Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՕՐԵՐԻ «ՈՍԿԵ ՔԱՂԱՔԸ»

Հունվար 13,2009 00:00

\"\"Մեծամորի քաղաքապետի որոշումներից կարող ենք ենթադրել, որ բնակչությունն աղքատության մեջ է, իսկ Ծաղկաձորում՝ ընդհակառակը, քաղաքացիներն օգնության կարիք չունեն:

Համայնքապետերի սրտացավ ու բարեխիղճ գործունեության մասին կարծիք կազմելու համար բավական է միայն ծանոթանալ համայնքի ղեկավարի աշխատակազմի, բյուջետային հիմնարկների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակին, հաստիքացուցակին ու դրույքաչափերին: Նման եզրահանգում չէինք անի, եթե «Առավոտը» հարցումով չստանար Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքապետի ու ավագանու մի քանի որոշումները: Դեռեւս 2008թ.-ի հունվարի 25-ին, Մեծամորի արդեն նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանի զեկուցումով ընդունված ավագանու որոշումից պարզ երեւում է, թե ինչ անտարբերությամբ են քաղաքի բյուջեն դատարկել: Մասնավորապես, Մեծամորի արվեստի դպրոցի հաստիքացուցակից երեւում է, որ այստեղ աշխատում է 14 դասատու, որոնց դասավանդած առարկան այդպես էլ չի երեւում: Բացի այդ, նրանց աշխատավարձի չափն արդեն իսկ օրինախախտումով է ընդունված: 2008-ին նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է 25 հազար դրամ, մինչդեռ դասատուներից մի քանիսը ստացել են 15 300, 20 500, 20 800, 23 600 դրամ աշխատավարձ: Թիվ 2 մանկապարտեզում էլ պահել են 8 դաստիարակ, որոնցից 4-ը աշխատել է 0,5 դրույքով՝ 25 հազար դրամ ամսական աշխատավարձով, իսկ մնացած 4-ը՝ 0,27 դրույքով, 13 750 դրամով: Դաստիարակներից երեքն ունեցել է օգնականներ (25 հազար դրամ աշխատավարձով), տարբեր են եղել բակի ու մանկապարտեզի միջանցքի հավաքարարները:
Թիվ 3 մանկապարտեզում նույնպես հաստիքները սահմանվել են ըստ հայեցողության. 12 դաստիարակ, որից 6-ը՝ դարձյալ 0,27 դրույքով, 6-ը՝ 0,5 դրույքով: Այստեղ 4 հոգի 25 հազար դրամով աշխատել են որպես դասատուի օգնական: Թիվ 4 մանկապարտեզի 10 դաստիարակներից 9-ը 18 750 դրամով աշխատել է 0,37 դրույքով, իսկ մեկը՝ 0,5: Մշակույթի տան 2 խմբավարների մեկ դրույքաչափը գնահատվել է ընդամենը 9 500 դրամ, այսինքն՝ 15 500 դրամով պակաս, քան օրենքով թույլատրելի նվազագույն աշխատավարձը: Քաղաքապետարանից արդարացան, թե նվազ աշխատավարձերը մեկ դրույքից պակաս են, պարզապես այդ մասին չի նշվել: Նշենք, որ նրանց արդարացումները տեղին չեն, քանի որ որոշումներից հստակ երեւում է, թե որն է մեկ դրույք, որը՝ պակաս: Ասվածի հաստատումն է նաեւ այն, որ նույնպիսի որոշում ընդունվել է նաեւ Ռոբերտ Գրիգորյանի զեկուցումով՝ 14.11.08 թ. ավագանու նիստի ժամանակ, եւ եթե դրույքաչափ չնշելը «վրիպակ» է եղել, ապա նորընտիր քաղաքապետն իր զեկուցումով պարտավոր էր ուղղում մտցնել (Ռ. Գրիգորյանը ընտրվել է հոկտեմբերի 19-ին): Աշոտ Գրիգորյանն իր 54-Ա որոշումով 700 հազար դրամի օգնություն է հատկացրել 117 քաղաքացու, բայց խտրական մոտեցումով մի քանիսին տվել է 10, 15, 20, 30- հազարական դրամներ, իսկ քաղաքացիների զգալի մասին՝ 5-հազարական: Հավանաբար, հույս ունենալով, որ հատկացվող գումարներն իր համար ձայներ կապահովեն, նա ընտրությունից 18 օր առաջ թվով 90 քաղաքացու էլ բաժանել է 656 հազար դրամ: Այս անգամ էլ այդ ժամանակվա քաղաքապետը քաղաքացիներին «հավասար աչքով» չի նայել՝ հատկացված գումարները տատանվում են 5-50 հազար դրամի շուրջ: Ա. Գրիգորյանն իր մի քանի հարյուր որոշումներով իրացրել է համայնքին պատկանող գրեթե բոլոր հողակտորները: Աճուրդ-վաճառքներով մի քանի հեկտար էլ բաժին է հասել նրա որդուն ու ազգականներին: Դեռեւս 2006 թվականին 1 միլիոն 818 հազար դրամով համայնքի կողմից ձեռք է բերվել «Սոնալիկա Դ-1-60» մակնիշի տրակտոր, որը պետք է աշխատեր աղբահանության համար, սակայն նորընտիր քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի զեկուցումով ավագանին որոշել է աճուրդով վաճառել տրակտորը: Դեկտեմբերի 15-ի քաղաքապետի որոշումով տրակտորը 1 միլիոն 451 հազար 100 դրամով օտարվել է Արշալույս գյուղից մի բնակչի: Տրակտորի մաշվածությունն իբր 24% է եղել, իսկ վաճառքը պարզաբանվել է, իբր տրակտորը աղբահանության համար նպատակահարմար չէր: Նշենք, որ Ռոբերտ Գրիգորյանը մեծ դժվարությամբ մեզ տրամադրեց որոշումների պատճենները, նույնիսկ փորձեց ծանոթ-բարեկամներ մեջ գցել, ոպեսզի մեզ բարեխոսեն՝ հրաժարվենք որոշումներ պահանջելու մեր իրավունքից: Այլ էր Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանի դեպքում: Նա 5 օրում ուղարկեց մեր պահանջած՝ հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը քաղաքապետի կայացրած՝ թվով 55 որոշումները: Նրա որոշումների գերակշիռ մասը նույնպես վերաբերում է հողակտորների օտարմանն ու շինթույլտվություններին: Քաղաքապետի կայացրած գրեթե բոլոր որոշումները անհատական բնույթ են կրել եւ մեկ կամ մի քանի քաղաքացու են վերաբերել: Միակ որոշումը, որ ընդհանուր է՝ թիվ 37-ն է, գերեզմանատների մասնակի փակման մասին: Հետաքրքրական է, որ զբոսաշրջության կենտրոն համարվող «հարուստ» Ծաղկաձորում քաղաքապետարանին պատկանող ոչ մի մանկապարտեզ, երգի-պարի խմբակ, մշակույթի տուն, երաժշտական եւ մարզական դպրոցներ չկան: Այսինքն՝ քաղաքապետարանը համայնքի հաշվին նշված հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը չի վճարում եւ ենթադրվում է, որ այդ միջոցներն ուղղվում են քաղաքի բարեկարգմանը: Գ. Միրզոյանը քաղաքացիներին օգնություն հատկացնելու եւ ոչ մի որոշում չի կայացրել: Գաղտնիք չէ, որ Ծաղկաձորում շատ ծրագրեր իրականացվում են պետբյուջեի հաշվին, իսկ զբոսաշրջիկներից հացի փող մուրացողներ, այնուամենայնիվ, կան եւ՝ բավականին շատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել