Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ն ԷԼԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

Հունվար 13,2009 00:00

  «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը եւ փաստաբան Արայիկ Ղազարյանը՝ որպես «Մելտեքս» ՍՊԸ ներկայացուցիչներ (հիշեցնենք, որ այդ ընկերության կազմում է «Ա1+»-ը), անցած տարվա դեկտեմբերի 19-ին դիմել էին Հայաստանի վճռաբեկ դատարան՝ պահանջելով նոր ի հայտ եկած հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի 2004 թվականի փետրվարի 27-ին եւ ապրիլի 23-ին կայացրած որոշումները: Նշենք, որ այդ ժամանակ ՀՀ տնտեսական դատարանը քննել էր «Մելտեքս» ՍՊԸ-ի դիմումներն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ մերժել դրանք: «Մելտեքս» ընկերությունը բողոքարկել էր Տնտեսական դատարանի վճիռը ՀՀ վճռաբեկ դատարանում, սակայն վերջինս ուժի մեջ էր թողել տնտեսական դատարանի վճիռները:
Այժմ նոր հանգամանքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008 թ. սեպտեմբերի 17-ին ուժի մեջ մտած վճիռն է, ըստ որի՝ «Ա1+»-ի նկատմամբ խախտվել էր Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու ազատության իրավունքի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանին ուղղված այս դիմումի մեջ «Մելտեքսի» ներկայացուցիչները հիշեցրել են, որ ՄԻԵԴ վճիռներով՝ «պատասխանող պետության վրա իրավական պարտականություն է դրվում վերացնել խախտումը եւ իրականացնել ընդհանուր միջոցառումներ, որոնք կապահովեն, որպեսզի տուժողի համար հնարավորինս վերականգնվի մինչեւ Կոնվենցիայի խախտումը գոյություն ունեցած վիճակը»:
Սակայն Վճռաբեկ դատարանը, օրենքով սահմանված եռօրյա ժամկետում, որոշում չի կայացրել վերանայման վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին: Եվ այդ պատճառով էլ Արտակ Զեյնալյանը դեկտեմբերի 29-ին բողոքարկել է դատարանի անգործությունը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին խնդրելով. «Վերացնել դատարանի անգործությունը, դրա հետեւանքով առաջացած վստահորդիս իրավունքների խախտումը, վարույթ ընդունել դիմումներն ու դրանք ուղարկել ծանուցման հասցեով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել