«ԲՀԿ»-ն ներկուսակցական մակարդակով քննարկում է ՀԴՄ-ների տեղադրումը հետաձգելու հարցը
Հունվարի 1-ից առեւտուր եւ սպասարկում իրականացնող ցանկացած տնտեսվարող սուբյեկտ՝ հանրային զուգարաններից սկսած, առեւտրային օբյեկտներով, հագուստի ու սննդի տոնավաճառներով վերջացրած, պետք է իր մատուցած ծառայությունների դիմաց վճարված գումարի համար հաճախորդին պարտադիր տրամադրեր ՀԴՄ (հաշվիչ դրամարկղային մեքենաների) կտրոն: Սահմանված ժամկետից անցել է մոտ 2 շաբաթ, սակայն որոշ տոնավաճառներում եւ մի շարք այլ սպասարկման օբյեկտներում անգամ ՀԴՄ-ները տեղադրված չեն, հետեւաբար սպառողին ոչ մի կտրոն էլ չի տրամադրվում: Բացի այն, որ սպառողները զրկվում են պետության «ներդրած» վիճակախաղին մասնակցելուց (ՀԴՄ կտրոններն այժմ իրենցից լոտո են ներկայացնում, որոնցով ամեն ամիս պետք է խաղարկություն տեղի ունենա), տնտեսվարողներն էլ շարունակում են պետությունից թաքցնել իրենց եկամուտները:
Նկատենք, չնայած նրան, որ ՀԴՄ-ների պարտադիր կիրառման մասին օրենքն արդեն ընդունվել է եւ արդեն ուժի մեջ է մտել, այդուհանդերձ, որոշ քաղաքական կուսակցություններ, հաշվի առնելով միջազգային տնտեսական ճգնաժամը, այս օրերին, առայժմ ներկուսակցական մակարդակով քննարկումներ են ծավալել՝ օրենքի կիրառումը գոնե ժամանակավորապես հետաձգելու համար: Հատկապես, որ սննդի եւ հագուստի տոնավաճառներում շատ առեւտրականներ հրաժարվել են իրենց գործունեությունից, պատճառաբանելով, որ իրենց օրվա եկամուտը բավարար չէ անգամ տեղի գումարը վճարելուն, էլ ուր մնաց՝ կարողանան ՀԴՄ-ով աշխատել:
Մեր տեղեկություններով՝ այդ քննարկումներն ընթացել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում: Ըստ լուրերի, ԲՀԿ-ն պատրաստվում է առաջիկայում Ազգային ժողովում առաջարկությամբ հանդես գալ, որպեսզի ՀԴՄ-ների պարտադիր կիրառումը մի փոքր էլ հետաձգվի: Մեզ հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ իրենք որոշում չեն կայացրել այդ առաջարկությամբ հանդես գալ ԱԺ-ում. «Մենք մեր քաղխորհրդի նիստի ժամանակ քննարկել ենք այն հարցը, թե արդյոք նպատակահարմար չէ՞ր լինի հետաձգել այդ օրենքի կիրառումը, սակայն վերջնական որոշում չի կայացվել: Սա ընդամենը մտահոգություն է: Ես հանդիպելու եմ մեր կուսակցության ղեկավարի հետ, ամենայն հավանականությամբ՝ մենք այդ հարցն էլ կքննարկենք: Մենք կարծում ենք, որ ՀԴՄ-ների տեղադրումը ե՛ւ ծախսատար է, ե՛ւ աշխատատար, սակայն չենք հերքում, որ դա բերելու է տնտեսությունների շրջանառության թափանցիկությանը»: Իսկ կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանն այս առնչությամբ ավելացրեց, որ իրենց կուսակցությունը չի ցանկանում, որ փոքր եւ միջին ձեռնարկությունները ծանրաբեռնվեն հարկերով:
Թե ինչու մինչեւ հիմա շատ տոնավաճառներում ՀԴՄ-ներ չեն տեղադրվել եւ, արդյոք, հնարավո՞ր է, որ օրենքի կիրառումը ճգնաժամի պատճառով հետաձգվի, «Առավոտը» փորձեց պարզել պետեկամուտների կոմիտեից: Սակայն մեր հարցերին կոմիտեն առայժմ որեւէ հստակ պատասխան չտվեց: Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից միայն տեղեկացրին, որ ստուգումներ են իրականացրել եւ պարզել, որ «Նոր Զովք», «Գրանդ քենդի» եւ «Երեւան Սիթի» խանութների ցանց ունեցող տնտեսվարողների մոտ արձանագրվել են ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքեր եւ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
ՀԴՄ կտրոններ չտրամադրող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված ֆինանսական պատասխանատվության միջոցների կիրառումից բացի, պարբերական խախտումների դեպքում, հարկային մարմիններն օգտվելու են օրենքով սահմանված կարգով ու ժամկետներով՝ ՀԴՄ շահագործողի գործունեությունը կասեցնելու իրավունքից: