Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն պաշտոնական Երեւանի կամակատարն է

Հունվար 13,2009 00:00

\"\"Ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը

Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված քաղաքագետներ Մանվել Սարգսյանն ու Երվանդ Բոզոյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն ու ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանն առնչվող հարցեր: Մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման հարցում երկու փորձագետներն էլ համամիտ են եղել, որ հակամարտության լուծումը շատ բարդ է: Մ. Սարգսյանի դիտարկմամբ, Լեռնային Ղարաբաղն այսօր ոչ միայն բանակցային կողմ չէ, այլեւ դադարել է գործոն լինելուց, որովհետեւ 10 տարի առաջ այդպես ցանկացել են ՀՀ իշխանությունները, իսկ ԼՂ իշխանությունները, ըստ նրա, այսօր Հայաստանի իշխանության հրահանգների կամակատար են: Փորձագետի ասելով, ԼՂ-ին որպես այդպիսին են ընկալում նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում: «Հակամարտության կարգավորման գործում Ղարաբաղը չի կարող համաձայնել կամ չհամաձայնել ինչ-որ բանի հետ, որովհետեւ նրան բանի տեղ դնող չկա»,- հայտարարել է Մ. Սարգսյանը: Նրա կարծիքով, ԼՂ իշխանությունները չեն արտահայտում ժողովրդի տեսակետները, իսկ «Ղարաբաղի հասարակությունը չունի այլընտրանքային տեղեկատվության աղբյուր, ճնշված է բանակից։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ Արցախի ժողովուրդը սխալ է ընկալում իրականությունը եւ արձագանքում է ոչ համարժեք»։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը չի համաձայնել այդ կարծիքին։ Ըստ նրա, ԼՂ խնդիրը թեեւ բավական բարդ ու խճճված է, բայց դա չի նշանակում, որ Ղարաբաղը որպես գործոն գոյություն չունի, որ պաշտոնական Ստեփանակերտը ՀՀ իշխանությունների կամակատարն է։ Նրա համոզմամբ, կարեւոր է, որ հասարակությունը այդ գործընթացներում գործոն լինի, իսկ երկրի համար ճակատագրական պահին ժողովուրդը կասի իր վճռական խոսքը։ Երկու բանախոսներն էլ համակարծիք էին, որ ԼՂ հակամարտությունը կկարգավորվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանից ու Ադրբեջանից բացի՝ այդ խնդրի շուրջ ընդհանուր հայտարարի գան Մինսկի խմբի համանախագահ երկրները, նաեւ Իրանն ու Թուրքիան։
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ճակատագրին՝ Ե. Բոզոյանը քիչ հավանական է համարել ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հեռանկարը, միաժամանակ շեշտելով, թե այդ պատժամիջոցի կիրառումը մեծ հարված կլինի Հայաստանին, ուստի՝ «ՀՀ իշխանությունը պետք է Եվրոպային ռեալ իմպուլսներ փոխանցի, որ կգնա իրական բարեփոխումների ճանապարհով»: Արձագանքելով լրագրողների այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են իշխանություններն այնքան հանգիստ, քաղաքագետը նկատել է, թե՝ իշխանությունները ցույց են տալիս, որ հանգիստ են, թաքցնելու համար, որ իրականում անհանգիստ են:
Մ. Սարգսյանը այս հարցի համատեքստում հիշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությունը, ըստ որի, «եթե մեզ Եվրոպան զրկի ձայնից, կգնանք մահմեդական աշխարհ»: Ի տարբերություն Ե. Բոզոյանի, ով այդ հայտարարությունը անլուրջ է համարել, Մ. Սարգսյանը կարծիք է հայտնել, թե՝ դա ոչ միայն Սահակյանի, այլեւ իշխանության տեսակետն է, որն անկասկած Եվրոպայից զրկվելու դեպքում կսկսի փող որոնել այլ տեղերում, ընդհուպ մահմեդական աշխարհ: «Խնդիրն իշխանության համար միմիայն փող գտնելն է»,- նկատել է քաղաքագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել