Կոնգրեսում չեն վստահում ՔԿՀ-ներում անցկացվող ծառայողական քննությանը
Դեռ 2008թ. դեկտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող եւ «Մարտի 1»-ի գործով անցնող թվով երեք քաղբանտարկյալներ՝ ՀՀՇ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը, Գեւորգ Մանուկյանը եւ Արմեն Խուրշուդյանը ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել: Այս տարեսկզբին հայտնի դարձավ, որ նման բռնությունների է ենթարկվել նաեւ Վարդգես Գասպարին: Իրենց ծեծի ենթարկելու մասին, բացառությամբ Ա. Խուրշուդյանի, Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել էին անձամբ ֆիզիկական բռնությունների ենթարկված անձինք՝ Գրիգոր Ոսկերչյանն ու Վարդգես Գասպարին, իսկ ահա Գեւորգ Մանուկյանն իր հետ կատարվածը նկարագրել էր իր ձեռագրով գրված նամակ-դիմումում, որը դեկտեմբերի 24-ին հասցեագրել էր ոչ միայն ՀՀ օմբուդսմենին, այլեւ՝ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին: Բոլորն էլ ծեծի էին ենթարկվել այն բանից հետո, երբ ՔԿՀ-ի աշխատակիցները ճշտել էին, որ նրանք «Մարտի 1»-ի գործով են անցնում:
Տեղի ունեցածի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի, նաեւ ՀՀ օմբուդսմենի արած հայտարարություններից հետո ՀՀ արդարադատության նախարարը, հերքելով հանդերձ այդ տեղեկությունները, ծառայողական քննություն անցկացնելու հրաման էր արձակել: Ծառայողական քննությունը երկար տեւեց: Դրա արդյունքների մասին երեկ տեղեկատվություն է փոխանցել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը: Ըստ այդմ, Արմեն Խուրշուդյանը բացատրություն է տվել, թե՝ դեկտեմբերի 24-ին, «նախնական պայմանավորվածության համաձայն, իրեն է այցելել իր շահերի պաշտպանը, որին Ա. Խուրշուդյանը խնդրել է ձեռնարկել միջոցներ իրեն նախկին խուց տեղափոխելու նպատակով: Ա. Խուրշուդյանն իր խուցը փոխելու առիթով եղել է վրդովված եւ պաշտպանին պատմել է, թե քրեակատարողական ծառայողները իր հետ խոսել են կոպիտ: Ըստ Ա. Խուրշուդյանի կողմից գրված բացատրության՝ որեւէ այլ բան փաստաբանին չի պատմել, բողոք չի ներկայացրել, առավել եւս չի ասել, որ իրեն ծեծել են: Փաստաբանը խոստացել է լուծել նախկին խուց տեղափոխելու հարցը եւ հեռացել: Երկու օր անց իրեն տեղափոխել են նախկին խուց, որից հետո իրեն են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները եւ հարցրել, թե ով եւ երբ է իրեն ծեծի ենթարկել: Ա. Խուրշուդյանն իր բացատրությամբ հայտնել է նաեւ, որ իրեն որեւէ մեկը ծեծի չի ենթարկել, չի հարվածել, չի վիրավորել եւ որեւէ այլ կերպ չի նսեմացրել իր արժանապատվությունը: Վերջինս ավելացրել է, որ իր նկատմամբ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից միշտ դրսեւորվել է նորմալ եւ մարդկային վերաբերմունք»:
Իսկ ահա Գեւորգ Մանուկյանն, ըստ մամուլի քարտուղարի, «իր բացատրությամբ խնդրել է իր փաստաբանի կողմից ՀՀ արդարադատության նախարարին եւ այլ պաշտոնատար անձանց հասցեագրած դիմումները թողնել առանց քննարկման: Խնդրել է ժամանակ՝ իր փաստաբանի հետ խորհրդակցելու համար»: Ավելին, պարզվում է, «ծառայողական քննության շրջանակներում նույնաբովանդակ բացատրություններ են տվել նաեւ Գ. Մանուկյանի խցում գտնվող Սարգիս Ասատրյանը, Աշոտ Նահապետյանը եւ Էդուարդ Այվազյանը, հայտնելով, որ Գ. Մանուկյանը խուզարկության ընթացքում գտնվել է միջանցքում, իրենց կողքին, եւ այդ ընթացքում վերջինիս ոչ ոք չի հրել, չի հարվածել, չի ծեծել՝ ո՛չ խուզարկության ժամանակ եւ ո՛չ էլ դրանից հետո»:
Դեռ դեկտեմբերին տեղեկություններ կային, որ ՔԿՀ ղեկավարությունն ու կալանավորներին ծեծի ենթարկածները սպառնացել էին ծեծի ենթարկվելու մասին հայտարարություններ արած անձանց՝ հայտարարությունները ետ վերցնել: «Առավոտի» տեղեկություններով, հենց այդ պատճառով Գ. Մանուկյանը՝ մեկուսարանում իրեն անպաշտպան զգալով, դիմել էր հացադուլի:
Ակնհայտ է, որ ՔԿՎ մամուլի խոսնակի փոխանցած տեղեկատվությունը միայն մասնակիորեն եւ ընտրողաբար է անդրադարձել ծառայողական քննության արդյունքներին: Որեւէ տեղեկություն չկա Գրիգոր Ոսկերչյանին եւ Վարդգես Գասպարիին ծեծի ենթարկելու եւ նրանց նկատմամբ նսեմացնող վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ: Ըստ ամենայնի, այն պատճառով, որ վերջիններիս «կոտրել» եւ նրանց հայտարարությունները ետ ստանալ չի հաջողվել:
Երեկ Քաղկալանավորների իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե առայժմ ձեռնպահ է մնում ՔԿՎ մամուլի խոսնակի տարածած տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություն անելուց՝ սպասելով ավելի ամբողջական տեղեկատվության, բայց հավելեց, որ հայտարարությունը, թե՝ Ա. Խուրշուդյանը հերքել է իրեն ծեծի ենթարկելու փաստը, իրականությանը չի համապատասխանում: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, թե իրենք ո՛չ նախկինում, ո՛չ էլ այսօր այդ «ծառայողական քննության» նկատմամբ վստահություն չեն տածում. «Երբ հանցագործություն կատարողներն իրենք են իրենց նկատմամբ ծառայողական քննություն կատարում՝ ճշմարտության բացահայտմանը սպասելն ու հավատալը դառնում է անհեթեթ ու անիմաստ: Մենք գիտենք ողջ ճշմարտությունը եւ շարունակում ենք պահանջել բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել»:
Ի դեպ, դեռ դեկտեմբերի 27-ին Օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել էին նաեւ «Նուբարաշենից» ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված կալանավոր Գոռ Քոչարյանին: Թեեւ, ըստ Օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության, նրա դեմքին առկա են եղել վնասվածքներ՝ քերծվածքներ եւ կապտուկներ, Գ. Քոչարյանը հայտնել էր, թե ինքն այդ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետեւանքով: «Պաշտպանն արձանագրում է, որ կալանավորների նկատմամբ կիրառվել են բռնություններ, սակայն նրանց մի մասը հրաժարվում է բարձրաձայնել այդ մասին, ինչը վախի մթնոլորտի արդյունք է համարում»,- փոխանցել էր Օմբուդսմենի գրասենյակը: