2008 թվականի հունիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 24-ը ԵԱՀԿ նախաձեռնությամբ, Վրաստանի կրթության նախարարության ու Երիտասարդական կենտրոնների խորհրդի համատեղ ջանքերով, Սամցխե-Ջավախքում իրականացվեց հայ երիտասարդների ինտեգրացմանն ուղղված ծրագիր:
Նախագծի՝ Սամցխե-Ջավախքի համակարգող Նարինե Գրիգորյանի տեղեկացմամբ, ծրագիրը նպատակ ունի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի հայկական եւ ռուսական դպրոցների 10-րդ դասարանցիներին վրացերեն ուսուցանել, ահա թե ինչու վերջիններիս որոշակի ժամանակահատվածով «գործուղել» են վրացի ընտանիքների հետ ժամանակավորապես ապրելու եւ տեղի հանրակրթական դպրոցներ հաճախելու:
«Թեեւ ծրագրին մասնակցել ցանկացողները շատ էին՝ մոտ 100 հոգի, բայց ընդամենը 18 աշակերտի համար էր տեղ հատկացված: Հատուկ այս նպատակով կազմված վրացերեն թեստավորման եւ բանավոր հարցազրույցի արդյունքում ընտրվեց 18 աշակերտ, որոնցից 7-ը Նինոծմինդայից էին, իսկ 11-ը՝ Ախալքալաքից»,- հավաստեց աշակերտների փոխանակման ծրագրի Սամցխե-Ջավախքի համակարգողը: Նա նաեւ տեղեկացրեց, որ մասնակիցների ընտրությունը մրցութային կարգով է անցկացվել, այսինքն՝ ընտրել են նրանց, ովքեր քիչ թե շատ տիրապետել են վրացերենին: Սա, Ն. Գրիգորյանի հավաստմամբ, ունի իր հասկանալի պատճառը. «Քանի որ երեխաները պետք է վրացական դպրոցներում սովորեին, անհրաժեշտ էր գոնե որոշ չափով իմանալ լեզուն»:
Ընտրված աշակերտները օգոստոս ամսին այցելել են Գոնիո գյուղաքաղաք, ուր շփվել են Բոլնիսից եւ Մառնեուլիից ժամանած իրենց հասակակիցների հետ, ինչպես նաեւ՝ օրական 4 ժամ վրացերենի պարապմունքների հաճախել: Ապա՝ սեպտեմբերի 21-ից դեկտեմբերի 24-ը, նրանք ժամանակավորապես բնակվել են Աջարիայի՝ Գոնիո, Սարպի, Կախաբերի, Ճառնալի, Խելվաչաուրի գյուղերի այն վրացաբնակ ընտանիքներում, որտեղ իրենց հասակակից երեխաներ են եղել: Նարինե Գրիգորյանը պատմեց, որ այդ ժամանակահատվածում Ախալքալաքից եւ Նինոծմինդայից ընտրված աշակերտները հաճախել են վրացական դպրոցներ, որոնց ամսական 200 լարի է տրամադրվել՝ երեխաներին հյուրընկալած դասարանների համար էքսկուրսիաներ կազմակերպելու եւ ճանաչողական այցեր իրականացնելու նպատակով: Ծրագրի Սամցխե-Ջավախքի համակարգողը հավաստեց, որ նախագծի հովանավորների կողմից նաեւ ամսական 100 եվրո է հատկացվել հայ աշակերտներին հյուրընկալած վրացի ընտանիքներին, իսկ երեխաներին՝ ժամանակավորապես տրամադրվել բջջային հեռախոսներ հարազատների հետ կապ հաստատելու, ինչպես նաեւ որոշակի գումար (ամսական)՝ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար:
Իրականացվել է նաեւ «գործուղման» մեկնածների հանդիպումը՝ ծնողների եւ դպրոցի տնօրենների հետ: Իսկ ինչ վերաբերում է ծրագրի մասնակիցներին, ապա նրանք այսօր ոչ միայն տիրապետում են վրացերենին ու ստացել են համապատասխան վկայագրեր, այլեւ՝ ընկերացել են իրենց հյուրընկալած վրացի ընտանիքների եւ ժամանակավոր դասարանցիների հետ: Ծրագրի Սամցխե-Ջավախքի համակարգողը հայտնեց, որ նախագծի մասնակիցներին տրամադրված վկայագրերը կարող են էապես օգնել, եթե վերջիններս ուսումնառության նպատակով դիմեն Բաթումի համալսարան: