Գուշակություն Ցուլի տարում ծնված քաղաքական գործիչների համար
Լինելով քրիստոնյա ժողովուրդ՝ հայերս առանձնակի սեր ունենք մոմերի նկատմամբ: Շատերը նույնիսկ մոմերի հավաքածուներ ունեն, եթե սրան էլ ավելացնենք գուշակապաշտության մոլուցքը, ապա մոմերի գույներով կարող ենք բավարարել Ցուլի տարում ծնված որոշ քաղաքական գործիչների հետաքրքրասիրությունը, թե իրենց որ գույնի մոմն է բաժին ընկնում:
Օրինակ, Առյուծի համաստեղության տակ է ծնվել Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը (14.08.1949թ.): Այս համաստեղության տակ ծնվածներին է պատկանում նարնջագույն մոմը, որը նպաստում է ստեղծագործական մտքի պայծառացմանը եւ կյանքն ավելի թեթեւ է դարձնում: Վառելով իրենց նարնջագույն մոմը, առյուծներն իրենց մռայլ տրամադրությունից միանգամից կանցնեն ուրախության:
Մարդկանց վրա բարենպաստ ազդեցություն է թողնում կարմիր մոմը: Ըստ մասնագետների, այս գույնի մոմը նպաստում է նյութափոխանակության լավացմանը եւ հաշվի առնելով կարմիրի գերբնական ուժը, այն հատկապես երիտասարդների մեջ առաջացնում է կիրք եւ սիրելու ցանկություն: Կարմիր մոմերն ավելի բնորոշ են կարիճներին ու խոյերին: Հետեւաբար, այս մոմը բարենպաստ ազդեցություն կունենա նաեւ Խոյի համաստեղության տակ ծնված ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանի համար (8.04.1961):
Հատկապես քաղաքական գործիչներին վստահ եւ ճիշտ որոշումներ կայացնելու համար կօգնի սպիտակ մոմը: Այն, կլանելով լուսնի էներգիան, դրական լիցքեր է փոխանցում մարդկանց՝ առավելապես Խեցգետնի համաստեղության տակ ծնվածներին: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը (8.07.1973 թ.) նույնպես Խեցգետին համաստեղության տակ է ծնվել:
Կույսերին եւ ցուլերին էլ խորհուրդ է տրվում գործածել մանուշակագույն մոմեր: Մանուշակագույնն ուժգնացնում է ինքնուրույնությունն ու ինտուիցիան: Այս մոմերը խորհրդանշում են անսպառ երազկոտություն եւ վառ երեւակայություն: Ցուլի համաստեղության տակ ծնված գործարար, ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանի (2.05.1961թ.) համբերության սահմանն էլ ավելի կմեծանա, եթե վառի մանուշակագույն մոմեր:
Ընտանիքում խաղաղություն եւ ներդաշնակություն լինելու համար՝ խորհուրդ է տրվում գործածել երկնագույն մոմ: Այս մոմն ավելի շատ պատկանում է ձկներին ու ջրհոսներին:
ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանին (5.01.1961թ.) եւ Այծեղջյուրի համաստեղության տակ ծնվածներին է պատկանում վարդագույն մոմը: Հատկապես ռոմանտիկ ճաշկերույթների ժամանակ կինն իրեն ավելի շոյված ու քնքշության զգացողություն է ունենում, եթե սեղանի վրա վառվում է այս մոմը:
Աղեղնավոր Արտաշես Գեղամյանը (2.12.1949թ.) չար ու նախանձկոտ մարդկանց աչքը «չորացնելու» համար ավելի լավ «դեղամիջոց» չի գտնի, քան, եթե վառի կանաչ մոմ: Կանաչը նպաստում է նաեւ նոր ձեռնարկների իրականացմանն ու վանում է անհաջողությունը:
Եթե ցանկություն ունեք, որ ձեզ մոտ սրվեն ինչպես դրական, այնպես էլ բացասական զգացմունքները, բորբոքվի երեւակայությունը, ապա ձեր մոմը կապույտն է: Բայց քանի որ այս ամենը չափազանց զարգացած է երկվորյակների մոտ, ուրեմն այս գույնի մոմը հենց նրանց համար է: ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը (11.06.1973թ.) նույնպես Երկվորյակի կենդանակերպի նշանի տակ է ծնվել ու ֆինանսական ճգնաժամը իր «Մասիս Տաբակի» կողքով թեթեւ կանցնի, եթե նա վառի կապույտ մոմ:
Դարչնագույն մոմերը ցրում են լարվածությունը, հոգեկան աշխարհը բերում են հավասարակշիռ վիճակի: Ավելի բարենպաստ արդյունքի կհասնեք, եթե օգտագործեք հոտավետ մոմը, որի վառելու «հեղինակային» իրավունքը պատկանում է կշեռքներին: Այս գույնի մոմը նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանինն է (30.09.1973թ.):