Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

100 000 դրամ՝ հեռուստաաշտարակի համա՞ր

Հունվար 15,2009 00:00

Գյումրիի նորընտիր ավագանին այսպիսի պայման է դրել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության առաջ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրիի քաղաքապետարանի եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության միջեւ հեռուստաաշտարակի համար ծագած վիճաբանության քննարկումը: Հիշեցնենք, որ անցած տարի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը ցուցադրելուց հետո, Գյումրիի քաղաքապետին հրահանգվեց հապշտապ սեփականաշնորհել տեր չունեցող հեռուստաաշտարակը ու այն ազատելու պահանջով դատի տալ «ԳԱԼԱ»-ին, այսինքն՝ կարճ ասած, եթերազրկել ու փակել հեռուստաընկերությունը: Սակայն գործը հասավ վճռաբեկ դատարան ու, միջազգային ճնշումների ներքո, վճռաբեկը նորից այն քննության ուղարկեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Թվում էր, թե այս ամենից հետո Գյումրիի քաղաքապետարանը պիտի հետ վերցներ իր հայցը՝ հաշտության պայմանագիր կնքելով «ԳԱԼԱ»-ի հետ: Սակայն դատը սկսվելուն պես ծանոթացանք մի զավեշտալի փաստաթղթի. մեր ձեռքի տակ է Գյումրիի նորընտիր ավագանու փակ որոշումներից մեկը, որով վերջինս «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանից պահանջում է հեռուստաաշտարակը վարձակալելու համար ամսական վճարել 100 հազար դրամ: Եվ սա այն դեպքում, երբ հեռուստաընկերությունը օգտագործում է հեռուստաաշտարակի ընդամենը մի մասը: Ընդ որում, հեռուստաաշտարակը վարձակալության են տրամադրում 1 տարի ժամկետով:
Մի ուշագրավ հանգամանք եւս. ավագանու կազմած փաստաթուղթը հետաքրքիր կետեր է պարունակում. տեղեկացանք, որ հեռուստաաշտարակի տարածքի գույքը պատկանում է Կումայրի արգելոց- թանգարանին, հետեւաբար՝ «ԳԱԼԱ»-ն պարտավոր է տարածքը ազատել քաղաքապետարանի առաջին իսկ պահանջով: Իսկ թե ո՞ր օրվանից է հեռուստաաշտարակը դարձել արգելոցի անբաժանելի մաս, ավագանին, իհարկե, հարկ չի համարել նման «մանրուքների» մեջ խորանալ:
Ամենաաբսուրդն այն է, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը ամենեւին տեղյակ չի եղել, որ ավագանին Ամանորի կապակցությամբ՝ 2008թ. դեկտեմբերի 25-ին, որոշել է իրեն «լավություն անել»՝ հեռուստաաշտարակը խլելու փոխարեն՝ 1 տարի ժամկետով այն վարձակալության տրամադրել: Ավագանին Վահան Խաչատրյանին առաջարկել է երկօրյա ժամկետում ներկայանալ քաղաքապետարան՝ պայմանագիր կնքելու համար, սակայն որոշումը «ԳԱԼԱ»-ի սեփականտիրոջը հասել էր ընդամենը երեկ: Իհարկե, այսպիսի շարադրանքով ու թիվ չունեցող որոշումը կասկածի առիթ է տալիս՝ իրականում եղե՞լ է ավագանու նիստ, թե՝ ոչ:
«ԳԱԼԱ»-ի շահերի պաշտպան Կարեն Թումանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես ունեմ փաստաթուղթ իմ ձեռքին, որ այս հեռուստաաշտարակը իրենց հաշվեկշռային արժեքում արժե 760 000 դրամ, հիմա, ըստ տրամաբանության, 760 000 դրամանոց գույքը արդյոք արժե՞ 100 հազար դրամ ամիսը, դա տարեկան գալիս է 1 միլիոն 200 հազար դրամ, այսինքն՝ իր արժեքից բարձ գին են իրենք ուզում: Իսկ թե ավագանու նիստ եղել է՝ չի եղել, չեմ ուզում նման կարծիքներով ծանրաբեռնվել, օրակարգում ո՞վ է առաջ քաշել հարցը, արդյո՞ք հրապարակվել է օրակարգը: Ես չգիտեմ մի դեպք, որ, օրինակ, մարդը տանը նստած լինի եւ իր համար իրավունք սահմանեն: Ըստ նախագծի, «ԳԱԼԱ»-ին տրամադրում են ամբողջ հեռուստաաշտարակը, իսկ «ԳԱԼԱ»-ի սեփականատերը ամբողջական ինֆորմացիա չունի հեռուստաաշտարակի մասին, նա միայն մի մասն է զբաղեցնում եւ պարտադրում են, որ պահպանման ծախսերը պետք է կրի «ԳԱԼԱ»-ն»: Քաղաքապետարանի իրավաբան Արա Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «100 հազար դրամը, մեր տեղեկություններով, շատ ավելի պակաս է, քան այլ հեռուստաընկերություններ վճարում են Գյումրի քաղաքում գտնվող մեկ այլ հեռուստաաշտարակ վարձակալելու համար: Նրանք տարիուկես դիմում էին քաղաքապետարան, մենք էլ պատրաստ ենք վարձակալության տրամադրել, բայց հիմա դեմ են վարձակալությանը: «ԳԱԼԱ»-ն, ի վերջո, բիզնեսով է զբաղվում, շահույթ է ստանում, թող մաս հանի քաղաքի բյուջեին, ի՞նչ է եղել»:
Երեկ դատարանը բավարարեց «ԳԱԼԱ»-ի փաստաբանի միջնորդությունը՝ կասեցրեց գործի վարույթը դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել