ՀՀ պաշտոնյաներին ու օլիգարխներին պատկանող հարյուրավոր
ընկերություններ Սեւանի տարածքը զավթել ու կառուցապատում են կատարել:
«Սեւան» ազգային պարկի տարածքը ով ոնց ուզել՝ տնօրինել է, ով որտեղ հասցրել՝ օբյեկտ է կառուցել, անգամ այն հատվածներում, որտեղ, ըստ օրենքի, հողհատկացում, առավել եւս՝ շինթույլտվության իրավունք չէր կարելի տալ: Երեկ Վերահսկիչ պալատն իր հերթական բացահայտումների ժամանակ պարզել է, որ «Սեւան» ազգային պարկի տարածքում կա 904 հողօգտագործող, որոնք տարբեր տարիների ընթացքում ստացել են հողօգտագործման իրավունք, սակայն այդ 904-ից 227-ը շինարարություն է կատարել 1908 մետր նիշից ցածր վայրերում, ինչը «Սեւանա լճի մասին» օրենքով արգելված է: Այդ բացահայտումներից պարզվել է նաեւ, որ «Սեւան» ազգային պարկի տարածքում 142 ինքնակամ շինություն է կառուցվել: Ստուգումների արդյունքում 62 հողազավթման դեպք է արձանագրվել, այսինքն՝ հողը վերցրել են առանց թույլտվության եւ այդ տարածքում ինչ ուզել՝ կառուցել են: Պարզվում է, եթե անգամ օրենքով թույլատրելի հատվածներում են շինարարություն կատարել, ապա կառուցապատողները հարկ չեն համարել որեւէ պատկան մարմնից դրա համար շինթույլտվություն ստանալ:
«Եթե ընդհանուր նայենք, ապա պետք է ասեմ, որ 904 հողօգտագործողից 492-ը դեռեւս ոչ մի աշխատանք չի արել, այսինքն՝ միայն ստացել են իրավունք, մնացած 412-ը տարբեր բնույթի աշխատանքներ է կատարել: 412 դեպքից շինթույլտվություն է ստացել ընդամենը 25-ը: Մնացածներն անօրինական են: Այս իրավիճակի թիվ 1 պատճառն այն է, որ «Սեւան» ազգային պարկն ունի 3-4-5 տեր: Այսինքն՝ բնապահպանության նախարարությունն իր հերթին է թույլտվություն տալիս, պարկի տնօրինությունը՝ իր հերթին, համայնքային ղեկավարությունն՝ իր, եւ այլն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նրա խոսքերով, մինչ այս խնդիրը նիստում քննարկելը, դիմել է կառավարությանը, ինչի արդյունքում որոշվել է, որ այսուհետեւ «Սեւան» ազգային պարկին առնչվող ցանկացած որոշում՝ կլինի վարձակալություն, թե շինթույլտվություն, պետք է կայացնի միայն ՀՀ կառավարությունը: Նկատենք, որ հենց կառավարության անդամներից շատերը Սեւանա լճի տարածքում 1908 մետր նիշից ցածր վայրերում օբյեկտներ ու հողատարածքներ ունեն, եւ չի բացառվում, որ կառավարությունն էլ տարածքներ կբախշի: Լրագրողների այն հարցին՝ պալատի նախագահն ունի՞, արդյոք, տվյալներ, թե տարածքում ո՛ր պաշտոնյաները սեփականություն ունեն, Ի. Զաքարյանն ասաց. «Այդ պաշտոնյաները սովորաբար ուրիշի անվան տակ են գործում, ես կարող եմ այդ ՍՊԸ-ների անունները տալ, գուցե լրագրողները կարողանան բացահայտել, թե ովքեր են նրանց հետեւում կանգնած»:
Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել նաեւ բնապահպանության նախարարությունում եւ շուրջ 226 միլիոն դրամի խախտումներ արձանագրել: Այդ խախտումների մեծ մասը պալատը որակել է որպես անարդյունավետ ծախսեր: Օրինակ՝ նախարարությունը մոտ 80 մլն դրամով ձեռք է բերել հիդրոլոգիական նավ, սակայն պետբյուջեի հաշվետվություններում ներկայացրել է 153 միլիոն դրամ: «Մի տարօրինակ դեպք էլ ենք արձանագրել. Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոն դարձնելու համար 31.7 միլիոն դրամ է տրամադրվել, որպեսզի միկրոօդերեւութաբանական սարք գնվի: Սա, իհարկե, համարում եմ, որ անհրաժեշտ բան է, սակայն սարքը գնվել է, հետո պարզվել է՝ այն տեղադրելու համար շենք չկա: Դրա համար էլ այդ ծախսերը եւս որակել ենք անարդյունավետ»,- ասաց Ի. Զաքարյանը: Նրա ներկայացմամբ՝ այդ գումարները պետք է վերադարձվեն պետբյուջե, իսկ այն ընկերությունները, որոնք կհրաժարվեն կամ չեն ընդունի իրենց սխալը, նրանց գործերը պալատը կուղարկի դատախազություն: Պարոն Զաքարյանի այն հավաստիացումից հետո, որ այսուհետեւ պալատը շատ խիստ է լինելու, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց. «Պարո՛ն Զաքարյան, այդ ի՞նչ է պատահել, որ այսուհետե՛ւ պետք է խիստ լինեք, ինչ-որ բա՞ն է փոխվել, ասե՛ք՝ մենք էլ իմանանք: Եվ հետո, ստացվում է, գողանում են՝ հետո էլ մեղա գալիս: Ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ»: «Ոչինչ էլ չի փոխվել, պարզապես շատ խիստ ենք լինելու: Իսկ պալատն ընդամենը խախտումներ արձանագրող է, ոչ թե պատժող»,- պատասխանեց Ի. Զաքարյանը:
Խախտումներ են գրանցվել նաեւ Դավիթաշենի թաղապետարանի գործունեության մեջ: Պարոն Զաքարյանի բնորոշմամբ՝ այստեղ էլ են եղել տարօրինակ խախտումներ. «Անհասկանալի է, թե թաղապետարանը ինչպես է վաճառել քաղաքապետարանի կողմից տրամադրված մի քանի հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողերը»: