Ադրբեջանի մայրաքաղաքի Սահիլ զբոսայգում սկսվել է Բաքվի 26 կոմիսարների հուշարձանի ապամոնտաժումը: Հաղորդելով այս լուրը՝ «Ռիա նովոստի» գործակալությունը հիշեցնում է, որ 26 կոմիսարների կողմից ղեկավարվող բոլշեւիկյան կառավարությունը ստեղծվել է 1918 թվականի մարտին եւ գոյություն է ունեցել մինչեւ հուլիս: Նույն թվականի սեպտեմբերին, երբ թուրք-ադրբեջանական զորքերը պետք է մտնեին Բաքու, բոլշեւիկներին թույլ տվեցին լքել քաղաքը, սակայն Կրասնովոդսկում նրանց ձերբակալեցին եւ գնդակահարեցին: Երբ 1920 թվականին Կարմիր բանակը գրավեց Բաքուն, կոմիսարների աճյունը թաղվեց մայրաքաղաքի այգում, որը եւ կրում է նրանց անունը: Անցած շաբաթ Բաքվի Սաբահիլի շրջանի թաղապետ Ալեքփերովը հայտարարել է, որ այգին վերակառուցվելու է, եւ աճյունները տեղափոխվելու են քաղաքի ծայրամասում գտնվող գերեզմանատուն, իսկ այգու տակ կառուցվելու է ավտոկանգառ: Բաքվի իշխանությունները որեւէ քաղաքական կամ ազգային պատճառ չեն նշում, սակայն դժվար թե այդ վերակառուցման գործում դեր չխաղար այն հանգամանքը, որ 1918թ. բոլշեւիկյան կառավարությունը ղեկավարում էր Ստեփան Շահումյանը: Բաքվում պահպանվել են մի շարք այլ կոմունիստների՝ Նարիման Նարիմանովի, Մեշադի Ազիզբեկովի եւ Ռիխարդ Զորգեի արձանները: