Երեկ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Առավոտի» հետ զրույցում արձագանքել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ օրերս արած այն պնդումներին, թե՝ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում «ստեղծել է բավականին դրական քաղաքական իրավիճակ» եւ որպես դրա վկայություն՝ վկայակոչել էր ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին առ այն, թե՝ Հայաստանը առաջ է ընթանում քաղաքական բարեփոխումների ճանապարհով: «Եթե ԱՄՆ պետքարտուղարը իսկապես «քաղաքական բարեփոխումների առաջընթաց է» նկատում Հայաստանում, ապա ինչո՞ւ են շարունակաբար հետաձգվում իր իսկ ղեկավարության ներքո գործող «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով նախատեսված հատկացումները Հայաստանին: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը,- հարցնում է Վ. Կարապետյանը,- Նիկոյանի հանձնաժողովի մասին խոսելը անգամ ավելորդ է: Այն գործունեության 7 ամիսների ընթացքում ոչ մի զեկույց չի պատրաստել, դրա ղեկավարի գործը սահմանափակվում է ընդդիմության քննադատությամբ: Հանձնաժողովը իր տրամադրության տակ ունի տեսաձայնագրություններ, որոնցում պատկերվածը կարիք ունի պետական մարմինների հիմնավոր բացատրության, բայց ամիսներ անց որեւէ պաշտոնական արձագանքի մասին մեր հանրությունը չի տեղեկացել: Հանձնաժողովը մինչ օրս չի պարզել, թե որ պաշտոնյայի հրեշավոր հրամանով է ցերեկը փողոց դուրս եկել ծանր զրահատեխնիկան, պաշտպանության նախարարության տեխնիկան: Չէ՞ որ հենց այդ սադրիչ եւ ապօրինի գործողություններն էին հիմնական պատճառը, որ ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության: Հարկավոր էր պարզել եւ զեկուցել ժողովրդին, որ եթե չլիներ ցուցարարների՝ քաղաքով մեկ եղած ծեծուջարդը վաղ առավոտյան եւ իրավապահների մոտ քաղաքացիական հագուստով մարդկանց զինումը, միգուցե հնարավո՞ր լիներ խուսափել արյունահեղությունից»: