Ղրղըզստանի ղեկավարությունը պատրաստվում է պաշտոնապես չեղյալ հայտարարել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պայմանագիրը՝ «Գանսի» ամերիկյան ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ: Այդ ռազմաբազան գտնվում է Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի տարածքում: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի աղբյուրների՝ Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը (լուսանկարում) պատրաստվում է համապատասխան հրամանագիր ստորագրել այս շաբաթվա վերջին նախատեսված իր մոսկովյան այցից առաջ: Նույն աղբյուրի պնդմամբ՝ հրամանագրում նշվելու է կես տարվա ժամկետ, որի ընթացքում ամերիկյան ռազմական բոլոր ենթակառուցվածքները դուրս են բերվելու երկրի տարածքից: ԱՄՆ զինվորականների ներկայությունը հանրապետությունում սկսվել է 2001 թվականի վերջից, երբ Ղրղըզստանը միացել է սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո ստեղծված հակաահաբեկչական կոալիցիային: Ակնհայտ է, որ Բիշքեկի որոշումը՝ ռազմաբազան վերացնելու մասին, կնպաստի Բակիեւի մոսկովյան առաքելության հաջողությանը: Այդ այցի ընթացքում պետք է ստորագրվի պայմանագիր, համաձայն որի՝ Ռուսաստանը 2 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրելու միջինասիական այս հանրապետությանը: 300 միլիոն դոլարանոց արտոնյալ վարկը եւ 1,7 միլիարդ դոլարի ռուսաստանյան ներդրումների տրամադրումը հնարավորություն կտա Ղրղըզստանին վերացնել բյուջեում առաջացած պակասորդը, մասնավորապես՝ վճարել Ուզբեկստանից առաքվող թանկացած գազի համար: