Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ ՇՈՐ ՈՒ ԿՈՇԻԿԻ՞ ՀԱՄԱՐ

Հունվար 13,2009 00:00

Կառավարության կողմից գյուղացիներին տրամադրված սուբսիդիան ծառայել է գյուղապետարանների աշխատողների աշխատավարձերը վճարելու եւ հողի հարկերը գանձելու համար:

Նախորդ տարեվերջին կառավարությունը հանրապետության մի քանի մարզերի գյուղացիական տնտեսություններին տրամադրեց սուբսիդիա, որը պետք է ծառայեր հողի որակը բարելավելու, բերքատվությունը բարձրացնելու եւ ժամանակին բերքահավաքը կազմակերպելու համար: Օգնությունը նախատեսված էր տվյալ մարզի՝ որոշակի չափանիշների համապատասխանող համայնքների հողօգտագործողների համար՝ 1 հա հողի դիմաց՝ 35 հազար դրամի չափով: Սակայն պարզվում է, որ որոշ համայնքապետեր նախապես այդ սուբսիդիան տնօրինելու այլ տարբերակներ են մշակել: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի տասնյակ գյուղացիներ «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրին, որ թեեւ տեղյակ են եղել, որ իրենց հասանելիք գումարն արդեն փոխանցվել է, սակայն նրանք դրա երեսը չեն տեսել: Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը համայնքապետերին հրահանգել է սուբսիդիայի գումարը կանխիկ չվճարել գյուղացիներին, այլ դրանցով փակել նրանց կողմից կուտակած մեկ կամ երկու ամսվա հողի հարկը, իսկ ավելացած գումարն էլ օգտագործել հողի հարկը նախապես, այսինքն՝ 2009-ի առաջին մի քանի ամիսների համար վճարելու նպատակով: Գյուղապետերն այս հրահանգից բավականին ոգեւորվել ու շահել են, քանի որ, ինչպես հայտնի է, գյուղապետարանները ինքնաֆինանսավորվող մարմիններ են եւ իրենց աշխատակիցների աշխատավարձերը ստանում են գյուղապետարանի բյուջեից: Հետեւապես, գյուղապետերն առիթը բաց չեն թողել տարեվերջին իրենց աշխատակիցներին ուրախացնելու եւ մի քանի ամիս կուտակած աշխատավարձերը սուբսիդիայի հաշվին վճարելու համար: Գյուղապետերը հերթով կանչել են բոլոր այն գյուղացիներին, որոնց համար նախատեսված է եղել սուբսիդիան եւ ցուցակում ստորագրել տալուց հետո, նրանց դատարկաձեռն ճանապարհել են տուն: Նշենք նաեւ, որ գումարը փոխանցվել է ոչ թե գյուղապետարաններ, այլ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարներին: Յուրաքանչյուր բնակիչ «Հայփոստից» պետք է անձամբ ստանար իրեն հասանելիք սուբսիդիան: Ու քանի որ մի շարք համայնքներում «Հայփոստի» մասնաճյուղերը գործում են հենց գյուղապետարանների շենքում, գյուղացիները գյուղապետարանի հաշվապահի ուղեկցությամբ մտել են «Հայփոստ» եւ իրենց անվան դիմաց ստորագրելուց հետո՝ գումարը հանձնել հաշվապահին:
Ընդ որում, բնակիչների հավաստմամբ, գյուղապետերն իրենց հողատարածքների չափերը գրանցել են այնքան, որքան իրենք հարկ են համարել: Այսինքն՝ եթե տվյալ գյուղացին ունեցել է, ասենք, ընդամենը 18 հազար դրամ հողի հարկի պարտք, ապա գյուղապետը նրա հողատարածքը առանց ճշգրտելու գրանցել է, ասենք, 500 քմ-ի չափով, քանի որ այդքան գումարը բավարար է համարվել հողի հարկը գանձելու եւ դեռ մի բան էլ ընթացիկ տարվա համար հոգեպահուստ ունենալու: Թե ինչքանով է վերահսկվել, որ սուբսիդավորման համար հատկացված գումարը ծառայի իր նպատակին, փորձեցինք պարզել գյուղատնտեսության նախարարության սուբսիդավորման բաժնի պետ Վլադիմիր Մանուկյանից: Մեզ հետ զրույցում պարոն Մանուկյանն ասաց, որ ահազանգի դեպքում նման արարք գործած գյուղապետերին կարելի էր անգամ կախել: Սակայն նա չբացառեց, որ այդ գումարը կարող էր եւ այլ նպատակների ծառայել. «Բոլոր գյուղացիները պարտադիր իրենք պետք է գնան այդ գումարները ստանալու, իսկ գումարի հետագա տնօրինումը արդեն իրենց խնդիրն է: Քանի որ կառավարությունն այդ գումարը տրամադրել է վարուցանքի սեզոնից հետո, ապա գյուղացին կարող է իր ցանկությամբ կոշիկ առնել, կոմբայնավարի գումարը տալ, հողի հարկը մուծել կամ պարտքով վերցրած վառելիքի գումարը վճարել: Դա իր խնդիրն է»:
Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն էլ «Առավոտին» հավաստիացրեց, որ իր կողմից մարզի համայնքապետերին՝ սուբսիդիան հողի հարկի պարտքի դիմաց գանձելու հրաման չի տրվել. «Ես գյուղապետին հրաման տալու իրավունք չունեմ: Երեւի թե այդ գյուղացիներն այնքան էլ ճիշտ չեն ասում: Նրանք պետք է գնային ստանային այդ գումարը եւ այնտեղ էլ հողի վարձավճարը մուծեին: Հիմա ի՞նչ տարբերություն՝ ստանալու ժամանակ մուծեին, թե գումարը բերեին տուն, հետո տանեին մուծեին»: Ըստ մարզպետի՝ խնդիրը պետք է այլ կերպ դիտարկել. «Այստեղ խնդիրն այն է, որ գյուղապետարաններից ամեն մեկը ընդամենը 15%-ով է սեփական եկամուտները հավաքագրել: Գյուղացիները հողը օգտագործում են եւ վճարը չեն տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել