Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների լուրջ ճգնաժամ Հայաստանում

Հունվար 15,2009 00:00

\"\"Human Rights Watch-ը երեկ հրապարակել է իր զեկույցը

«2008 թ. Հայաստանն ապրել է քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ամենալուրջ ճգնաժամը անկախությունից ի վեր»,- փաստում է Human Rights Watch հեղինակավոր միջազգային կազմակերպությունը երեկ հրապարակած զեկույցում: «Միջազգային փորձագետների համոզմամբ, մարտի 1-ին անվտանգության ուժերը անհամարժեք ուժ են կիրառել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ, իսկ մարտի 1-ից հետո հայտարարված արտակարգ դրությունը ժամանակավորապես սահմանափակել է մի շարք հիմնարար իրավունքներ: Երկու գործողություններն էլ լայն քննադատության են արժանացել միջազգային հանրության կողմից»,- փաստում է Human Rights Watch-ը:
Թվարկելով անցած տարի տեղի ունեցած հիմնական իրադարձությունները՝ զեկույցի հեղինակները գրում են. «Փետրվարի 19-ի ընտրություններում հաղթեց վարչապետ Սերժ Սարգսյանը, սակայն այդ ընտրության վրա ստվեր գցեցին քվեարկության օրը տեղի ունեցած բռնություններն ու կեղծիքները»: Անդրադառնալով հետընտրական զարգացումներին՝ հեղինակավոր կազմակերպությունը փաստում է. «Ընդդիմության հիմնական թեկնածուի՝ Lեւոն Տեր-Պետրոսյանի հազարավոր աջակիցներ ընտրություններից հետո սկսեցին բողոքի ցույցեր անցկացնել Երեւանի կենտրոնում, որոնք 10 օր շարունակ խաղաղ բնույթ էին կրում: Մարտի 1-ին, սակայն, ոստիկանության հատուկ ուժերը հակամարտության մեջ մտան ցուցարարների հետ, նրանց նկատմամբ անհամաչափ ուժ գործադրեցին, մահակներով ծեծի ենթարկեցին եւ հարձակվեցին փախուստի դիմող ցուցարարների վրա»: Նշված է, որ բռնություններ են արձանագրվել նաեւ ցուցարարների կողմից. մի քանիսը քարեր են նետել եւ մեքենաներ այրել:
Հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալելուց հետո, ըստ իրավապաշտպան կազմակերպության, ոստիկանները մի շարք ընթացակարգային խախտումներ են թույլ տվել, այդ թվում՝ ազատազրկվածներին զրկել են արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, փաստաբանից: Իսկ դատաքննության ընթացքը կասկածներ է առաջացրել արդար դատավարության վերաբերյալ. «Մի շարք կալանավորներ դատապարտվեցին բացառապես ոստիկանության ցուցմունքների հիման վրա եւ արագացված դատավարությամբ»:
Զեկույցի համաձայն, անցած տարվա ընթացքում ոտնահարվել է նաեւ խոսքի ազատության իրավունքը, բռնություններ են կիրառվել իշխանություններին քննադատող լրագրողների նկատմամբ: Human Rights Watch-ի հաղորդմամբ, տարվա ընթացքում ոտնահարվել է նաեւ մարդկանց՝ ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը. «Կառավարությունը մերժել է ընդդիմության բազմաթիվ դիմումները՝ մարտի վերջին հրապարակային ցույցեր անցկացնելու վերաբերյալ, առնվազն 90 մարդ ձերբակալվել է՝ խաղաղ քաղաքական զբոսանքների մասնակցելու համար»:
Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, խոշտանգումներն ու ազատազրկվածների նկատմամբ վատ վերաբերմունքը մնում են լայնորեն տարածված երեւույթ Հայաստանի բանտերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել