Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունվար 13,2009 00:00

«Որբերը» սերիալը առաջացրել է ծնողների դժգոհությունը

Հունվարի 5-ից Հանրային հեռուստաընկերությունը «Հայլուր» լրատվական ծրագրի թողարկումից հետո սկսել է ցուցադրել «Որբերը» բազմասերիանոց ֆիլմը, որը պատմում է մանկատանը հայտնված երեխաների ճակատագրերի մասին: Սերիալի ռեժիսորն է Ելենա Արշակյանը, պրոդյուսերը՝ Արթուր Ապրեսովը, սցենարիստը՝ Անահիտ Մխիթարյանը: Օրերս «Առավոտին» դիմեցին մի շարք հեռուստադիտող-ծնողներ, որոնք մտահոգված էին ֆիլմի՝ երեխաների վրա թողած բացասական ազդեցություններով: Ծնող Արմինե Հովսեփյանն ասաց. «Չեմ հասկանում, թե որքանով է նպատակահարմար ցույց տալ այնպիսի տեսարաններ, որտեղ երեխայի աչքի առաջ բռնաբարում են հարազատ մորը, կամ փոքրիկն իր մայրիկին կախված է տեսնում: Դա ծանր եւ խորը հետեւանքներ կարող է ունենալ երեխաների վրա: Առաջին հայացքից սերիալի մտահղացումը գրավիչ էր, բայց երբ առաջին սերիան դիտեցինք, տեսա, թե ֆիլմից հետո ինչպիսի տրամադրություններ ունեին երեխաներս, միանգամից արգելեցի նրանց նայել սերիալը»: Մեկ այլ ծնող՝ Նարինե Հովակիմյանը, նկատեց. «Քանի որ ֆիլմի գլխավոր հերոսները երեխաներն են, ուստի այն ավելի գրավիչ է պատանի հեռուստադիտողների համար: Սա կարծես հատուկ քաղաքականություն լինի, որն ուղղված է մանկահասակ երեխաներին ընկճելու չար գործին»:
«Առավոտը» մասնագետներից ցանկացավ պարզել, թե նմանատիպ ֆիլմերն ինչպիսի՞ հետեւանքներ կարող են ունենալ երեխաների հոգեբանության եւ վարքի վրա, որքանո՞վ է նպատակահարմար այդպիսի կինոնկարներ ցուցադրել հեռուստատեսությամբ, այն էլ՝ Հանրային:
Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սիրանույշ Մուրադյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Այդ ֆիլմում շատ-շատ են չափազանցությունները: Ընդհանրապես, ցանկացած կինոնկարի, գեղարվեստական երկի գլխավոր նպատակներից է հասարակության շրջանում տարածված այնպիսի արատավոր երեւույթների վերհանումը, որոնք ունեն ընդհանրական բնույթ: Իսկ այս դեպքում վերցված են որոշ բացառություններ եւ ուռճացված են, ինչը կարող է ունենալ բացասական ազդեցություն»: Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Գայանե Ազիզյանը խնդրին մոտեցավ այլ տեսանկյունից. «Մեզ համար արդեն ոչինչ անսպասելի չէ: Այնուամենայնիվ, չէի ցանկանա, որ երեւույթները նման կերպ ներկայացվեին հեռուստաէկրանից, բայց մյուս կողմից էլ երեխաները պիտի տեսնեն, որ այդպիսի բաներ էլ կան աշխարհում: Դա գուցե կստիպի նրանց հասկանալ, որ օջախ ստեղծելը ամենամեծ արվեստներից մեկն է»: ԵՊՀ հոգեբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետի կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ Սյուզի Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե ճիշտ կլիներ նման ֆիլմ նկարահանելուց առաջ նախ խորհրդակցեին հոգեբանների հետ, ինչը ընդունված երեւույթ է արտասահմանում. «Չէ՞ որ ֆիլմը դիտում են նաեւ երեխաները, մանավանդ՝ ե՛ւ գլխավոր հերոսներն են երեխաներ, ե՛ւ ցուցադրման ժամն է դա թույլ տալիս: Ֆիլմում տեղ գտած տեսարանները երեխաների մեջ տրավմա կարող են առաջացնել: Նրանք այդ տեսարանները դիտելիս լցվում են ցավով եւ ցասումով: Ֆիլմը հնարավոր է նաեւ հակառակ էֆեկտ առաջացնի, ծանր եւ բացասական հետեւանքներ ունենա: Առաջին սերիան ես նայում էի երեխաներիս հետ: Նկատեցի, որ հաջորդ օրը, այդ ֆիլմով պայմանավորված, տրամադրության անկում է նկատվում նրանց մոտ: Չէ՞ որ որքան շատ արյուն, դաժան տեսարաններ են լինում ֆիլմում, այնքան երեխաներն ավելի ագրեսիվ են դառնում: Բռնությունը հասկանալի դարձնելու համար ամենեւին պարտադիր չէ, որ այն մանրամասներով ցուցադրեն: Դա կարելի է անել ավելի քաղաքակիրթ եւ գեղարվեստորեն, ոչ թե նատուրալիստական մոտեցումներով: Չէ՞ որ առօրյայում առանց այդ էլ տեսնում ենք այդպիսի երեւույթներ, ուստի դրանք նույնությամբ ֆիլմ բերելու նպատակահարմարությունը չեմ տեսնում»: Վերոնշյալ դժգոհությունները փոխանցեցինք ֆիլմի սցենարիստ Անահիտ Մխիթարյանին: Նա այդ կապակցությամբ ասաց. «Ֆիլմից հետո եթե գոնե մի քանի երեխա որդեգրվի՝ ուրեմն մենք հասել ենք մեր նպատակին: Իսկ ինչ վերաբերում է ֆիլմի տեսարաններին, ապա մենք գույները չենք խտացրել, դրանք իրական պատմություններ են: Մենք հոգեբանների հետ չենք խորհրդակցել, բայց զրուցել ենք շատ մարդկանց հետ: Այն, ինչ ներկայացվում է ֆիլմում՝ իրականում ամենադաժան բաները չեն, եւ հետո երեխաները հեռուստացույցով ավելի դաժան բաներ էլ են տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել