«Մատաղիսի գործը» ձգձգվում է
«Մատաղիսի գործով» դատավարությունը շաբաթ օրը նույնպես ընթացավ գրեթե նույն սցենարով. դատը սկսվելուն պես ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանը պահանջեց դատավորներից 2-ի՝ Արմեն Խաչատրյանի ու Մարտին Սարոյանի ինքնաբացարկը: Հիշեցնենք, որ այս դատավարությամբ վճռվելու է Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի ճակատագիրը, որոնց մեղադրում են ԼՂ Մատաղիսի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ, եւ նրանց սպառնում է 15 տարվանից մինչեւ ցմահ ազատազրկում: Վերջին դատական նիստին, փաստաբան Ստեփան Ոսկանյանը, թեեւ վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել Հյուսիսային քրեական դատարան, սակայն միջնորդություն էր ուղարկել՝ պահանջելով Արմեն Խաչատրյանի ու Մարտին Սարոյանի ինքնաբացարկը: Փաստաբանը պատճառաբանել էր, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս երկու դատավորները Հյուսիսային քրեական դատարան գործուղված են սահմանափակ ժամկետով. նրանք լիազորված են մասնակցելու մինչեւ դատաքննության ավարտը, իսկ դատավարական հաջորդ փուլերին՝ դատական վիճաբանություններին, ամբաստանյալների վերջին խոսքին մասնակցելու իրավունք չունեն: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը եւս գտել էր, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս երկու դատավորները իրավունք չունեն խառնվելու Հյուսիսային քրեական դատարանի գործերին, եւ անցած տարվա դեկտեմբերի 2-ի որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչվել «Մատաղիսի գործով» ստեղծված դատարանը: Չնայած դրան՝ դատավորներն այս անգամ եւս հրաժարվեցին ինքնաբացարկից՝ փաստաբանի միջնորդությունը համարելով անհիմն: Իսկ սա նշանակում է, որ «Մատաղիսի գործով» ստեղծված դատարանը իրեն ամենեւին էլ հակասահմանադրական չի ճանաչում. համառորեն որոշել է մինչեւ մարտի 1-ը՝ Սահմանադրական դատարանի որոշման վերջնաժամկետը, ավարտին հասցնել գործը: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 22-ը: Այս անգամ ամբաստանյալների հարազատները անիծեցին զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանին՝ «անմեղ էրեխեքի գլխին գործ սարքելու ու իրենց սթրեսի մեջ պահելու համար»:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ռազմական ինստիտուտը խախտել է
Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից երեկ տեղեկացանք, որ Անզոր Իսախանովի հայցը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դեմ, բավարարվել է: Դատավոր Արարատ Պետրոսյանն իր վճռով վերականգնել է ինստիտուտի հյուսն-ապակեգործ Անզոր Իսախանովին աշխատանքում եւ վճռել ռազմական ինստիտուտից՝ հօգուտ Ա. Իսախանովի, բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Այն կազմել է 504 հազար դրամ: Նշենք, որ աշխատանքային պայմանագրի համաձայն, Ա. Իսախանովը ստացել է ամսական 32 983 դրամ գումար:
Տարեց ապակեգործը, որը խնամքին ուներ անկողնային հիվանդ կին եւ մեկ տարի պայքարում էր աշխատանքում վերականգնվելու համար, օրեր առաջ կորցրեց կնոջը: Աշխատանքից ազատվելու պատճառի մասին Ա. Իսախանովը փորձել է իմանալ ինստիտուտի վերադասից: Սակայն չէր կարողանում: Անգամ դիմել էր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, եւ միայն այդ ժամանակ էր իմացել, որ 2008թ. սեպտեմբերի 3-ից չի համարվում ինստիտուտի ծառայող:
Արձակուրդից վերադառնալուց հետո Ա. Իսախանովին արգելել են մտնել ինստիտուտի տարածք, չեն հիմնավորել՝ ինչու: Նա, փաստորեն, 2007 թ. հոկտեմբերից մինչեւ այս տարվա հունվարը հայտնվել էր պարապուրդի մեջ: Չնայած ինստիտուտի իրավաբան-ներկայացուցիչը պնդում էր, թե Իսախանովն իր արձակուրդը տնօրինելու իրավունք չի ստացել, շրջանցել է պաշտպանության նախարարի հրամանի պահանջները, «վտանգել է 1 տարվա կարտոֆիլի պահեստավորման գործընթացը», սակայն դատարանը գտավ, որ ռազմական ինստիտուտը դատարանին չի ներկայացրել արձակուրդի դիմումին առարկելու գրավոր հիմքերը եւ հայցվորին չի տրամադրել այդ մասին իրազեկելու «գրավոր ապացույց»: Հետեւաբար, ապակեգործը կոպիտ խախտում թույլ չի տվել, աշխատանքից անհարգելի չի բացակայել:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
ԴԱՀԿ-ն վերսկսեց «Բջնիի» աճուրդը
Երեկ ՀՀ ԴԱՀԿ ԱԾ մամուլի քարտուղարն «Առավոտին» տեղեկացրեց, որ հունվարի 9-ին ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանից ստացել է գրություն, ըստ որի՝ դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 30-ի վճռով «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործն ավարտվել է:
Այդ պահից սկսած՝ դատարանի որոշմամբ վճիռը օրինական ուժի մեջ է մտել: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, սնանկ ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը ավարտելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է նույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ եւ հինգերորդ մասերով նախատեսված կասեցումները վերացնելու համար»,- նշվել է ԴԱՀԿ ԱԾ ուղարկած գրության մեջ:
ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնում վերսկսվել են «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերող վարույթները: Հարկադիր էլետրոնային աճուրդը կմեկնարկի ս.թ. հունվարի 23-ին: Աճուրդի մեկնարկի մասին որոշումը ուղարկվել է պարտապան եւ պահանջատեր կողմերին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ԴԱՀԿ ծառայությունում մուտքագրվել էր Հյուսիսային քաղաքացիական դատարանի գրությունը, համաձայն որի՝ «Սատուրն շինմոնտաժ» ՍՊԸ-ի կողմից հայց էր ներկայացվել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ: Հայցը ընդունվել էր վարույթ եւ նշանակվել էր սնանկության ժամանակավոր կառավարիչ: Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 37 հոդվածի 4 կետի, հարկադիր կատարողը կասեցրել էր «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերող կատարողական վարույթները: