Կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները հորդորում են համբերել եւ վատ կանխագուշակումներ չանել
Դեկտեմբերի 18-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովն ընդունեց բանաձեւի նախագիծ, որի հետեւանքներին սրտատրոփ սպասում ենք բոլորս. հունվարի վերջին կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը դառնալու է հերթական փորձաքարը մեր երկրի իշխանությունների եւ ընդդիմության համար: Մոնիտորինգի հանձնաժողովը հայտարարել է, որ մարդկանց նկատմամբ քաղաքական շարժառիթներով մեղադրանք հարուցելն անընդունելի է, եւ առաջարկել է կասեցնել Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության քվեարկության իրավունքները, քանի դեռ իշխանությունները «բավականաչափ հստակ չեն դրսեւորել այս խնդրին լուծում տալու իրենց քաղաքական կամքը»։
Հայ խորհրդարանականները ստեղծված իրավիճակի մասին գերադասում են խոսել առանց ձայնագրիչի՝ խուսափելով հրապարակավ սեփական կարծիքն արտահայտելուց: Թե ինչ կլինի հունվարի վերջին եւ ձայնից զրկվելը որքանով է վտանգավոր մեր երկրի համար՝ գիտակցում են բոլորը, բայց որպես իշխող կոալիցիայի «պարտաճանաչ» անդամներ՝ մամուլի ասուլիսներում եւ հարցազրույցներում հայտարարություններ են անում, թե «մեծ ողբերգություն» չի լինի, եթե մերոնք Ստրասբուրգում մի որոշ ժամանակ չքվեարկեն: Մի քանի հարցեր ուղղեցինք կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներին՝ պարզելու, թե որքանով է իրենց անհանգստացնում ձայնից զրկվելու հեռանկարը: ԲՀԿ խմբակցության անդամ Արամ Սաֆարյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցին, խնդրելով, որ հատուկ նշվի իր հրաժարվելու մասին: Իսկ նրա կուսակից ընկեր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Թե որպես մարտի 1-ի հանձնաժողովի եւ թե որպես ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ՝ կարող եմ ասել, որ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ուղղությամբ ՀՀ իշխանությունը որոշակի քայլեր արել է, բայց արդյոք բավարա՞ր են դրանք, թե՞ ոչ՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը ձայնից չզրկելու համար, չեմ կարող ասել: Մենք՝ որպես պատվիրակություն, եւ ես՝ որպես պատվիրակության անդամ, կփորձենք կատարված աշխատանքը Ստրասբուրգում ներկայացնել մեր եվրոպացի գործընկերներին, իսկ թե նրանց կբավարարի՞ մեր կատարածը, չեմ կարող ասել: Մի բան հստակ է՝ բավականաչափ աշխատանք կատարվել է, իսկ որոշ խնդիրներ էլ ուղղակի ժամանակ են պահանջում»:
Ի տարբերություն ԲՀԿ-ական պատգամավորի՝ ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «մեղք ունի նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Եթե հիշում եք, Գեղամյանը, լինելով ընդդիմադիր, ինչ կրքոտությամբ էր պաշտպանում Հայաստանի շահերը: Բայց մեր այս պատվիրակությունը, որը, բարեբախտաբար, առաջին հերթին իշխանությունից է կազմված, ինձ թվում է՝ մատը մատին չի տալիս»: Ըստ պարոն Պետրոսյանի, որպեսզի նման իրավիճակի առաջ Հայաստանն այլեւս չկանգնի, պետք է փոխել մեր պատվիրակության կազմը: Ռ. Պետրոսյանը վստահ է, որ Հայաստանը 90%-ով կատարել է ԵԽԽՎ-ի 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները, եւ այդ պայմաններում ԵԽ պահվածքը, պատգամավորի կարծիքով, միջամտություն է Հայաստանի ներքին գործերին:
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց, թե իրենք հարգում են եվրոպացի գործընկերների կարծիքը. «Բայց ամենաշահագրգռվածը ՀՀ իշխանություններն են՝ երկրի նախագահի գլխավորությամբ, որպեսզի կատարվեն թե 1609, թե 1620 բանաձեւերի պահանջները: Ես որեւէ լուրջ փաստարկ չեմ տեսնում, որի պատճառով ՀՀ-ն զրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից: Չմոռանանք, որ շատ դժվար է երկրում արյունահեղության եւ ապակայունացման քաղաքական ճգնաժամից հետո իրականացնել ամբողջական բարեփոխումներ, դրա համար շատ մեծ ժամանակ է պետք»:
«Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վստահ է, որ նախ պետք է համբերել, մինչեւ կգան մոնիտորինգի խմբի համազեկուցողները. «Պետք է համբերենք, մինչեւ իրենք կգան, կտեսնենք, թե ինչպիսի գնահատական կլինի իրենց կողմից: Իսկ ինչ վերաբերում է մեր երկիրը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելուն, իհարկե, չեմ ուզում ժամանակից շուտ այդպիսի վատ կանխագուշակում անել, բայց եթե դա լինի, իհարկե, մեզ համար վատ կլինի»: