Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջ, սոցիալիստական Հայաստան

Հունվար 15,2009 00:00

Ճգնաժամը սոցիալիստներին վերածնման հույս է ներշնչում

«Ամբողջ աշխարհում ձախ ուժերի գաղափարախոսությունը սկսում է ակտիվանալ, քանի որ լիբերալ տնտեսությունը մտել է խորը ճգնաժամի մեջ: Շատերը միակարծիք են, որ ճգնաժամի խորքում հենց այդ արժեքային համակարգի սկզբունքներն են: Մենք վստահ ենք, որ սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական արժեքային համակարգը շատ ավելի առողջ է եւ ճգնաժամի հաղթահարման եթե ոչ միակ, ապա ամենառեալ տարբերակն է»,- «Առավոտի» հարցին երեկ այսպես արձագանքեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Վահան Շիրխանյանը: Արդյոք այսօր Հայաստանում հրատա՞պ է սոցիալիստական գաղափարախոսությունը՝ հարցադրման առիթը «Սոցիալիստական կոնֆերանս» անվամբ հանդիպումն էր, որին մասնակցում էին սոցիալիստական գաղափարախոսությանը դավանող կուսակցական եւ անհատ գործիչներ: Քննարկվող թեման էր՝ «Համակարգային ճգնաժամ-արմատական լուծումներ»: Սոցիալիստական ուժերի միությունը՝ ի դեմս Արա Նեդոլյանի, առաջարկում է համակարգային փոփոխությունից հետո ստեղծել ՀՀ քաղաքացիների հակաճգնաժամային կոմիտե, որն իր վրա կվերցնի վարկերը եւ օգնությունները ստանալու ու ճիշտ բաշխելու առաքելությունը, մինչեւ որ լուծվեն մեր պետական իշխանությունների լեգիտիմության եւ վարկանիշի հարցերը մինչեւ նոր՝ սոցիալիստական տնտեսությունը կներդրվի եւ արդյունքներ կտա, օժանդակել բնակչությանը սոցիալապես: Արա Նեդոլյանը ցույց տվեց նաեւ այս ամենի համար անհրաժեշտ միջոցները՝ «ետ պահանջել ու ստանալ խաբեությամբ եւ բռնությամբ ժողովրդից մինչ օրս կորզված գումարները»: Վահան Շիրխանյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատկերացնում սոցիալիստական գաղափարների համար պայքարը, երբ ՍԴՀԿ-ն անդամակցում է հիմնականում լիբերալ գաղափարախոսության կողմնակից ուժերի միության՝ Հայ ազգային կոնգրեսին: «Ես վստահ եմ, որ ՀԱԿ-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հասնելու է իշխանափոխության: Սա, այսպես ասած, հայտարարված մինիմում ծրագիրն է: Սահմանադրական կարգի վերականգնմանը հաջորդելու է ավազակապետության կազմաքանդումը: Իսկ վերջինս նշանակում է համակարգի ռեֆորմ. այստեղ ես վստահ եմ, որ սոցիալ-դեմոկրատական արժեքները լայնորեն ներդրվելու են Հայաստանում՝ եւ սոցիալական պաշտպանվածության, եւ արդարության, հավասարության: Դա ձեռնտու է ոչ միայն Կոնգրեսի անդամ կուսակցություններին, այլեւ երկիրը երկարամյա ճգնաժամից դուրս հանելու իրական ճանապարհն է»: Նա նաեւ գտնում է, որ՝ «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հայաստանի հեռ դեռեւս կապ չունի: Հայաստանը ճգնաժամի մեջ է ավելի քան տասը տարի, եւ դա Քոչարյանի ժառանգությունն է ավելի շատ: Պատերազմը, երկրաշարժը թողել են իրենց հետեւանքները, բայց Քոչարյանը ճգնաժամը դարձրեց իշխանությունը պահելու գործիք: Այն մշտապես խորացնելով եւ ժողովրդին անպաշտպան դարձնելով՝ նա կարողացավ պահել իշխանությունը»: Այս կարծիքին հակադրվեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ում համոզմամբ՝ բոլոր արատավոր երեւույթների հիմքերը Հայաստանում դրվել են առաջին նախագահի պաշտոնավարման շրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել