Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս ավանդապաշտ ջավախայերը, հավատարիմ մնալով նախնիների ավանդույթներին եւ ծիսակարգերին, 2009 թվականը դիմավորեցին լիառատ տոնական սեղանների շուրջ՝ բարձր տրամադրությամբ:
Թեեւ աստղագուշակներն այս տարի խորհուրդ էին տվել ամանորյա սեղանները զերծ պահել մսեղենի «ներկայությունից» ու ավելի շատ նախապատվությունը տալ բուսական կերակուրներին, սակայն հայկական ավանդական ուտեստների սիրահար ջավախահայերը մսեղենից չէին հրաժարվել: Ջավախահայ ընտանիքներում պարտադիր է դարձել սեղաններին ունենալ հայկական ավանդական տոլման ու կոնյակը: Իհարկե, կան տանտիկիններ, որոնք հյուրերին զարմացնում են նաեւ վրացական խոհանոցի համեղ ուտեստներով՝ սացիվիով, կուպատիով, աչմայով…
Ու թեեւ Ախալքալաքի կենտրոնական հատվածում ժամանակավորապես «հանգրվանած» տոնական եղեւնին կազմ ու պատրաստ սպասում էր գալիք տարվան, բայց հատուկ կազմակերպված ամանորյա միջոցառում տեղի չունեցավ, ինչը, սակայն, ամենեւին էլ չխանգարեց ջավախահայերին բարձր տրամադրությամբ այցելել ծանոթների տները՝ շնորհավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Տեղաբնակներն այս հարցում անվերապահորեն հետեւում են ավանդական խորհրդին՝ Ամանորը դիմավորելով միայն ընտանիքների հետ՝ սեփական օջախներում: Ու քանի որ ջավախահայերի մեծամասնության հիմնական աշխատավայրն արտասահմանն է, ապա Նոր տարին եւս մեկ հոյակապ առիթ է՝ նրանց տուն վերադարձնելու եւ ստիպելու սեփական հարկի տակ Ամանորը դիմավորել:
Ախալքալաքի երիտասարդության շրջանում արդեն մի քանի տարի է, ինչ ձեւավորվել է սովորույթ՝ դեկտեմբերի 31-ի գիշերը (Նոր տարին ընտանիքներում դիմավորելուց հետո) պարտադիր այցելել քաղաքի հայկական Սբ. Խաչ եկեղեցի եւ հատուկ նպատակադրմամբ մոմ վառել՝ ամանորյա երազանքների եւ իղձերի կատարման ուղին լուսավորելու նպատակով: Եվ հենց այս օրը, Ջավախքի առաջնորդական փոխանորդության կողմից, եկեղեցի այցելած բոլոր քրիստոնյա ջավախահայերը «պարգեւատրվում» են տոնական նվեր-օրացույցներով…
Եթե փորձենք հետադարձ հայացք գցել ու վերհիշել 2008 թվականը, ապա այս առնչությամբ անկարելի է չնկատել Ախալքալաքում կատարված բարեկարգումներն ու բարեփոխումները: Հատկապես տեղի բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին Ախալքալաքի գազիֆիկացումից: Նրանցից մի քանիսը հույս հայտնեցին, որ շրջանում էժան գազի առկայությունն էականորեն մոռացնել կտա փայտի վառարանների եւ վառելափայտի ձեռքբերման երկարուձիգ գործընթացի, ինչպես նաեւ գրեթե ամիսը մեկ անգամ նորացվող գազաբալոնների մասին:
Տեղացիները, իրոք, խանդավառությամբ ընդունեցին նաեւ քաղաքի կենտրոնական փողոցների ասֆալտապատման, ինչպես նաեւ շրջանի գյուղեր տանող՝ երկար ժամանակ խնամքից զուրկ բազմաչարչար ճանապարհահատվածների հողահարթեցման աշխատանքները: Ի դեպ, միայն Ախալքալաքի կենտրոնական ճանապարհահատվածների ասֆալտապատման համար շրջանային բյուջեից հատկացվել էր մոտ 1.000.000 լարի:
Այս առումով նաեւ ողջունելի է շրջանի գյուղերի հիմնախնդիրների ուսումնասիրման եւ այդ ուղղությամբ՝ Ախալքալաքի շրջանային վարչության կողմից արդեն իսկ որոշակի քայլերի ձեռնարկումը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ազավրեթ գյուղում ջրատար անցկացնելուն, որի շինարարական աշխատանքներն իրականացվել են հենց գյուղաբնակների մասնակցությամբ:
Հավելենք, որ 2008-ը բարենպաստ էր նաեւ ջավախահայ մարզասերների համար: Սակայն ասվածը բնավ էլ Ախալքալաքում տեղակայված նոր արհեստական մարզադաշտերի մասին չէ (ինչպես նաեւ քաղաքում գործող մարզադահլիճի), որոնք հնարավորություն են տալիս առավել հաճախակի մասնագիտական պարապմունքներ կազմակերպել, այլ նրա, որ տեղացի մարզիկներն անցած տարում մասնակցելով տարբեր սպորտային մրցաշարերի ու միջոցառումների՝ նվաճեցին առաջնակարգ մրցանակներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է համահայկական խաղերին, որի ընթացքում Թեհրան ուղեւորված ջավախահայ վոլեյբոլիստները նվաճեցին արծաթե մեդալ: