Որոշ ծնողներ երեխաներին չեն ուղարկում մանկապարտեզ՝ ընտանեկան բյուջեն տոներից հետո վերականգնելու համար:
«Առավոտը» նախորդ համարներից մեկում անդրադարձել էր հանրակրթական դպրոցներում հաճախելիության խնդրին: Դպրոցականների ծնողները նախընտրել էին 2-րդ կիսամյակի առաջին օրերին երեխաներին դպրոց չուղարկել, մտածելով, որ մի քանի շաբաթ չջեռուցվելուց հետո դպրոցները դեռ հասցրած չեն լինի այնքան տաքանալ, որ երեխաները դասի ժամանակ նստած չմրսեն: «Առավոտն» այս անգամ էլ փոքրիկ հարցախույզ կատարեց պետական մանկապարտեզների շրջանում, պարզելու, թե իրավիճակն այստեղ ինչպիսին է: Նկատենք, որ պատկերը քիչ է տարբերվում հանրակրթական դպրոցներում գրանցվածից: Այս դեպքում էլ, երեխաների հոսքը համեմատաբար մեծ է այն մանկապարտեզներ, որոնք ջեռուցվում են: Ծնող Արմինե Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց. «Քանի որ մեր մանկապարտեզը չի ջեռուցվում, ստիպված եմ երեխաներիս տանը թողնել՝ տատիկի մոտ: Սակայն մանկապարտեզը ինձ համար փրկություն է եւ այն պատճառով, որ երեխաներն այնտեղ լավ ժամանակ են անցկացնում, կրթվում, եւ որ նրանք վստահելի ձեռքերում են: Հիմա կանգնել եմ փաստի առջեւ»:
«Առավոտը» զրուցեց նաեւ որոշ մանկապարտեզների տնօրենների հետ: Արաբկիր համայնքում գտնվող թիվ 7 մանկապարտեզի տնօրեն Սեդա Խաչատրյանն ասաց. «Աշխատանքը սկսել ենք հունվարի 8-ից՝ համաձայն կառավարության որոշման: Աշխատում ենք մինչեւ ժամը 18.15-ը: Նույնիսկ ծնողներ կան, որ երեխաներին ավելի ուշ են տուն տանում: Մեզ մոտ հաճախելիությունը լավ է, քանի որ մանկապարտեզը գազիֆիկացված է եւ սենյակային ջերմաստիճանը հասնում է +22-ի»: Իսկ Արաբկիր համայնքի թիվ 4 մանկապարտեզում, որը տաքացվում է էլեկտրականությամբ, հաճախելիությունը, ըստ տնօրեն Ինգա Խաչատուրովայի, 25% է. «Մեզ մոտ հաճախում են տարբեր ճանաչված ընկերություններում աշխատող ծնողների երեխաներ, որոնք մշտապես չեն բացակայում մանկապարտեզից: Մենք էլ մեր հերթին փորձում ենք սենյակներում ապահովել գոնե 18-20 աստիճան տաքություն»: Թիվ 76 մանկապարտեզի տնօրեն Զվարթ Զաքարյանն էլ երեխաների հաճախելիության ցածր աստիճանը բացատրեց հետեւյալ կերպ. «Միջազգային ֆինանսական ճգնաժամը ներթափանցել է նաեւ մեր երկիր: Այդ պատճառով էլ ծնողները փորձում են գումար խնայել՝ երեխաներին մանկապարտեզ չբերելով: Նրանցից ոմանք սպասում են, որ երեխաներին փետրվարի 1-ից բերեն մանկապարտեզ»: Աջափնյակ համայնքի թիվ 109 մանկապարտեզի տնօրեն Մարինե Ամիրյանը նշեց. «Մենք մանկապարտեզը տաքացնում ենք էլեկտրականությամբ: Իհարկե, աշխատանքը սկսել ենք հունվարի 8-ից, սակայն պիտի գոնե մեկ խումբ հավաքվի, որ այդ օրը աշխատենք: Օրինակ՝ հիմա մանկապարտեզում կա 12 երեխա, բայց ծնողներից ոմանք խոստացել են առաջիկա օրերին երեխաներին բերել կրթօջախ: Հոգում ենք նաեւ սենյակային ջերմաստիճանի մասին, որ այն տատանվի +18-20-ի սահմաններում»: