Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈ՞ՒՄ

Հունվար 13,2009 00:00

\"\"Մասնավոր դպրոցներին պետական հոգածությունից զրկելու ցանկությունը մեր որոշ պատգամավորներ բացատրում են նրանով, որ չեն ուզում բյուջեից ֆինանսավորել «հարուստների» երեխաներին:

2008 թ. հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովը ձայների 98 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում էին այն սկզբունքները, որոնց ապահովումը երաշխավորվում է մեր պետության կողմից, այդ թվում (8-րդ եւ 9-րդ կետեր)՝ «անկախ կազմակերպական-իրավական ձեւից՝ ուսումնական  հաստատությունների եւ դրանցում սովորողների ու աշխատողների իրավահավասարությունը», ինչպես նաեւ՝ «հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեից ֆինանսավորումը՝ ըստ աշակերտների թվի»: Դա նշանակում է, որ այսուհետեւ պետբյուջեից կֆինանսավորվեն ոչ միայն պետական, այլեւ՝ մասնավոր դպրոցները: Ըստ ոլորտի պատասխանատուների՝ այս դրույթի ամրագրումը երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Սակայն, մեր տեղեկություններով, արդեն երկրորդ ընթերցման «Հանրակրթության մասին» օրենքը կբերվի՝ առանց այդ դրույթի. ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում (այսուհետ՝ ԱԺ Կրթության հանձնաժողով) որոշել են, որ մասնավոր դպրոցներն արժանի չեն պետական հոգածության, քանի որ… այդ դպրոցներ են հաճախում «մեծահարուստների երեխաները»:
Երեք երեխաների մայր Արմինե Գյուլգյուլյանին, ում միջնեկ որդին՝ Մանվելը, «Քվանտ» վարժարանի սան է, դժվար է «մեծահարուստ» կոչել, բայց նրա համար իր որդու կրթությունը շատ ավելի կարեւոր է, քան շատուշատ այլ բաներ. «Տարեկան մոտ $1000-ի չափ գումարը, որ վճարում ենք տղայիս կրթության համար, մեր ընտանեկան բյուջեի համար մեծ գումար է: Սակայն ես եւ ամուսինս որոշեցինք, որ ամեն ինչից ավելի կարեւոր է երեխայի կրթությունը: Այստեղ բոլոր առարկաներն ավելի խորությամբ են անցնում, քան պետական դպրոցներում: Բացի այդ, պետական դպրոցների շրջանավարտների ծնողները ստիպված են կրկնուսույցներին տալ հսկայական գումար, որպեսզի իրենց երեխաները պատրաստվեն բուհ ընդունվելու, իսկ մենք կրկնուսույցի կարիք չունենք: Ստացվում է, որ տարեկան վճարելով որոշակի գումար կրթության համար, մենք վերջում չենք «խեղդվում»՝ միանգամից մի քանի հազար դոլար տալով կրկնուսույցներին»: Այսպես են մտածում բազում այլ ոչ հարուստ ծնողներ, որոնց համար պետության հոգածությունը երկար սպասված բան էր, սակայն հնարավոր է, որ նրանք առիթ չունենան ուրախանալ դրանով:
Խնդրի մասին զրուցեցինք ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանի հետ, որը կրթության ոլորտում է արդեն երկար տարիներ, քաջատեղյակ է խնդիրներին: «Արդեն 15 տարվա պատմություն ունի այդ հարցը՝ պետությունը պե՞տք է օժանդակի մասնավոր դպրոցներին, թե՝ ոչ: Տարիների քննարկումներից, վերլուծություններից հետո եկանք ընդհանուր հայտարարի, որ դպրոցները պետք է ֆինանսավորվեն աշակերտների քանակով՝ երեխան պետք է ստանա պետությունից իր հասանելիք գումարը, անկախ նրանից՝ դա պետակա՞ն, թե՝ մասնավոր դպրոց է: Ընդդիմախոսներն ասում են՝ հարուստների երեխաներ են, դրա կարիքը չունեն: Բայց դա նույնն է, որ ասեն՝ թող պետությունը կենսաթոշակ չվճարի հարուստների ծնողներին: Չի լինի, չէ՞: Խոսքը վերաբերում է պետություն-անհատ հարաբերություններին: Եվ այս դեպքում խոսքը մեր քաղաքացիների կրթության մասին է, պետությունը վերցրել է այդ պարտավորությունը, բյուջեով նախատեսել է այդ գումարը, եւ չի կարելի մի երեխային հատկացվող գումարը վերցնել եւ կա՛մ փոշիացնել, կա՛մ տալ ուրիշի: Գուցե տպավորություն կա, որ միայն հարուստներն են իրենց երեխաներին տանում մասնավոր դպրոց, բայց այդպես չէ, մտավորականության մի խավ կա, որն իր բերանից կտրում է, բայց երեխային տանում է մասնավոր դպրոց, այնքան է կարեւորում իր երեխայի կրթության հարցը»,- ասաց պարոն Մկրտչյանը:
Մեր մյուս զրուցակիցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ Կրթության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանն էր, որին նույնպես անհանգստացնում է օրինագծում սպասվող փոփոխությունը: «Սահմանադրությամբ պետությունը երաշխավորում է մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը: Այսօր մեր երկրում, կախված այն բանից, երեխան գնում է պետակա՞ն, թե՝ մասնավոր դպրոց, կա՛մ ֆինանսավորվում է նրա կրթությունը, կա՛մ՝ ոչ: Կրթության մասին օրենքով ծնողն իրավունք ունի ընտրել իր երեխայի դպրոցը, բայց եթե ընտրում է մասնավոր դպրոց, ծնողի իրավունքը, որ իր երեխայի կրթությունը պետականորեն հովանավորվի, չի իրականացվում: Սա շատ կոպիտ խախտում է: Եվ 2007-ին վերջապես, երկար վերլուծություններից հետո կայացվեց քաղաքական որոշում, եւ կառավարության կողմից «Հանրակրթության մասին օրենքը» 2008-ին ԱԺ եկավ այդ կարեւոր սկզբունքով՝ անկախ դպրոցի կազմակերպման ձեւից՝ մասնավոր, թե պետական, դպրոցները երեխաների թվով ֆինանսավորում պիտի ստանան: Օրենքը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեց 1-ին ընթերցմամբ, բայց հետո իմացա, որ այդ սկզբունքը կասկածի տակ է դրվել եւ «կասկածողներին» հաջողվել է 1-ին ընթերցումից հետո այդ սկզբունքի մեջ փոփոխություն մտցնել, ասելով՝ ինչո՞ւ պիտի հարուստ ընտանիքի երեխայի կրթությունը պետությունը ֆինանսավորի: Բայց չէ՞ որ այսօր մինչեւ 7 տարեկան բոլո՛ր երեխաներին անվճար բուժօգնություն է տրվում, կամ բոլո՛ր ընտանիքներում ծնվող երրորդ երեխայի համար պետությունը գումար է հատկացնում՝ անկախ ընտանիքի սոցիալական վիճակից, ծննդօգնությունը նույնպես անվճար է բոլո՛ր մայրերի համար… Պետությունը դեմքը շրջել է դեպի իրավական մոտեցում, ես չեմ հասկանում, թե ինչու այս դեպքերում հասկանալի է այդ իրավունքի պաշտպանությունը, իսկ կրթության դեպքում՝ անհասկանալի: Ընդ որում, գումարի խնդիր չկա, քանի որ բյուջեով արդեն բոլոր երեխաների համար, որ պիտի դպրոց գնան, այդ գումարը նախատեսված է՝ յուրաքանչյուր երեխայի համար՝ մոտ 105հազար դրամ»:
Մենք ցանկանում էինք այս հոդվածում ընդգրկել նաեւ ԱԺ Կրթության հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի տեսակետը, մանավանդ որ, ըստ մեր տեղեկությունների, հենց նա՛ է դեմ «հարուստների երեխաներին» պետության հաշվին ֆինանսավորելուն: Սակայն պարոն Աշոտյանը հարգելի պատճառով «անհասանելի» էր: Նրան մաղթում ենք առողջություն, հուսալով, որ մոտ ժամանակներս կներկայացնի նման սոցիալական խտրականություն դրսեւորելու իր հիմնավորումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել