Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենամարզականն ու ամենամշակութայինը

Հունվար 13,2009 00:00

\"\"Հիմնանորոգումից հետո, հոկտեմբերի 31-ին բացվելով, Կարեն Դեմիրճյանի
անվան մարզահամերգային համալիրը կարճ ժամանակում դարձավ հանրապետության ամենամարզական եւ ամենամշակութային օջախը:\"\"

Անցած երկու ամիսներին համալիրում նշվել է Ջիվան Գասպարյանի ծննդյան 80-ամյակը, մեծարվել են օլիմպիական չեմպիոն մեր շախմատիստները, սառցե շոուներով հանդես են եկել Իլյա Ավերբուխի եւ Եվգենի Պլյուշչենկոյի աշխարհահռչակ խմբերը, համերգներով հանդես է եկել ամերիկահայ սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը, անցկացվել են «Թոփ տարի» եզրափակիչ համերգը, «Ակորդ» մրցանակաբաշխությունը, «Նոր աստղերը՝ նոր համալիրում» համերգը եւ այլն: Իսկ հունվարի 3-10-ը համալիրի սահադաշտը տրամադրված էր Մոսկվայից ժամանած «Սառցե թատրոնի» արտիստներին, որոնք մինչեւ հունվարի 10-ը հայ երեխաների համար հանդես էին գալիս «Ձնե թագուհին» ամանորյա ներկայացումով:
Խմբի ղեկավար Ալեքսանդր Պլաշչեւսկու խոսքերով, իրենց խումբը բավականին մեծ ճանաչում ունի աշխարհում, մշտապես հանդես է գալիս տարբեր երկրներում եւ քաղաքներում: Նրանց վերջին շրջագայությունը եղել է Լեհաստանում, որտեղ ցուցադրել են այլ ներկայացում: Երեւանյան հանդիսատեսի առջեւ ելույթ են ունենում գեղասահքի Ռուսաստանի չեմպիոններ Վլադիսլավ Ֆոմինը, Յուլիա Պլաշչեւսկայան, ՌԴ առաջնությունների մրցանակակիրներ, աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվող շոուների մասնակիցներ, ինչպիսին է, օրինակ, Ստեպան Ռյաբովը, հեռուստատեսային արտիստներ եւ կրկեսային աստղեր, որոնք մշտապես մասնակցում են միջազգային փառատոների, մրցույթների եւ, որպես կանոն, դափնիներ նվաճում:
«Ձնե թագուհին» հատուկ բեմադրվել է Հայաստանի, Երեւանի, հայ մանուկների համար, որին հաղորդվել է հայկական կոլորիտ:
– Փաստորեն, ՄՀՀ-ում ներկայացման պրեմիերան է: Հանդիսատեսն ինչպե՞ս է ընդունում այն:
– Պատկերացրեք՝ լավ: Եվ դա մեզ շատ է ոգեւորում: Ես միշտ ներկայացման ժամանակ մտնում եմ դահլիճ, շրջում տրիբունաներում եւ ուրախանում, որ թե ծնողները եւ թե երեխաներն անմիջապես ճանաչում են հայկականը: Օրինակ, երբ մեր արտիստը ապակե շշերի վրա կատարում է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարից» մի հատված, տրիբունաները թնդում են ծափահարություններից: Կամ, երբ բարձրախոսը հորդորում է հանդիսականին փչել Ձնե թագուհու վրա, այդ արարողությանն անմիջական մասնակից են դառնում նաեւ ծնողները:
Անկեղծ ասած, ցանկանում էինք ներկայացման մեջ ներգրավել նաեւ ձեր լավագույն գեղասահորդներին, բայց, ցավոք, այս անգամ չստացվեց: Բայց մենք այս օրերին դիտում ենք նրանցից մի քանիսի սահքը եւ հույս ունենք, որ մեր հաջորդ այցելությանը, որ հավանաբար կլինի մարտ ամսին, նրանք նույնպես մեր շոուի մասնակիցը կդառնան:
– Ինչպե՞ս եղավ, որ ամանորյա ներկայացումները Երեւանում կազմակերպեցիք:
– Պատմությունը հետաքրքիր է: Ես մի քանի ամիս առաջ եկել էի Երեւան՝ հատուկ ՄՀՀ-ի սառցի որակը եւ պայմաններն ուսումնասիրելու: Դրանից հետո մեր խումբը մի քանի համարների կատարումով հանդես եկավ այստեղ: Հետո պարզվեց, որ դա համալիրի բացման արարողությունն էր: Բանակցություններ եղան ադմինիստրացիայի հետ, եւ որոշումը կայացվեց:
– Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք:
– Հունվարի 18-ին ամանորյա շատ կարեւոր համերգ ենք տալու Մոսկվայում՝ «Ալիսիան հրաշքների աշխարհում»: Հետո տեսնենք, թե ինչ կլինի: Բայց գարնանը կրկին Երեւան գալու հույսս չեմ կտրում:
ՄՀՀ-ի սեփականատեր ԲԱՄՕ ընկերությունը եւ տնօրինությունը մտադիր են 2009-ին բազմապատկել մարզամշակութային միջոցառումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել