Տիկին Լարիսայի ընտանիքը մութն ընկնելուն պես պառկում է,
որ ե՛ւ չմրսի, ե՛ւ օրերը շուտ անցնեն:
«Կիրովաբադում մի մոստ կար, որի մի կողմը պատկանում էր հայերին, մյուսը՝ թուրքերին: Մեր աչքով ենք տեսել, թե այդ մոստի վրա թուրքերն ինչպես էին հայ աղջիկների մարմնի մասերը, կենդանի-կենդանի, կտրում ու մոստից գցում ցած: Ստիպված եղանք ամեն ինչ թողնել ու գալ Հայաստան, քանի որ այդ նույն վտանգը ինձ էլ էր սպառնում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Լարիսա Մելիքյանը: Տիկին Լարիսայի ընտանիքը Կիրովաբադից Հայաստան է տեղափոխվել դեռեւս 1961 թվականին. «Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային ակումբների հերթական հանդիպումներից մեկի ժամանակ խռովություններ սկսվեցին հայերի եւ թուրքերի միջեւ: Սկզբնական շրջանում այն տարածվեց ֆուտբոլիստների ու նրանց մտերիմների շրջանում, այնուհետեւ իր շարունակությունը գտավ ժողովրդի մեջ: Էդ պատմելու բան չի, ես եմ տեսել, թե ինչեր էին անում նրանք էդ օրերին»:
Տիկնոջ պատմելով՝ Կիրովաբադում իր ընտանիքը բավականին բարեկեցիկ է ապրել, սակայն հայրենիք տեղափոխվելուց հետո թշվառության մեջ է հայտնվել, ու մինչ օրս աղքատ կյանքն ու սոցիալական խնդիրները նրան ուղեկցում են. «Տասը տարի վարձով ապրել ենք պադվալային հարկերում՝ մկների ու կռիսների հետ: Այդ ժամանակ Քանաքեռի մանկապարտեզում դայակ էի աշխատում: Հետո Անդրոպովը հրաման տվեց, որ ոչ ոք չպետք է պադվալային հարկերում ապրի: Ու մեզ տուն հատկացրին: Քանի որ տղաս էպիլեպսիկ էր, ինձ մի սենյակ էլ ավելի հասավ»: Այսօր 3-րդ կարգի հաշմանդամ տիկին Լարիսան իր 2-րդ կարգի հաշմանդամ որդու՝ Տիգրանի հետ ապրում է հաշմանդամության թոշակով: Տիկին Լարիսայի պատմելով՝ փոքր որդին ամուսնացել է եւ բոլոր կապերը խզել ընտանիքի հետ: Ընտանիքին թույլ չեն տալիս անապահովության նպաստ ստանալ, պատճառաբանելով, որ մինչեւ փոքր տղան գրանցումից դուրս չգա՝ չեն տա: «Էսօր էնպիսի մարդիկ են նպաստ ստանում, որ տան բոլոր անդամներն աշխատում են, իսկ ինձ ասում են՝ բալերդ չի հերիքում: Խնդրեմ, թող գան իմ տուն, իմ պայմանները տեսնեն: Թող տեսնեն, որ աշխարհից կտրված ենք ապրում՝ էս չորս պատի մեջ, մի կտոր հացի կարոտ»,- ասաց նա: Մելիքյանների բնակարանը ստացած օրվանից չի վերանորոգվել: Տանը եղած մի քանի հնացած իրերը տիկին Լարիսան նվեր է ստացել ուսանողների կողմից՝ այն ժամանակ, երբ աշխատել է Զեյթունի ուսանողական հանրակացարանում: Նրանց ունեցածը հին հեռուստացույցն է, որի միայն ձայնն է լսվում: Տիկին Լարիսան 3 անգամ վիրահատվել է: Առաջին երկու վիրահատությունների բոլոր ծախսերը հոգացել են ուսանողական հանրակացարանի ուսանողները՝ հնդիկներ ու պարսիկներ: Տիկնոջ վերջին վիրահատությունը չարորակ ուռուցք է եղել՝ ոտքի տակ: Վիրահատությունից հետո դժվարությամբ է քայլում եւ չի կարողանում աշխատել: «Լիֆտ չէի նստում, քանի որ չէի կարողանում փողը տալ: Բայց ոտքիս վիրահատությունից հետո ինձ առաջարկեցին լիֆտից օգտվել, միայն թե ես մաքրեմ այն: Հիմա էդպես էլ անում եմ»: Տիկին Լարիսայի բնակարանը գրեթե չի ջեռուցվում, հնարավորություն չունեն. «Անգամ չեմ կարողանում կարդոններ, չորացած ճղներ հավաքել վառելու համար: Վախենում եմ տնից դուրս գալ, քանի որ տղաս հիվանդ է: Մի անգամ նոպայի ժամանակ ընկել էր պլիտայի վրա: Էդ օրվանից նախընտրում ենք ցրտում մնալ»:
Տիկին Լարիսայի տղան՝ Տիգրանը, շաբաթը մեկ աշխատանքի է ընդունվում եւ ազատվում. «Նոպայի ժամանակ բոլորը վախենում են, ո՞ր մի տնօրենը կուզենա էդպիսի աշխատող ունենալ»,- ասաց Լ. Մելիքյանը: Այս ընտանիքին ձմեռը ուրախացնում է միայն օրվա կարճությամբ՝ «Ժամը 7-ից պառկում ենք, որ չմրսենք, հա՛մ էլ օրերը շուտ անցնեն»: