Ժամանակին մեր կառավարությունում այսպես էին թարգմանել «Окружающая среда արտահայտությունը: Պարզվեց, որ ռուսերենին գրեթե նույն չափով են տիրապետում նաեւ Հայաստանի խորհրդարանում:
Անցած տարվա ավարտից մեկ օր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպայի խորհրդի անդամ այլ երկրների խորհրդարանների ղեկավարներին է հղել մի նամակ, որով նրանց պատվիրակությունների աջակցությունն է խնդրում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ բանաձեւի քննարկման ժամանակ: Ենթադրելի է, որ նույն տեքստը ուղարկվել է տարբեր լեզուներով: Տեղյակ չենք, թե արդյոք անգլերեն եւ այլ տեքստերն է՞լ են լեզվական նույն որակի, սակայն ԵԽ անդամ ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարներին ուղարկված ռուսերեն տեքստին ծանոթությունից պարզ է դառնում, որ ԱԺ աշխատակազմում թերեւս չկա այդ լեզվին բավարար տիրապետող որեւէ աշխատակից, որը նման խայտառակ տառասխալներով ու նաեւ ոճական սխալներով լեցուն տեքստ չէր կազմի: Մեր տրամադրության ներքո է հայտնվել ուղարկված դիմումներից մեկի՝ ուղղումներով լեցուն տարբերակը: Սակայն հարկ է նշել, որ այդ ուղղումներն էլ որոշ դեպքերում ճշգրիտ ու տեղին չեն:
Այնուամենայնիվ, մի կողմ թողնելով տեքստի գրագիտության աստիճանը, որի մեջ յուրաքանչյուրը կարող է համոզվել՝ ընթերցելով նամակի լուսապատճենը, թարգմանաբար ներկայացնենք բովանդակությունը: Հայաստանի Ազգային ժողովի նախագահն իր արտերկրի գործընկերներին տեղեկացնելով, որ դեկտեմբերի 17-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովն ընդունել է մեր երկրի վերաբերյալ բանաձեւի նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից՝ նշում է, թե ակնկալում են տվյալ երկրի պատվիրակների բարենպաստ վերաբերմունքն իրենց հուզող հարցերի առնչությամբ: Եվ նշված է, թե այդ նամակին կից ներկայացվում է հուշագիր, որը հնարավորություն կընձեռի «ստանալ առավել հիմնավոր պատկերացումներ բանաձեւի նախագծում արծարծված հարցերում առաջընթացի վերաբերյալ»: Ի լրումն, Հովիկ Աբրահամյանն ուշադրություն է հրավիրել նախագծի «շատ վտանգավոր բովանդակության վրա, որն ընդունվելու դեպքում՝ էականորեն կվնասի Հայաստանի ներքին կայունությանը եւ դատական գործընթացին միջամտություն կլինի, ինչը կվնասի պետական կառույցների ամբողջականությանը, որը հիմնված է իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա»: Ի դեպ, «Ազատություն» ռ/կ-ին դեկտեմբերի 29-ին տված հարցազրույցում ԱԺ նախագահը մտավախություն էր հայտնել, թե նման միջամտություն կգնահատվի դատավարության ընթացքում համաներում կիրառելը՝ տեղիք տալով տարակուսանքի, թե իշխանություններն այդ ե՞րբ են համաներում կիրառելիս մեղադրվել, որ միջամտում են դատական իշխանության գործունեությանը:
Այս դիմումի մեջ կրկնված է նաեւ այն պնդումը, որը Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած որոշումից հետո դրոշ են դարձրել մեր իշխանավորները, թե ԵԽԽՎ-ն կրկնակի չափանիշներ է կիրառում: «Ոչ պակաս կարեւոր է, որ առաջարկվող պատժամիջոցը չափազանց կոշտ է, անհամաչափ եւ չի համապատասխանում խորհրդարանական վեհաժողովի նախկին գործելակերպին, այդ թվում եւ՝ տարածաշրջանի այլ պատվիրակությունների հանդեպ: Դա կլինի երկակի չափանիշների կիրառման դրսեւորում եւ հակասում է ԵԽԽՎ շրջանակներում համագործակցության եւ երկխոսության խթանման մեր ջանքերին»:
Հովիկ Աբրահամյանի ստորագրությամբ ուղարկված այս դիմումի մեջ նաեւ կան հետեւյալ անհասցե ակնարկները. «Իր բնույթով նախագիծը պարունակում է լուրջ մտավախություններ, որ տարածաշրջանային քաղաքականության հիմնարար հարցերի կապակցությամբ Հայաստանի նկատմամբ որոշ ուժերի կողմից ճնշում է կիրառվում, որոնք չեն ընկալվի, սակայն շատ հարցերում կվնասեն մեր վճռականությանը եւ ջանքերին՝ կայունացնել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»: Այն, որ բանաձեւի այս նախագծով ԵԽԽՎ-ն իբր ուզում է Ղարաբաղի հարցում զիջումներ կորզել Հայաստանից՝ իշխանական վարկածներից մեկն է: Մյուս վարկածն էլ թերեւս գրեին, թե այսպիսով մեզնից պահանջում են «գունավոր հեղափոխություն» իրականացնել, սակայն չմոռանանք, որ հասցեատերերի մեջ նաեւ այն երկրների խորհրդարանների ղեկավարներն են, որտեղ իրոք իրականացվել է գունավոր հեղափոխություն, ինչպես այս մի օրինակը, որն ուղղված է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին:
Քաղբանտարկյալների գոյությունն արդարացնելու համար ԱԺ նախագահի նամակում հիշատակված է անգամ շրջափակման մասին, ինչը չէր արվում շատ վաղուց. «Դա կլինի լրացուցիչ եւ լուրջ ճնշում երկրի տնտեսության վրա, ինչն էականորեն կնվազեցնի օտարերկրյա ներդրողների վստահությունը, որը շատ անարդարացի է մի պետության հանդեպ, որը գտնվում է շրջափակման մեջ, հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում»:
Նամակի վերջում Հովիկ Աբրահամյանը նշել է, թե անկեղծորեն վստահում է հասցեատիրոջ «ողջախոհությանը եւ բարեկամեցողությանը», եւ հուսով է, որ իրենց նկատառումները եւ բանաձեւում առաջարկվող փոփոխությունները կարժանանան նրա լիակատար աջակցությանը. «Անհրաժեշտության դեպքում Ձեր տրամադրության ներքո եմ այն հարցերի պարզաբանման կապակցությամբ, որոնք կարող են ծագել այս առիթով»: Հավաստիացված է նաեւ, որ Հայաստանի ԱԳՆ-ն ու ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը միշտ պատրաստ են բացատրություններ տրամադրել «Ձեր պատվիրակությանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին նախապատրաստելու համար»: Հաշվի առնելով, թե ինչպես են թարգմանվել մասնավորապես այդ «տրամադրության ներքո» լինելու եւ «նախապատրաստության» մասին արտահայտությունները՝ կարելի է ենթադրել, որ այս նամակի հասցեատերերը կարգին զվարճացել են դրանք ընթերցելով: Համոթ մեր երկրի:
Հ. Գ. Երեկ առավոտյան ԱԺ էինք դիմել՝ մեկնաբանություններ խնդրելով այս նամակի վերաբերյալ եւ մասնավորապես հետաքրքրվելով՝ մի՞թե չունեն ռուսերենին տիրապետող աշխատակիցներ: Պատասխան չեղավ: Փոխարենը ԱԺ պաշտոնական կայքէջում ուշ երեկոյան հայտնվեց դեկտեմբերի 30-ի այդ նամակի հայերեն տարբերակը, որը, բարեբախտաբար, ավելի գրագետ է եւ բավական տարբերվում է ռուսերեն տեքստից: