Երեւանի քաղաքապետի ու ավագ դատախազի որոշումներն իրար չեն «բռնում»
Երեւանի Զաքիյան փողոցի 2-րդ շենքի 22 բնակարանի սեփականատեր Գրեզելդա Ղազարյանը, ունենալով միայն ճարտարապետահատակագծային առաջադրանք, 2007թ. հոկտեմբերին ձեռնարկել է ձեղնահարկի ապօրինի կառուցապատման աշխատանքներ: «Առավոտի» խմբագրությանը դիմած նշված շենքի բնակիչների խոսքերով, Գ. Ղազարյանը անձրեւների ժամանակ քանդել է թաղապետարանի կողմից նոր վերանորոգված տանիքը: Ըստ նրանց, արդյունքում՝ անձրեւներից հեղեղվել է 4-5 բնակարան, որի նյութական վնասները մեծ են: Տեղի տալով շենքի բնակիչների բազմաթիվ դիմում-բողոքներին, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը 2008 թ. հունվարի 25-ի որոշմամբ չեղյալ է հայտարարել ճարտարապետահատակագծային առաջադրանքը եւ Գրեզելդա Ղազարյանին պարտավորեցրել է վերացնել իրավախախտման հետեւանքները, տարածքը բերել նախնական տեսքի: Քաղաքապետը նաեւ փաստել է, որ Գ. Ղազարյանը շինարարական աշխատանքները ձեռնարկել է առանց քաղաքաշինական ամբողջական փաթեթի առկայության, ինչի համար նա տուգանվել է 200 հազար դրամով: Բնակիչների խոսքերով, տանիքը վերականգնել է Կենտրոնի թաղապետարանը եւ դիմել դատախազություն՝ դատական կարգով տանիքի վերականգնման համար ծախսած գումարը Գ. Ղազարյանի կողմից հատուցելու պահանջով: «Կենտրոնի ոստիկանության քննիչը, հավաքելով պատշաճ ապացույցներ եւ անկախ փորձագետների կողմից իրականացնելով վնասված բնակարանների ուսումնասիրություն, հայտարարեց, որ Գրեզելդա Ղազարյանն իրեն ասել է, թե ինքը ոչ թե քանդել է տանիքը, այլ ընդհակառակը՝ վերանորոգել: Գրագետ իրավաբանի կողմից արված նման արտահայտությունը քաղաքապետի որոշումների եւ փորձագետների եզրակացության առկայության պայմաններում՝ չենք կարող դիտարկել այլ կերպ, քան զանցանքը ծածկելու փորձ: Նշված ապօրինությունների կատարման գործում Գ. Ղազարյանի հանձնակատար է հանդիսացել նրա փեսան՝ Գեւորգ Հովսեփյանը: Նա բոլորին ներկայանում է որպես ԱԱԾ աշխատակից»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նշեցին վնասված բնակարանների տերերը: Նրանք նամակով դիմել են նաեւ ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, նշելով. «Մի բան պարզ չէ, ո՞վ է ասել այդ Գեւորգ Հովսեփյանին, որ ԱԱԾ աշխատակից լինելը ազատում է օրենքի առջեւ պատասխանատվություն կրելուց»:
Նամակով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ Ա. Անդրեասյանին է դիմել նաեւ Զաքիյան 2 շենքի կառավարիչը, նշելով, որ Գ. Հովսեփյանը, քանդելով շենքի տանիքը, նպատակ է ունեցել կառուցել 100 քմ մակերեսով ձեղնահարկ: Բացի այդ, ծածկ չլինելու պատճառով անձրեւաջրերը լցվել են թիվ 9, 12, 19, 24 բնակարանները եւ շարքից հանել ներքին հարդարանքը: Նշված բնակարանների բնակիչներին հատկապես զայրացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ դատախազ Ա. Գալստյանի 2008 թ. հոկտեմբերի 10-ի որոշումը, որով Կենտրոնի քննչական բաժնում քննված քրեական գործի վարույթը կարճվել է եւ Գ. Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ավագ դատախազի ներկայացմամբ, գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ Գ. Հովսեփյանին մեղսագրվող արարքը ապացուցված չէ եւ այն հանցակազմ չի պարունակում: Նա ցուցմունք է տվել, որ շենքի տանիքը քանդել է նորոգելու նպատակով, քանի որ անձրեւաջրերը լցվել են իր զոքանչի՝ Գ. Ղազարյանի բնակարանը: Այդ նպատակով շենքի մոտ է բերել վերամբարձ կռունկ, շինանյութ եւ վարձել է վերանորոգող բանվորներ, սակայն շենքի բնակիչները խոչընդոտել են այդ գործընթացը եւ թույլ չեն տվել տանիքում շինաշխատանքներ կատարել: «Ինչ վերաբերում է մի քանի բնակարանների ներքին հարդարանքին պատճառված վնասին, ապա ՀՀ ՓԿ ՊՈԱԿ-ի 2008 թ. մարտի 17-ի եզրակացության համաձայն, Զաքիյան փողոցի 2 շենքի թիվ 9 բնակարանի ներքին հարդարանքին պատճառված վնասի չափը 2007թ. հոկտեմբերի դրությամբ, շուկայական միջին արժեքից ելնելով, կարող է կազմել 158 061 դրամ, թիվ 12 բնակարանինը՝ 258 628 դրամ, թիվ 19 բնակարանինը՝ 423 036 դրամ»,- ասված է դատախազի որոշման մեջ: Նա հիմնավորված է համարել, որ նշված բնակարանների ներքին հարդարանքին վնասը պատճառվել է անձրեւաջրերի հոսքի հետեւանքով, որոնք թափանցել են Գ. Հովսեփյանի կողմից տանիքը քանդելու պատճառով: Դատախազն, անտեսելով վնասների չափը, համարել է, որ առկա է անզգուշությամբ ուրիշի գույքը վնասելու հանգամանք եւ Գ. Հովսեփյանի արարքում բացակայում է ՀՀ քրօրի 186 հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմ, որը կառաջացներ քրեական պատասխանատվություն: Տուժած բնակիչները պատրաստակամություն հայտնեցին դիմել բոլոր պետական մարմիններին եւ իրենց կրած վնասների համար արդարացի հատուցում ստանալ, որը մինչ օրս չեն ստացել: Նրանք ՀՀ ոստիկանապետից ու գլխավոր դատախազից պահանջում են գործընթացը վերցնել իրենց հսկողության տակ եւ խնդրին լուծում տալ:
Հ. Գ. Պարզաբանումներ ստանալու համար մի քանի անգամ եղել ենք վիճելի տարածքում: Երեկ, ինչպես նախորդ անգամ, Գ. Ղազարյանի բնակարանի դուռը հայտնաբերել ենք փակ: