Ասում է ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը
Այսօր արդեն Երեւանում են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն: Նրանք Հայաստան են ժամանել դիտարկելու համար, թե հիշյալ հանձնաժողովի կողմից դեկտեմբերի 17-ին ընդունած եւ ՀՀ-ին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու առաջարկություն պարունակող բանաձեւի նախագծի ընդունումից հետո Հայաստանն ի՞նչ քայլեր է կատարել ԵԽԽՎ 1620 բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ: Հենց այս հարցից է կախված ՀՀ պատվիրակության նկատմամբ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում նախատեսվող պատժամիջոցների կիրառումը:
Իշխանություններն ու ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, տրամագծորեն տարբեր դիրքորոշում ունեն այդ հարցում: Իշխանությունը պնդում է, թե կատարել է 1620 պահանջի բոլոր կետերը՝ անգամ ավելին, իսկ ընդդիմությունը արձանագրում է հակառակը՝ պահանջների հիմնական կետերը, որոնք վերաբերում են, արդեն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ձեւակերպմամբ՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը, կատարված չեն: Հիշեցնենք, որ թիվ 1620 բանաձեւում ԵԽԽՎ-ն դեռ հունիսին էր պահանջել «այն անձանց նկատմամբ հարուցված գործերը, ովքեր հիմնականում մեղադրվում են քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, պետք է կարճվեն, բացառությամբ, երբ առկա են հիմնավոր ապացույցներ առ այն, որ մեղադրյալներն անձնապես կատարել են բռնի գործողություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են դրանց կատարմանը», ասվել էր նաեւ՝ «ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես մեկ ոստիկանական ցուցմունքի վրա` առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»:
Կոնգրեսի ներկայացուցիչ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում պնդեց, թե ՀՀ իշխանությունները միտք չունեն կատարելու ԵԽԽՎ որեւէ առաջարկ կամ պահանջ: «Նրանք որդեգրել են այդ պահանջների կատարման իմիտացիոն քաղաքականություն, զուգահեռաբար հայտարարելով նաեւ, թե «Մարտի 1»-ի իրադարձությունները բացահայտելու համար ժամանակ է պետք, իսկ մինչ այդ իրենք արդեն դրական քայլեր արել են եւ մեկի փոխարեն ստեղծել են այդ դեպքերն ուսումնասիրող միանգամից երկու հանձնաժողով: Որպես քաղբանտարկյալների ազատման պրոցես է ներկայացվում մի գործընթաց, որն իր բնույթով պարզապես անմարդկային է: Այսինքն՝ շինծու եւ արհեստական մեղադրանքներով, դատավարական խախտումներով տեղի ունեցած պրոցեսի արդյունքում դատապարտված մարդկանց հանդեպ հոգեբանական ճնշում է գործադրվում, նրանց համար մեկուսարաններում անմարդկային պայմաններ են ստեղծվում, որպեսզի նրանք խնդրագիր գրեն: Դա Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայով համարվում է կտտանք: Սրանով իշխանությունները երեք խնդիր են լուծում՝ կոծկել այդ շինծու մեղադրանքներն ու ապօրինի դատավարությունների փաստը, ցույց տալ, որ խնդրագիր գրողներն իրենց մեղավոր են ճանաչում, թեեւ նրանցից ոչ մեկը դատական ողջ պրոցեսի ժամանակ առաջադրված մեղադրանքը չի ընդունել, իսկ հիմա անազատության մեջ գտնվելով՝ նրանք, իբր, իրենց մեղավոր են ճանաչել եւ ներում են հայցել, եւ երրորդ՝ իջեցնել քաղբանտարկյալների թիվը: Բայց խնդիրը թվաբանությունը չէ, որովհետեւ այսօր քաղաքական շարժառիթներով անազատության մեջ գտնվողների թիվը, որոնք դատապարտվել կամ դատվում են միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա 225 եւ 300 հոդվածներով, մի քանի տասնյակով ավելին է, քան՝ ներում խնդրածներինը: ԵԽԽՎ պահանջների կատարման այդ իմիտացիոն պրոցեսները բավարար, ընդունելի կամ համոզիչ լինել չեն կարող ոչ միայն մեր հասարակության, այլեւ միջազգային հանրության համար: Բոլորն արդեն հասկանում են, որ Հայաստանն ուղղակի խորամանկությամբ 10 ամիս թյուրիմացության մեջ է գցել ԵԽ-ին»,- հայտարարեց Հովհ. Իգիթյանն ու կարծիք հայտնեց, թե՝ հունվարյան նստաշրջանում կլինեն պատգամավորներ, որոնք այս ամենը բարձրաձայն են ասելու:
Մենք պարոն Իգիթյանին հիշեցրինք ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ԵԽ անդամ երկրների իր գործընկերներին ուղղված արդեն հայտնի նամակի մասին: Հովհ. Իգիթյանը դրան կիսալուրջ-կիսահեգնանքով արձագանքեց. «Նամակներ ուղարկելը, նրա պատկերացմամբ՝ իր կոլեգաներին, ԱԳՆ-ի կամ դեսպանների կողմից պատգամավորների հետ «աշխատելը», նրանց վրա ճնշում գործադրելու փորձերը հակառակ արդյունքն են տալու: Ես համոզված եմ, Հ. Աբրահամյանը չի հասկանում, թե ինչ է նշանակում Եվրախորհուրդ: Նա չի հասկանում, որ եվրոպական երկրներում, ի տարբերություն Հայաստանի, խորհրդարանի նախագահը չի կարող ազդել պատգամավորների դիրքորոշման վրա: Այդ Հայաստանում է, որ խորհրդարանը նման է կոլխոզի ժողովի, եւ կոլխոզի նախագահը կարող է կթվորուհիներին հավաքել եւ հանձնարարականներ տալ, թե՝ ով, ինչքան կաթ պիտի մթերի: ԵԽ անդամ երկրներում պատգամավորներից յուրաքանչյուրը արտահայտում է ոչ թե իր երկրի կամ խորհրդարանի, այլ՝ իր կարծիքը: Դա պետք էր հասկանալ՝ նկատի ունենալով թեկուզ այն կարգը, ըստ որի, ԵԽԽՎ պատգամավորները նստում են ոչ թե իրենց երկրների դրոշի տակ, այլ՝ այբբենական կարգով: ՀՀ իշխանությունների սխալը նաեւ այն է, որ նրանք վերցնում են մի ցուցակ՝ այն երկրների, որոնք իրենց կարծիքով, Հայաստանի բարեկամներ են, եւ փորձում են դիվանագիտական ողջ կազմով, անձնական կապերով այդ երկրների պատգամավորների հետ աշխատել, խնդրել, որ նրանք դեմ քվեարկեն այդ նախագծին: Դա սխալ է, մոլորություն է: Մեր իշխանությունները մոռանում են, որ կան նաեւ այլ երկրների բարեկամ երկրներ, որոնք ավելի շատ են: Թող հիշեն Հայաստանի կողմից Ադրբեջանում էթնիկ զտումներ ձեւակերպում պարունակող թիվ 1416 բանաձեւի քվեարկության պատկերը ու նայեն՝ ովքե՞ր եւ ինչո՞ւ են կողմ քվեարկել այդ բանաձեւին: Այսօր իշխանական ճամբարում կա ողջամիտ մարդկանց ճգնաժամ: Ես այդ ճամբարում չեմ տեսնում մարդկանց այն խումբը, որը կարողանա պատշաճ մակարդակով նստել ու քննարկել ԵԽ-ի հետ կապված մեր խնդիրները, զբաղվի ԼՂ-ի կամ տարածաշրջանային խնդիրներով, քննարկի հայ-վրացական հարաբերությունների հարցը եւ այլն: Կան անհատներ, որոնք ի պաշտոնե հայտարարություններ են անում, բայց քաղաքական թիմ, վերլուծողների թիմ իշխանական թեւում ես չեմ տեսնում: Մեկը չկա, որ Հովիկ Աբրահամյանին ասի՝ պետք չէ նամակներ գրել կոլեգաներին, որովհետեւ նման պրակտիկա ԵԽ-ում գոյություն չունի: ԵԽ պատմության մեջ երեւի դա առաջին դեպքն է եղել եւ այն էլ՝ այդ տեքստով: Ուղղակի ամոթ է»:
Մեր զրուցակիցը անդրադարձավ նաեւ իշխանության ներկայացուցիչների կողմից հաճախ հնչող այն հայտարարություններին, թե՝ մեզ ձայնից չեն զրկի, որովհետեւ ԵԽԽՎ-ում նման երեք նախադեպ է եղել, այն էլ՝ շատ վաղուց, իսկ Հայաստանում իրավիճակը այնպիսին չէ, ինչպիսին եղել է այդ երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի դեպքում: «Այո, մեր վիճակն այդպիսին չէ: Այնպիսի վիճակ, ինչպիսին Հայաստանում է, ԵԽ անդամ որեւէ երկրում երբեւէ չի եղել՝ նույնիսկ Հունաստանի խունտայի կամ Չեչնիայի դեպքում: ԵԽ անդամ որեւէ երկրում ցուցարարների դեմ հրազենի կիրառմամբ ու սպանություններով ցույցեր չեն ցրվել, որեւէ այլ երկրում այսպիսի շինծու գործերով հարյուրավոր քաղբանտարկյալներ չեն եղել»: