Կամ՝ առանց փողկապի
Չափավոր խանդը համեմունք է
Ես խանդոտ չեմ, բայց կինս կարծում է, թե շատ խանդոտ եմ: Չնայած սիրում եմ, երբ ինձ են խանդում… Խանդը ընտանեկան հարաբերությունների պարտադիր բաղկացուցիչ մաս է, խոսքը այն խանդի մասին չէ, որ պաթոլոգիկ՝ ախտաբանական դրսեւորումներ է ստանում: Չափավոր խանդը համեմունք է եւ ոչ թե հիմնական զգացմունք՝ ընդհանուր հարաբերություններում: Խանդը, որը չունի օբյեկտիվ հիմք, այլ ունի սուբյեկտիվ սեփականատիրական ենթատեքստեր՝ նորմալ է:
Սիրո եւ սեքսի մասին…
Ինձ մոտ մինչ ամուսնանալը ինչ-որ եղել է՝ պարզապես սիրահարվածություն է եղել: Դիտարկմանն էլ, թե շատերը սերն ու սեքսը շփոթում են, ասեմ, որ կյանքում պատահում են սեռական հարաբերություններ՝ առանց սիրո, եւ լինում է սեր՝ առանց սեռական հարաբերության: Կարծում եմ, ֆիզիոլոգիական բնազդները սիրով քողարկելը ընդամենը քեզ ու դիմացինիդ խաբելու հնարք է:
Շիկահերնե՞րը, թե՞ սեւահերները…
Ինձ դուր են գալիս այնպիսի կանայք, որոնց մոտ ներդաշնակ է արտաքին ու ներքին գեղեցկությունը, ինչն անպայման չէ՝ լինի դասական համամասնություններին եւ հունական գեղեցկաբանական չափորոշիչներին համապատասխան: Ինչ վերաբերում է կանանց շիկահեր, սեւահեր լինելուն, մազերի գույնն ինձ համար երկրորդական է: Ես, իհարկե, որպես ընտանիք կազմած անձ, մի քիչ ավելի զուսպ եմ նման տեսակի բնորոշումների մեջ, բայց պետք է խոստովանեմ, որ գեղեցկությունն անհնար է չգնահատել, խելքը՝ նույնպես: Մի խոսքով, ինձ դուր են գալիս խելացի եւ գեղեցիկ կանայք…
Հայկական կոնյակ, ծխախոտ, շոկոլադ ու սեր…
Նախընտրում եմ լավ որակի հայկական կոնյակը, չնայած վերջերս սկսել եմ նաեւ վիսկի օգտագործել, որովհետեւ այդ խմիչքը թույլ չի տալիս խաթարել աշխատանքային գործընթացն ու թեթեւակի տոնուս է տալիս: Ինչ վերաբերում է սիգարետին, ինքս, բժիշկ լինելով, շատ եմ ծխում ու նույնը խորհուրդ չեմ տալիս մյուսներին, ընդհակառակը, ծխողներին խրատներ եմ տալիս՝ պատմելով սարսափազդու դեպքեր ծխելու վնասների մասին: Քաղցրի նկատմամբ մանկուց թուլություն ունեմ, այս մասին նույնիսկ ԱԺ ճաշարանում գիտեն: Չնայած հիմա քաշը պահելու խնդիր կա, բայց երբեք առիթը բաց չեմ թողնում մեծ քանակությամբ շոկոլադ եւ համեղ փախլավա ուտելու: Համաձայն չեմ դիտարկմանը, ըստ որի, ով շոկոլադի կարիք է զգում, սիրո պակաս ունի, քանի որ սերը փափկեցնում է մարդուն ու գցում վայելքների գիրկը, շոկոլադն էլ այդ վայելքներից մեկն է, այսինքն՝ սիրո շարունակությունն է, ոչ թե փոխարինիչը…
www.odnoklassniki.ru
Պատգամավորների մեջ ես բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնք ինձ պես գրանցված են www.odnoklassniki.ru կայքում, սակայն նրանցից շատերը ծպտյալ վիճակում են: Ինքս այս կայքում եմ նախ հետաքրքրությունից, հետո այն թույլ է տալիս ինձ որոշ առումով հանգստանալ, լարվածությունը պարպել, գտնել մարդկանց, որոնց երկար ժամանակ փնտրել եմ: Յուրահատուկ կապ է հասարակության հետ, հասարակական կարգի բարոմետր է, այնտեղ գրված նամակների մեծ մասը կապված է իմ քաղաքական գործունեության հետ, իսկ սա, կոպիտ ասած, ընտրողի կարծիքը լսելու լավագույն միջոցներից է, հատկապես՝ երիտասարդության հատվածում: Կայքում ինձ շատերն են գրում, ասում, թե զարմացած են, որ ես այնտեղ եմ: Եղել են դեպքեր, երբ ատելությունից դրդված՝ որոշ մարդիկ կայքում անձնական դիտարկումներ են արել՝ զավակիս լուսանկարն էլ «մեկ» գնահատել: Կայքում ինձ նաեւ սեր են խոստովանել, ավելի ճիշտ՝ դա անձնական համակրանք էր… Ես երբեք չարաշահումների չեմ գնացել, միշտ պատասխանել եմ ինձ գրողներին:
Թանգարան, ռեստորան, թատրոն, իսկ ամենասիրելի վայրը՝ բնակարան
Սիրում եմ հաճախել գրեթե ամեն տեղ, դա կախված է տրամադրությունիցս: Ամենասիրածս վայրը, սակայն, իմ տունն է, որովհետեւ զավակս ինչքան մեծանում է՝ տուն գնալն ավելի ձգողական է դառնում: Եթե նախկինում տրվում էի երկրորդական գործերին, հիմա կարեւոր հարցերն ավարտելուց հետո՝ պատեհ պահը որսում ու տուն եմ գնում:
Ամեն ինչ սիրում եմ…
Երաժշտությունը մարդու հոգուն հարազատ երեւույթ է, եւ հոգին էլ ստատիկ վիճակում չէ: Յուրաքանչյուրս էլ օրվա ընթացքում ուրախ եւ տխուր պահեր ենք ապրում, ուստի նախընտրած երաժշտությունն էլ տատանվում է՝ հոգեվիճակով պայմանավորված: Սիրում եմ լսել ցանկացած երաժշտություն: Սիրում եմ նաեւ պարել՝ հայկականից մինչ արեւելյան պարեր: Ժամանակին հաճախել եմ պարի: Այժմ քաղաքական ֆորմատը թույլ չի տալիս ազատ զգալ հասարակական վայրերում: Օրինակ, Հայաստանում դիսկոտեկ վաղուց չեմ գնացել, բայց երբ ուզում եմ լիցքաթափվել՝ ընտանիքիս, ընկերներիս հետ գնում ենք կարաոկե: Ճիշտ է, լավ ձայնային տվյալներ չունեմ, բայց էդ ո՞ր մի հայը չի սիրում երգել…
Հոտավետ հոբի
Հիվանդագին վերաբերմունք ունեմ օծանելիքի հանդեպ, լավ բույրերն իմ հոբիներից են: Տղամարդկանց աքսեսուարներ ձեռք բերելիս մեծ ուշադրություն եմ դարձնում օծանելիքին, փողկապների գույնին, ֆիրմային, ծագումնաբանությանը: Հաճախ խանութում զարմանում են իմ, այսպես ասած, նեղ մասնագիտական հարցադրումների ու հմտությունների վրա: Շատ եմ սիրում օծանելիք նվիրել ու ստանալ: Նախընտրածս օծանելիքները հիմնականում «Հերմես» ֆիրմայինն են: