Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է տանելու քանաքեռցիների աղբը

Հունվար 15,2009 00:00

Արդեն քանի տարի է՝ ոչ մի կերպ չի լուծվում Թբիլիսյան խճուղու՝ Շամպայն գինիների գործարանից մինչեւ «Գրանդ Սան» ընկերություն (նախկին Լամպերի գործարան) տանող ճանապարհահատվածի աղբահանության հարցը: Գրեթե ամեն օր խճուղու երկայնքով աղբակույտեր են գոյանում: Նշյալ հատվածում ապրող բնակիչների խոսքերով, եթե ձմռանը աղբակույտերը փողոցի միայն գեղագիտական տեսքն են փչացնում, ապա եղանակները տաքանալուն պես այդ հատվածում հակասանիտարական վիճակ է ստեղծվում, ու գարշահոտությունից մարդիկ պարզապես խեղդվում են: Նշենք, որ Թբիլիսյան խճուղու մի կողմը պատկանում է Արաբկիր համայնքին, մյուս կողմը՝ Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի հաշվեկշռում է: Ճիշտ է, աղբը կուտակվում է հիմնականում Արաբկիրի հատվածում, սակայն այն այդտեղ են թափում Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչները: Նրանք չեն համաձայնում, որ աղբամանները տեղադրվեն փողոցի՝ իրենց մայթին, պատճառաբանելով, որ չեն ուզում աղբարկղերի հարեւանությամբ ապրել: Եվ որպեսզի աղբն իրենցից հեռացնեն, քանաքեռցիներն այն լցնում են հարեւան համայնքի տարածք: Նշենք, որ մի քանի տարի առաջ խնդիրը լուծելու համար այս 2 համայնքների միջեւ ներքին պայմանավորվածություն ձեռք բերվեց. Արաբկիրի թաղապետարանը պարտավորվել էր Քանաքեռի այդ փողոցի բնակիչների աղբահանությունն իրականացնել, պայմանով, որ աղբահանության վարձը քանաքեռցիները մուծեն Արաբկիր թաղապետարանին: Սակայն միայն վերջինս էր իր գործը պարտաճանաչ կատարում, Քանաքեռ-Զեյթունի բնակիչները, ինչպես Արաբկիր համայնքի պատասխանատուներն են բազմիցս նշել, ամիսներով աղբահանության վարձ չեն վճարել, ինչի պատճառով արդեն քանի ամիս է՝ Արաբկիրի թաղապետարանը հրաժարվել է քանաքեռցիների աղբը տանել:
Երեկ «Առավոտը» Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի վերահսկողության բաժնի պետ Արամ Խաչատրյանից, որը համակարգում եւ վերահսկում է համայնքում կատարվող սանմաքրման, ձյան մաքրման եւ աղբահանության աշխատանքները, հետաքրքրվեց, թե ո՞վ է տանելու քանաքեռցիների աղբը: Պարոն Խաչատրյանը հաստատեց, որ այդ հատվածի աղբահանությունն իսկապես լուրջ խնդիր է, սակայն ասաց, որ ծրագրել են մոտ օրերս հարցը լուծել. «Նախ, բնակիչները պետք է պարտաճանաչ մուծեն աղբահանության վարձերը, եւ երկրորդ՝ պետք է համաձայնություն տան, որպեսզի փողոցի իրենց հատվածում աղբամաններ տեղադրենք, ու մենք իրականացնենք աղբահանությունը: Դա ժամանակի խնդիր է»:
Նշենք, որ Թբիլիսյան խճուղին մայրաքաղաք մտնող գլխավոր փողոցներից է, եւ Երեւանի մասին առաջին կարծիքը մարդիկ կազմում են այդ փողոցի կեղտոտ ու հակասանիտարական վիճակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել