Երեկ «Նովոստի Արմենիա» կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի հայտնած տեղեկությանը, թե հունվարի վերջին քննարկելու են ԱԺ աշխատանքներին «Ժառանգության» հետագա մասնակցության նպատակահարմարության հարցը՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե իր կարծիքով՝ «Ժառանգությունն» այնքան անխոհեմ չի լինի, որ կատարի «Արդարություն» դաշինքի սխալը։ Հիշեցնենք, որ վերջինս շուրջ 2 տարի բոյկոտում էր ԱԺ աշխատանքը: «Այդ բոյկոտից տուժեց ոչ թե հասարակությունը, ոչ թե իշխանությունը, այլ «Արդարություն» դաշինքը», – գնահատեց պրն Շարմազանովը: Նաեւ հավելեց, թե պոպուլիզմը եւ դեմագոգիան ընդդիմադիր ուժերի մոտ ընդունված գործելաոճ է. «Իրենց խնդիրն է՝ դուրս կգան,
թե չէ, դրանից իշխանությունների աշխատանքը չի թուլանա։ Մենք
մեր խնդիրները կիրականացնենք: 2009-ին քաղաքապետի ընտրություններ են մոտենում, եւ «Ժառանգությունն» էլ ցանկանում է արտախորհրդարանական պայքարի մղվել՝ դա իրենց խնդիրն է»: Էդուարդ Շարմազանովը նաեւ պնդեց, թե պատմությունը ցույց է տվել՝ «Բոյկոտի ձգտում են այն ուժերը, որոնք ձգտում են հեղափոխության»: Եվ որպես օրինակ նշեց բոլշեւիկներին: