Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՁԵՎԱԿԱՆ ՊԱՏՐՎԱԿ

Հունվար 15,2009 00:00

Հայ ազգային կոնգրեսը երեկ անդրադարձել է հունվարի 13-ին տեղի ունեցած 7 քաղբանտարկյալների գործով դատավարության նիստին, որը հերթական անգամ հետաձգվել էր «7»-ի ոտքի չկանգնելու պատճառաբանությամբ: Այդ առնչությամբ Կոնգրեսի տարածած հայտարարության համաձայն, «քաղբանտարկյալների ոտքի չկանգնելը, ըստ էության, ձեւական պատրվակ է դատավարությունը չսկսելու համար, որովհետեւ նույն դատավորը Մարտի 1-ի գործով մի քանի այլ դատավարություններ է անցկացրել եւ դատավճիռներ կայացրել, որոնց ընթացքում եւս մեղադրվողները նրա մտնելու պահին ոտքի չեն կանգնել, եւ նա դա չի «նկատել»։ Նկատի ունենալով, որ «7»-ի դատավարության առաջին նիստում եւս քաղբանտարկյալների ոտքի չկանգնելը ամենեւին չխանգարեց դատական նիստն սկսելուն, որի ընթացքում դատավարության կողմերը հնարավորություն ունեցան պատշաճ կերպով ներկայացնել իրենց դիրքորոշումները, նաեւ դատավորը որոշեց թույլ տալ լրագրողներին անխափան ձեւով տեսագրել ու ձայնագրել նիստի ընթացքը, ՀԱԿ-ը փաստել է, թե հենց այդ օրվա փորձը ցույց տվեց, որ «բնականոն ու բաց դատավարության ընթացքում վարչախումբը շատ արագ հայտնվում է իրական մեղադրյալի կարգավիճակում», եւ հենց դա էր պատճառը, որ դատական հաջորդ երեք նիստերի ժամանակ դատավորը սկսեց կառչել ոտքի չկանգնելու փաստին՝ ամեն անգամ հետաձգելով նիստը՝ առանց այն սկսելու։
Կոնգրեսի համոզմամբ, դատավորի այսօրինակ վարքագծի պատճառն այն է, որ «վարչախումբն ի սկզբանե ուներ մշակված սցենար», այն է՝ մինչեւ ԵԽԽՎ լիագումար նիստը ավարտել դատավարությունը, ունենալ դատավճիռներ, «ուստիեւ՝ դատավորը առաջին օրը «չնկատեց» ոտքի չկանգնելով դատարանին հասցված «անարգանքը», իսկ երբ պարզ դարձավ, որ այդ ծրագիրը դատապարտված է ձախողման, կազմվեց երկրորդ սցենարը՝ սադրանքներով անկարգություններ հրահրել դատարանի դահլիճում, փակ դատավարության որոշում կայացնել եւ նույն ծրագիրն իրականացնել փակ դռների ետեւում, ինչը եւս տապալվեց»: Կոնգրեսի կարծիքով, այս ամենից հետո դատավորին այլ բան չի մնում, քան՝ պատրվակ որոնել դատավարությունը արհեստականորեն հետաձգելու համար: ՀԱԿ-ը երեկ պահանջում էր՝ «վերջ տալ դատական այս ֆարսին եւ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել