Երեկ Ուկրաինան վերաստորագրել է եվրոպական գազ մատակարարելու պայմանագիրը՝ առանց հավելյալ պայմանների: Մինչ այդ, առանց այդ էլ փխրուն համաձայնությունը հայտնվել էր հարցականի տակ: Բանն այն է, որ հունվարի 10-ին Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված արձանագրությունը՝ գազի տրանզիտի վերաբերյալ միջազգային հանձնաժողով ստեղծելու մասին, ուկրաինական կողմը «վերախմբագրել» է՝ առանց ՌԴ-ին տեղյակ պահելու: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այդ վերապահումները անվանել է ծաղր՝ առողջ բանականության նկատմամբ եւ հրահանգել է չվերականգնել գազի մատակարարումը, մինչեւ Ուկրաինան չվերաստորագրի փաստաթուղթը: Ուկրաինական վերապահումների գլխավոր կետն այն է, որ «Գազպրոմը», գազի տեղափոխումը Եվրոպա ապահովելու համար, պարտավոր է Ուկրաինային տրամադրել օրական 21 միլիոն խմ գազ: Բացի այդ, Ուկրաինան ցանկանում է սահմանափակել միջազգային հանձնաժողովի աշխատանքի ժամկետը 1 ամսով: Եվրոպան արդեն 5 օր է, որ չի ստանում ռուսաստանյան գազը, ինչի համար ՌԴ-ն մեղադրում է Ուկրաինային, որն, ըստ ռուսական կողմի, զբաղված է իր տարածքով անցնող գազի գողությամբ: Վերոհիշյալ արձանագրությամբ նախատեսված միջազգային հանձնաժողովը կոչված է վերահսկել գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով: