Մարտի 1-ի նախաքննական մարմինը վերջապես պարզել է ընդդիմության տարածած տեսաերիզում զինվորականների ներկայությամբ զինվող անձի ինքնությունը:
Այս մասին երեկ, վկայակոչելով Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, տեղեկացրել է «Ա1+»-ը: Ըստ այդմ, պարզվում է, որ այդ անձը «ՀՀ ՊՆ թիվ N զորամասի վարորդ Անդրեասյանն է, ով որպես վարորդ, իրեն ամրակցված ավտոմեքենայով, օգնության կարգով ներգրավված է եղել ՀՀ ոստիկանության ուժերի տեղաբաշխման գործընթացին: Իսկ ինքնաձիգը նրանը չէ, այլ՝ շարասյան ավագինը, ով տվյալ պահին իր անձնական կարիքները հոգալու համար հեռացել էր՝ ինքնաձիգը թողնելով վարորդի մոտ, ապա՝ վերցրել»: Վ. Հարությունյանի ասելով, Անդրեասյանը եղել է զորամասի վարորդը եւ վարել «Զիլ» մակնիշի ավտոմեքենա: Նա ամրակցված զենք չի ունեցել, իսկ իր մոտ, իբր, ի պահ տրված ինքնաձիգը մարտի 1-ին «չի օգտագործվել եւ դրանից որեւէ կրակոց չի արձակվել»: «Ա1+»-ը հիշեցնում է, որ տեսանյութում վարորդ Անդրեասյանը, չգիտես թե ինչու, իրեն ի պահ տրված զենքը գցում է ուսին եւ վրայից հագնում կաշվե բաճկոնը: Իսկ զինվորականների համար սահմանված կարգի համաձայն, զինծառայողը իրեն ամրակցված զենքը ստորագրում ստանում եւ ստորագրում հանձնում է, ու որեւէ զինծառայող պարզապես իրեն չէր կարող թույլ տալ, այն էլ՝ մարտի 1-ի խիստ պատասխանատու օրը, զենքը թողնել վարորդի մոտ՝ թեկուզ «կարիքները հոգալու նպատակով», առավել եւս, որ դա հետապնդելի արարք է զինծառայողի կողմից: Դեռ հայտնի չէ, թե այս արարքի համար արդյոք նրա նկատմամբ որեւէ պատժամիջոց կիրառվե՞լ է:
«Ա1+»-ի հարցին, թե՝ ինչո՞ւ էր այդ ժամին ՊՆ զորամասի վարորդը գտնվում այդտեղ, այն դեպքում, երբ այդ ժամին արտակարգ դրություն դեռեւս հայտարարված չէր, եւ արդյոք նա սադրելու դիտավորությա՞մբ չի զինվել, ինչի մասին բազմիցս ակնարկել են ընդդիմադիր գործիչները, ՀԿԳ քննիչը պատասխանել է, թե՝ «նման սադրողների առկայության մասին նախաքննական մարմնին ոչինչ հայտնի չէ», իսկ ինչ վերաբերում է տվյալ վարորդին, ապա՝ այո, «նա կառավարության շենքի մոտ է եղել ավելի վաղ, մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը, նրա հետ միասին՝ այլ վարորդներ, ովքեր իրականացրել են ոստիկանության ուժերի տեղափոխումը»: Պարզ չէ միայն, թե ՊՆ զորամասի վարորդն ինչո՞ւ է ծառայության ներկայացել ոչ թե զինվորական համազգեստով, այլ՝ քաղաքացիական հագուստով: Փաստացի Վ. Հարությունյանը հաստատել է «Մարտի 1»-ի իրադարձություններին ՊՆ-ի մասնակցությունը, ինչը պաշտոնատար անձինք բազմիցս էին հերքել: ՀՔԾ քննիչի մատուցմամբ, «մայրաքաղաքում այդ օրը հասարակական անվտանգությունը, կառավարական շենքերի պահպանությունն ապահովելու գործընթացին ներգրավված են եղել ոստիկանության ուժերը»: Իրենց տրամադրության տակ եղած տրանսպորտային միջոցների սղության պատճառով օգնության համար ոստիկանությունը դիմել էր ՊՆ-ին՝ խնդրելով տրամադրել ավտոմեքենաներ՝ իրենց վարորդներով: «Անդրեասյանն իրենց զորամասի մնացած վարորդների եւ ավտոմեքենաների ավագների հետ միասին եղել է ոստիկանության տրամադրության տակ եւ կատարել ոստիկանության զորքերի հրամանատարության հանձնարարությունները»,- ասել է Վ. Հարությունյանը: Նախաքննությունը պարզե՞լ է, թե ովքեր են դիմակավորված այն անձինք, որոնք դիմահար կրակ են բացել Լուսավորչի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա: Ի պատասխան «Ա1+»-ի այս հարցին՝ քննչական խմբի ղեկավարն ասել է, թե այդ անձինք ոչ թե դիմակավորված են, այլ կրում են սաղավարտներ, ինչը ոստիկանության զորքերի հանդերձանքի մաս է կազմում. «Այսինքն՝ նրանք ոստիկանության զորքերի ծառայողներ են, ովքեր օգտագործել են անգնդակ փամփուշտներ»: Հիշեցում՝ այդ անգնդակ փամփուշտների օգտագործման արդյունքում մարտի 1-ին մարդիկ են զոհվել: