Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՐՁԸ ԼԱՎՆ ԷՐ, ԲԱՅՑ…

Հունվար 13,2009 00:00

\"\"Ոմանց համար 100 օրը բավական էր նախագահի ուղերձը մոռանալու համար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008թ. հոկտեմբերի 3-ի ուղերձի մասին կարծիքներ եւ մեկնաբանություններ լսելու ակնկալիքով դիմեցինք Արմավիրի մարզից ընտրված պատգամավորներին, քաղաքականության եւ տնտեսության մեջ փոքրիշատե աչքի ընկած գործիչներին եւ մի քանի մտավորականների, որոնք թեեւ զրուցելու պատրաստակամություն հայտնեցին, բայց իմանալով թեման՝ նրբանկատորեն խուսանավեցին: Ասում էին, թե այնքան էլ լավ չեն հիշում ուղերձի բովանդակությունը, իսկ երբ հիշեցնում էինք՝ միանգամից հրաժարվում էին:
Մեկնաբանություններից չխուսափեցին միայն երկուսը՝ ՀՀ ԳԽ եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ Համլետ Նահատակյանն ու Հակոբ Հակոբյանը:
Համլետ Նահատակյան.- Ինչ խոսք, ՀՀ նախագահի ուղերձի իմաստը դրական է եւ, որ կարեւորն է՝ ուղղված էր իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներին: Սակայն այն պետք է համապատասխանի իրականությանը: Մինչդեռ, ելույթից հետո դրա ազդեցությունը չզգացվեց, հակառակը՝ շարունակվեցին բռնությունները: Եթե չեմ սխալվում, այդ ուղերձից հետո էր, որ օրը ցերեկով մահափորձ կատարեցին «Հետքի» գլխավոր խմբագրի նկատմամբ: Որքան գիտեմ՝ հանցագործները մինչեւ օրս էլ բացահայտված չեն: Եթե նախագահի ուղերձը բխում է հայ ժողովրդի շահերից, ապա իշխանությունների այսօրվա վարած քաղաքականությունը չի բխում մեր ժողովրդի շահերից: Իր միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար հայ ժողովուրդը պետք է կարողանա դուրս գալ այս վիճակից: Սա չափազանց կարեւոր է: Հաստատելով վախի մթնոլորտ՝ մենք ոչնչի չենք հասնի: Երկիրը կարող է վերելք ապրել միայն քաղաքացիների ազատ իրավունքները պաշտպանելով եւ քաղաքական հայացքների պատճառով մարդկանց հետ հաշվեհարդար չտեսնելով:
Հիշեցնենք, որ իր հիմնադրած Ներսիսյան վարժարանում դասավանդելու իրավունքից Համլետ Նահատակյանին զրկել են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի էջմիածինյան հանրահավաքի ժամանակ հրապարակավ ելույթ ունենալու համար:
Հակոբ Հակոբյան.- Նախագահի ուղերձին շատ դրական եմ վերաբերվում: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր նախագահ պետք է իր ժողովրդի առջեւ պարբերաբար ելույթ ունենա, ինչը նախագահ-հասարակություն հարաբերությունների սերտացման գրավականներից է:
Երբ նախագահն է վստահեցնում երկրի կայուն իրավիճակի եւ անխախտ սահմանների մասին, ժողովուրդն իրեն ապահով եւ հանգիստ է զգում: Սակայն ամեն բան չէ, որ պետք է հասարակությանը ներկայացվի բաց տեքստով: Ենթադրենք, բեռնափոխադրումների հետ կապված մի շարք խնդիրներ ունենք հարեւան երկրի հետ, ինչը եղավ վրաց-օսական պատերազմի օրերին: Բեռները տեղ չէին հասնում կամ հասնում էին բավականին ուշացումով: Վառելանյութի խնդիր առաջացավ, բայց մեր ղեկավարությունն այդ փաստը այնպես ներկայացրեց, որ խուճապ չառաջացավ: Պատկերացրեք, եթե իրականությունը ներկայացվեր այնպես, ինչպես կար՝ խուճապ կառաջանար, կավելանար արտագաղթողների թիվը, ծնողները կխուսափեին իրենց երեխաներին բանակ ուղարկել…
Իսկ երկրի ներսում ձեւավորված զոռբայությամբ հարց լուծելու վատ ավանդույթին վերջ տալու՝ նախագահի վճռականությունը ոչ միայն ողջունում եմ, այլեւ հավատում դրա իրագործմանը: Թե ֆիլմերից, թե գրականությունից գիտենք, որ անցումային շրջանում շատ երկրներ են կանգնել բռնությամբ հարցեր լուծելու խնդրի առաջ: Դա էլ կանցնի: Ես կարծում եմ՝ եթե քաղաքական տարաձայնություններ կան, ապա դրանք պետք է լուծվեն քաղաքական փոխհամաձայնության արդյունքում: Ցանկացած մարդ՝ նախագահ լինի, թե՝ շարքային քաղաքացի, կողմնակից է ոչ թե օրենքից դուրս, այլ օրենքի շրջանակներում հարցերի ու հարաբերությունների կարգավորմանը: Աստված տա՝ մեր հասարակությունը հասնի այն մակարդակին, որ նախագահի ուղերձից, հորդորից կամ պարզապես խոսքից այնպես ազդվի, որ օրինազանցություն չանի: Բայց պատկերացնո՞ւմ եք այդ դեպքում ինչ կլինի. իդեալական երկիր կունենանք. ոչ հանցանք կլինի, ոչ՝ հանցագործություն: Բանտերն էլ դատարկ կլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել