Անցած շաբաթվա վերջում ԱՄՆ նախագահ ընտրված Բարաք Օբաման հայտարարել է կարեւորագույն պաշտոններում իր նախընտրած թեկնածուների մասին: Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում նա ցանկանում է տեսնել պաշտոնաթող ծովակալ Դենիս Բլերին, իսկ ահա Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ), ըստ նորընտիր նախագահի, պետք է ղեկավարի Բիլ Քլինթոնի աշխատակազմի նախկին ղեկավար Լեոն Պանետան (լուսանկարում): Եթե առաջին նշանակումը միանգամայն սովորական եւ բնականոն ընկալվեց, ապա Պանետայի թեկնածությունը, «Կոմերսանտի» տվյալներով, հատուկ ծառայությունների աշխատակիցների շրջանում որոշակի շոկ առաջացրեց: Խնդիրն այն է, որ Պանետան երբեք անմիջական առնչություն չի ունեցել հետախուզական գործունեության հետ: Այս նշանակումը դիտորդները բացատրում են զուտ քաղաքական նկատառումներով: Վերջին տարիներին ԿՀՎ-ի դեմ բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրել, այդ թվում՝ կապված «Ալ Ղաիդա» ցանցի եւ ընդհանրապես ահաբեկչության դեմ պայքարի՝ Ջորջ Բուշի քաղաքականության հետ: Պանետան կոչված է մի կողմից՝ նպաստել Բարաք Օբամայի նախընտրական խոստումների կատարմանը (օրինակ՝ վերջ դնել կալանավորների խոշտանգումներին), մյուս կողմից՝ պահպանել ԿՀՎ-ի հեղինակությունը: Նման բարդ առաքելությանը կնպաստի այն հանգամանքը, որ Լեոն Պանետան անձնապես մոտ է նորընտիր նախագահին: