Մեկը չի պատասխանում, մյուսը՝ չի հասկանում
Մարտիմեկյան իրադարձություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց «Հանրային խորհրդի» ստեղծման գաղափարը, որը, իբր, նպատակ էր հետապնդելու թուլացնել ներհասարակական լարվածությունը: Նախագահի նախաձեռնությունը հանրությանը մատուցվեց բավականին մեծ շուքով: Արեւի տակ իրենց տեղը տակավին փնտրող ամենատարբեր բնագավառի եւ տրամաչափի գործիչները գերադրական աստիճանի էին հասցնում որակումները՝ այդ նախաձեռնության «ամենալավ գովերգող» տիտղոսին հասնելու համար: Սակայն կյանքը ցույց տվեց, որ երիցս ճշմարիտ էին այն գործիչները, ովքեր «ի սկզբանե մեռելածին» որակեցին այդ գործը: Աշխատանքային խումբը խորհրդի կանոնադրության վրա աշխատանքն ավարտել է դեռ 2008 թվականի սեպտեմբերին: Այդ ժամանակից ի վեր կանոնադրությունը ներկայացվել է նախագահի հաստատմանը: Նախագահի «դաբրոն» մինչ օրս չկա: Նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հապաղում կյանքի կոչել իր իսկ նախաձեռնությունը, երեկ այդպես էլ չպատասխանեց:
Աշխատանքային խմբի անդամ, ԱԺԴ ղեկավար Արշակ Սադոյանն էլ ասաց, որ հույս ունի, թե օրերս նորություններ կլինեն: Նա կարծում է, որ ամանորյա աժիոտաժն է գործընթացի կասեցման պատճառը. «Այսօրվա վիճակում, երբ ունենք այսպիսի Ազգային ժողով, այդ խորհուրդը լավ կլիներ: Հայաստանի համար այսօր «քաշ» ունեցող գործիչների անհրաժեշտություն կա, որոնք կկարողանային իրենց խոսքն ասել: «Հանրային խորհուրդը» մեծ դեր կարող էր ունենալ, եթե նախաձեռնողները փորձեին իսկապես այդ դերն ապահովել խորհրդի համար: Այսօրվա դրությամբ բոլորովին պարզ չէ, թե այդպես կլինի՞: Ճիշտն ասած՝ դեռ հույս ունեմ»: Քանի որ խորհրդի ստեղծման նախաձեռնությունը հենց Սերժ Սարգսյանինն էր, Արշակ Սադոյանից հետաքրքրվեցինք՝ հիասթափվա՞ծ է նախագահից: «Քանի որ նախագահին էլ ձեռնտու է խորհրդի ստեղծումը, ուղղակի անհասկանալի են պատճառները, թե ինչո՞ւ ինքն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում: Կարող է, ուրիշների՞ն ձեռնտու չէ,… եւ ինչքանով է նա ենթակա այդ ուրիշների թելադրանքին՝ դա էլ չեմ կարող ասել, որովհետեւ իմ տպավորությունն այն է, որ մինչ այսօր նա բավականին անկախ քաղաքականություն է տանում, հաճախ կարողանում է իր կամքը թելադրել իր շրջապատի, այսպես ասած, «քաշ» ունեցող գործիչներին, բայց ներքին քաղաքականության ոլորտում դա մինչեւ վերջ չի հասնում, չգիտեմ՝ ինչ պատճառով»,- եղավ պատասխանը: Իսկ թե «ուրիշներ» ասելով ո՞ւմ նկատի ունի Սադոյանը՝ «Չէի ցանկանա մանրացնել, քանի որ դրանք իմ ենթադրություններն են, եւ փաստային հիմնավորումներ չունեմ: Բայց կարծում եմ՝ Ազգային ժողովում այսօր շատերը կան, որոնք չէին ցանկանա, որպեսզի ստեղծվեր նախագահին կից մի կառույց, որն ավելի ազդեցիկ կլիներ, քան այդ ուժերը»:
Արշակ Սադոյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ հետեւո՞ւմ է, արդյոք, «7-ի գործի» դատավարությանը եւ ի՞նչ տպավորություններ ունի. «Ես լուրջ հետեւում եմ այդ դատավարությանը. ցավում եմ, որ հաճախ էմոցիոնալ պոռթկումները ավելի մեծ դեր են կատարում, քան հաշվենկատ քաղաքական գիծը: Չի կարելի դա սարքել ծիծաղելու թեմա, ֆարս, երբ մարդիկ արդեն մեկ տարի է՝ նստած են: Որեւիցե լուրջ խնդիր չեմ տեսնում նաեւ կատարելու դատավարական քայլերը՝ դատավորի ներս գալուց բոլորն էլ կանգնում են… դրանով ի՞նչ: Իսկ ընդհանրապես, այս գործի քննությունը բավական լուրջ քաղաքական հետեւանքներով է հղի: Նույնիսկ այսօր ես դեռ հույս ունեմ, որ քայլեր կձեռնարկվեն, որպեսզի Հայաստանում «քաղբանտարկյալ» ասվածը չլինի»: