Լրահոս
Օրվա լրահոսը

Գործնական քայլերի սպասելիս

Հունվար 13,2009 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2008թ. հոկտեմբերի 3-ին ԱԺ նիստում ժողովրդին ու ԱԺ պատգամավորներին ուղղված ուղերձը 100-օրյա հեռավորությունից Ալավերդու բնակիչներից
շատերը մտաբերում էին դժվարությամբ:

Ալավերդցի Աղունիկ Սողոմոնյանը ուղերձին ծանոթ չէր, քանի որ Ռուսաստանից վերջերս է վերադարձել, սակայն նախագահի անունը լսելուն պես հուզված ասաց. «Ես վերջին տարիներին Ռուսաստանում աշխատել եմ 4 մարդու տեղ, սակայն այնտեղ առանց փաստաթղթերի թափառականի նման ենք ապրել, ուղերձն էն կլինի, որ նախագահը մեր երկրում աշխատատեղ ստեղծի: Աղաչում եմ երկրի նախագահին՝ օտարությունից փրկի իմ ժողովրդին»:
Հենրիկ Գալինյանն ուղերձի մասին հարցից նեղսրտեց. «Գիտեք ինչ, ուղերձն էն կլինի, որ էս իշխանություններին կարողանանք բան հասկացնել»: Դավիթ Գալստյանը չհիշեց ուղերձը. «Որ հիշեցնեք՝ կհիշեմ: Մինչ նախագահ դառնալն ա ժողովրդին ուղերձով դիմել, չէ, չհիշեցի»: Անյուտա Պեպանյանի պատասխանը կարճ էր. «Ուղերձը ժողովրդի համար գործ անելն ա»:
ՀԺԿ անդամ Լուիզա Ռեսթեւանյանը տեղյակ էր նախագահի ուղերձին. «Լսել եմ հեռուստատեսությամբ, բացի այդ՝ կարդացել եմ թերթում: Ամբողջ ուղերձը՝ պիտի, պիտի, պիտի… բայց ե՞րբ պիտի: Ալավերդիում վերջերս տնտեսական ճգնաժամի հետեւանքով 250 մարդ կրճատեցին աշխատանքից, ոնց լինի՝ մի էդքան էլ ապրիլին կկրճատեն: Էդ մարդկանց մասին մտածող չկա: Հայկական հրաշքի բանաձեւն ու ուղերձի իր մյուս դասերը, լավ կլինի, նախագահը երկրի չինովնիկներին ու համայնքապետերին սովորեցնի: Մեր երկրում կոռուպցիայի մասին խոսողին էլ օրը ցերեկով կլանները բռնում են ու ծեծում, էլ ուղերձից ինչ խոսենք»: Հայ ազգային կոնգրեսի անդամ Վազգեն Պապոյանին նախագահի ուղերձը «12 աթոռ» կինոյի Նյու Վասյուկին հիշեցրեց. «Հիշում եք, Օստապ Բենդերը շախմատիստներին Նյու Վասյուկի էր խոստանում»: Նա գտնում էր, որ նախագահի ուղերձը ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել է նշանակում. «Չեմ հավատում ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արտերկրյա եւ հայրենի բոլոր գործարարներին ազդարարած 3 ծրագրերին: Ատոմակայանի կառուցումը ահագին միջոցներ ա պահանջում, էդ միջոցները մենք չունենք, դրսից էլ էդ ով ա էդ հիմարը, որ պիտի բերի շրջափակված երկրում, որտեղ ժողովրդավարություն գոյություն չունի, ատոմակայան կառուցի: Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելը տնտեսապես անիմաստ է, եթե Ղարաբաղի հարցը լուծվի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները նորմալանան, դա առավել անտեղի կդառնա: Անլուրջ եմ համարում նաեւ համահայկական բանկ եւ հիմնադրամ ստեղծելու միտքը: Ազգային հարցը տնտեսական դաշտ տեղափոխելը ճիշտ չէ: Կապիտալը գնում է այնտեղ, որտեղ շահույթ կա, ինչ կապ ունի էստեղ ազգայինը: Սրանք պրոպագանդիստական «տրյուկներ» են: Հայաստանում մի կենսական խնդիր կա՝ օրենքների գերակայության ապահովումն է դա»:
ԱՄ կուսակցության Թումանյանի տարածքային կազմակերպության քարտուղար Վլադիմիր Բեկթաշյանը դրական համարեց նախագահի՝ ուղերձով դիմելու քայլը, սակայն գտնում է, որ նախագահը պետք է նաեւ հետամուտ լինի ուղերձում բարձրացված հարցերը իրականություն դարձնելուն: «Իշխանության բուրգում, նախագահի ուղերձում նշված ճարպիկները շատ են: Եթե նա գիտի այդ ճարպիկների մասին, ապա հարց է առաջանում, ինչո՞ւ է թույլ տալիս: Մարտի 1-ի ցավալի իրադարձությունները ցույց տվեցին, որ ազգաբնակչության մի ստվար հատված այնքան էլ հաշտ չէ մեր իշխանությունների հետ: Այստեղ կարեւորը ոչ այնքան երկխոսությունն է, որ այդքան շատ թմբկահարում են, որքան ընդդիմության առողջ գաղափարները իրականություն դարձնելու հնարավորություն տալը, քանի որ ժողովրդի ստվար մասը նրանց վստահում է»: Վ. Բեկթաշյանը գտնում է, որ ընդդիմադիր մարդկանց վարկաբեկելը կամ ձերբակալելը ճիշտ չէ, եւ նախագահը, հայկական հրաշքի իր առաջարկած բանաձեւը իրականացնելիս, սա պետք է հիշի:
«Ուղերձը ես ընկալում եմ երկու ասպեկտով, առաջինը՝ դա երկրի առօրյա խնդիրներին ուղղված ծրագիր էր, 2-րդը՝ գլոբալ մարտահրավերներն էին, որ կանգնած են Հայաստանի առջեւ: Ուղերձում նախատեված են ոչ միայն գոյատեւման, այլեւ զարգացման ծրագրեր: Դրա համար կարեւորում եմ նախագահի կողմից առաջարկած 3 տնտեսական ծրագրերը՝ նոր ատոմակայնի կառուցումը, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը եւ համահայկական բանկի ու հիմնադրամի ստեղծումը: Դրանք խիստ արդիական են: Միջազգային տնտեսական ճգնաժամը առավել լուրջ հարված հասցրեց մետալուրգիային, դրա հետեւանքով Ալավերդիում այսօր շատերը մնացել են գործազուրկ, պղնձաձուլական գործարանի փակումը Ալավերդիում լուրջ ճգնաժամի կհանգեցնի, մի քիչ երազանքով եթե նայեմ հայկական բանկի եւ համահայկական հիմնադրամի ստեղծմանը, կարելի էր, գոնե, Ալավերդու նման քաղաքներում որոշակի կապիտալ ներհոսքի միջոցներով, կանխել գործարարների կողմից աշխատատեղերի կրճատումը»,- ասաց ՀՅԴ «Լալվար» կոմիտեի ներկայացուցիչ Ալբերտ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել