«Նախքան անավարտ նորակառույցում էժանացված գնով բնակարան
գնելը՝ համոզվե՛ք, որ կառուցապատողն ի վիճակի է շինարարությունն ավարտին հասցնել»,- խորհուրդ են տալիս անշարժ գույքի շուկայի փորձագետները:
Անցած տարին Հայաստանի անշարժ գույքի շուկայի համար վերջին 7 տարիներից ամենաանբարենպաստն էր: Դեռեւս տարեսկզբին շուկայում գրանցվեց գնանկում՝ կապված նախագահական ընտրությունների եւ մարտիմեկյան իրադարձությունների հետ: Հետագա ամիսների կայունացման միտումն ընդհատվեց օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի եւ անմիջապես դրան հետեւած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով: Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ նույնիսկ Ռուսաստանում անշարժ գույքի գները շեշտակիորեն ընկնում էին մինչեւ 15%, հայկական շուկայում լիակատար հանգստություն էր: Փորձագետներից շատերն անգամ կանխատեսում էին, որ ճգնաժամը կշրջանցի մեր անշարժ գույքի շուկան: Սակայն որքան էլ Հայաստանի տնտեսությունը մեկուսացված է, այսինքն՝ կտրված միջազգային իրողություններից, այնուամենայնիվ, անշարժ գույքի շուկայի դեպքում արտերկրի հետ կապը խիստ զգալի է, քանի որ այստեղ պահանջարկի մի զգալի մասը ձեւավորվում է ի հաշիվ սփյուռքահայերի եւ օտարերկրյա տրանսֆերտներով բնակարաններ ձեռք բերող շերտի: Ուստի՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամն ուղղակիորեն ազդեց նախեւառաջ հենց այդ շերտի վրա, ինչն էլ իր դրսեւորումն ունեցավ տեղական անշարժ գույքի շուկայում: Արդեն հոկտեմբերի վերջերին գրանցվեց պահանջարկի կտրուկ անկում: Ըստ անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող «Էսկո» ընկերության խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանի՝ 2008 թ. օգոստոսի համեմատությամբ՝ անշարժ գույքի շուկայում գրանցվել է պահանջարկի 25% անկում, սակայն այդ անկումն, ըստ նրա, ոչ թե ծավալային է, այլ հոգեբանական. «Պահանջարկ, ըստ էության, կա, ուղղակի գույքի ձեռքբերման գործարքների իրականացումը հետաձգվում է, ակնկալիքով, որ մի քանի ամիս անց ավելի ցածր գնով հնարավոր կլինի ձեռք բերել այդ նույն գույքը»:
Չնայած դրան՝ շինարարական ընկերությունները դեռ չեն շտապում վերանայել գնացուցակները: Երեւանի կենտրոնում կառուցապատման խոշոր ծրագրեր իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Մելիքյանը հավաստիացնում է, որ իրենց առաջարկած գներն ի սկզբանե արդեն ամենաօպտիմալն էին շուկայում, ուստի իրենք գնային փոփոխություններ չեն կատարել եւ չեն էլ պատրաստվում: Պարոն Մելիքյանի կարծիքով, գները կէժանացնեն այն ընկերությունները, որոնք մինչ օրս աշխատել են ուռճացված թվերով: Գնային փոփոխություններ չեն ,նախատեսվում նաեւ «Տոնուս» ընկերությունում: Այստեղ եւս պնդում են, որ իրենց գներն արդեն իրատեսական են, եւ իրենք աշխատում են շատ փոքր շահույթով: Իսկ մեր այն դիտարկմանը, թե հեռուստատեսությամբ այս օրերին գովազդվում է, որ «Տոնուսի» բնակարանները կարող են 20% զեղչով ձեռք բերել, ընկերության տնօրեն Նշան Աբրահամյանն ասաց, որ դա պայմանավորված չէ գնանկումով, այլ զուտ ամանորյա ակցիա է:
Եվ եթե առայժմ անշարժ գույքի առաջարկը թե՛ ծավալի եւ թե՛ գնային առումով լուրջ փոփոխությունների չի ենթարկվել, արդեն իսկ փետրվարից այդ պատկերը, համաձայն «Էսկո» անշարժ գույքի գործակալության նախագահ Ս. Աղաբեկյանի կանխատեսումների, կփոխվի. «Առաջարկի ծավալը գնալով կնվազի, քանի որ առաջիկա ամիսների ընթացքում շինարարության գործընթացը կսառեցվի, եւ հնարավոր է կառուցապատման ծավալների 40-45% կրճատում»:
Թեեւ առայժմ գներն անփոփոխ են մայրաքաղաքի գրեթե բոլոր առաջատար շինարարական ընկերություններում, այնուամենայնիվ, կան նաեւ այնպիսիք, որոնք արդեն իսկ էական իջեցումներ են կատարել իրենց գնացուցակներում: Դրանք հիմնականում այն ընկերություններն են, որոնց գործունեությունն իրականացվում է վարկային ռեսուրսների հաշվին: Իսկ քանի որ 2008 թ. նոյեմբերից գործնականում հայաստանյան ոչ մի բանկ այլեւս վարկեր չի տրամադրում, այդ ընկերությունները հայտնվում են առավել ռիսկային գոտում: Փորձագետները խորհուրդ են տալիս զգուշանալ՝ նման ընկերություններից գույք գնել, քանզի ներկա իրավիճակում գների կտրուկ էժանացումը նշանակում է, որ այդ ընկերությունները գտնվում են դժվարին ֆինանսական կացության մեջ, այսինքն՝ չունեն բավարար դրամական ռեսուրսներ եւ հարկադրված գույքի գինը կտրուկ էժանացնում են՝ վարկային պարտավորությունները կատարելու համար: Եվ եթե հաշվի առնենք այն, որ մեծ մասամբ դրանք այն ընկերություններն են, որոնց օբյեկտները գտնվում են շինարարության նախնական փուլերում, ոչ մի երաշխիք չկա, որ նրանք առհասարակ կավարտեն այդ շենքերի շինարարությունը:
Իսկ թե մոտակա ամիսներին անշարժ գույքի շուկայում ինչ փոփոխություններ կլինեն, «Գլենդել Հիլզի» խորհրդի նախագահ Է. Մելիքյանի կանխատեսումներով՝ առաջիկայում գների նվազում չի լինի: Քանի որ, ըստ նրա, դրամական ռեսուրսների անբավարարության խնդիրն առաջին հերթին սպառողների մոտ է, եւ գների 15 կամ 20% իջեցումը նրանց համար որոշիչ չի լինի: «Տոնուս» ընկերության տնօրեն Նշան Աբրահամյանն էլ կարծում է, որ պահանջարկն այսօր էլ չի նվազել: Ըստ Ս. Աղաբեկյանի, 8-9 ամիս անց ունենալու ենք նորակառույց շենքերի դեֆիցիտ եւ, ի հաշիվ դրա՝ կգրանցվի գների աճ: