1995, 2005թթ.), է՛լ իշխանությունը հեշտ վերարտադրելուն ուղղված ընտրական օրենքներով ու այդ օրենքներով անցկացվող եվրոչափանիշներին համապատասխանող զուտ հայկական (հոմանիշը՝ բարբարոս) խորհրդարանա-նախագահական ընտրություններով, 1995-ից առ այսօր: Գումարեք միջազգային տարբեր ֆինանսական կառույցների կողմից տրված չվերահսկվող վարկ-կերակուրներն ու գրանտները, եւ պատկերը կամբողջանա:
Ի սկզբանե դրված խնդիրը, որն էր՝ Հայաստանում ստեղծել եւ պահել կրիմինալացվող իշխանություն, որն ազատ է ներքին՝ ժողովրդի առաջ պատասխանատվությունից եւ ամբողջապես ենթակա է արտաքին թելադրանքներին, կարող ենք ամրագրել, որ ամողջությամբ իրականացված է:
Իշխանությունների կարծիքով վարձքը Ղարաբաղն է (Հայաստանում հանրաքվեի միջոցով):
Խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում (ժողովրդական):
Եկել է, կգա վարձքը տալու ժամանակը:
Հակասական
զգացումներ
Կինը դիմում է ամուսնուն. բացատրիր, խնդրում եմ, որո՞նք են հակասական զգացումները:
Ամուսինն էլ, թե՝ պատկերացրու, որ իմ զոքանչը իմ սեփական մեքենայով գլորվում է անդունդը: Ահա այդ ժամանակ ինձ կհամակեն հակասական զգացումները (մի կողմից՝ ուրախության, մյուս կողմից՝ ջարդուխուրդ եղած մեքենա):
Շուտով կվերսկսվեն քաղդատավարությունները, եւ այդ հակասական զգացումները կպատեն ինձ ու իմ նման շատերին:
Դատվողների մի մասը (մեծ մասը, թե փոքր՝ գիտեն իրենք) 1995-ից իշխանությունում էր եւ մինչ իշխանությունից զրկվելը (մի մասը 1998-ին, մի մասն էլ նույնիսկ մինչեւ նախագահական ընտրությունները) կամ ակտիվ մասնակցում ու ջանք չէր խնայում հանրաքվեներ կեղծելու ու վայրենաբարո ընտրություններ անցկացնելու գործում, կամ էլ սուսուփուս օգտվում էր դրա արդյունքով ձեւավորված իշխանության կերակրատաշտից, դառնալով համակարգին ծառայող մեծ կամ փոքր գործիք:
Ուրիշի համար բիզ մի՛ սրեք, այն… (ժողովրդական):
Դատվողների (դատվածների) մյուս մասն էլ Հայաստանի ապագայով անկեղծ մտահոգ, միամտաբար վերջին ընտրություններն էլ այդ լուսավոր ապագան կերտելու հենակետ համարող մարդիկ են, որոնց, բնականաբար, համակարգը մարմնավորող իշխանությունները պետք է պատժեն:
Դատողները՝ քննիչներ, ոստիկանապետեր, դատախազներ ու դատավորներ, նախկինում էլ էին կատարում նախագահների հանձնարարությունները: Ուղղակի այն ժամանակներում դեռեւս զոհեր չկային:
Ու այս ամենով մեր երկիրը, ի՛մ երկիրը՝ Հայաստանն է գլորվում վարձքը տալու անդունդը:
Արաբա-իսրայելական հավերժական հակամարտության հերթական թեժ փուլն էլ կանցնի, Ռուսաստան-Ուկրաինա-Եվրոպա գազային պատերազմն էլ ձմռան ցրտերի հետ կանցնի մինչեւ հաջորդ հունվարի 1, ու Եվրոպան, Ամերիկայի ու Ռուսաստանի հետ (Թուրքիան էլ վրադիր) նորից կկենտրոնանան մեզ վրա, ու քաղկալանավորներով ծանրացած առանց այն էլ ծանր վարձքը պետք է տան մեր իշխանությունները, իհարկե՝ մեր հայրենիքի հաշվին (այսօր ոչ միայն Աղդամը, Ղարաբաղն էլ է իմ հայրենիքը):
Գուցե որպես փոխհատուցում ճանաչե՞ն մեր Մեծ եղեռնը: Մխիթարվեցի:
Ահա այսպիսի զգացումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել