Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական գռդոն-ART-2

Հունվար 10,2009 00:00

\"\"«Աստղերը» ազատամարտիկների դերո՞ւմ

Երբ փոքր էի՝ գիշերային ժամերին տուն հասնելու համար հաճախ «փափախ» ավտոբուս էի նստում: Չգիտեմ՝ որտեղից էր այդ տարօրինակ անվանումը ծագում, բայց իմ մանկական երեւակայության մեջ «փափախի» բեղավոր վարորդը միշտ հայտնվում էր մգլոտած կեպիով:
Տարիներ անց, երբ արդեն մեծ էի, ինձ հայտնի դարձավ «փափախչիության» մեկ այլ տեսակ, որը հիմնականում կապվում էր արվեստի հետ: Վերջինս տեսքով թեեւ կեպիոտ չէր, սակայն հիանալիորեն արտահայտում էր «փափախի» հիմնական դրույթները: Խոսքս շոու-բիզնեսի տարածական ընդգրկումների մասին է, որը կարելի է բնորոշել մեկ բառով՝ ԳՌԴՈՆ… Գռդոնը կամ գլամուրային Գռդոն-art-ը «կառուցվում» է երկու հիմնական սկզբունքներով, որոնք կոչված են փոշիացնել Արվեստը. ա) լեզվի (կինոլեզու, թատերական լեզու, լեզվամտածողություն եւ այլն) բացակայություն, բ) երեւույթի մակերեսային կամ առանց խորքի արտահայտություն…
Խեղճ խորհրդային սպեկուլյանտներ, ի՞նչ իմանայիք, որ ձեր մաքրամաքուր, ջինս ու ծամոն վերավաճառողի անունը մի օր նույնանալու է հայ «աստղերի» անունների հետ: Սակայն, ի տարբերություն ջինսի ու ծամոնի՝ հայկական շոու-բիզնեսի սպեկուլյացիաները վերջին շրջանում հիմնականում պտտվում են ազատամարտի, անձնական դժբախտությունների (հարազատի կորուստ եւ այլն), Հայրենիքի, Փրկչի, Եղեռնի շուրջը: Ասածիս տիպիկ օրինակը Գռդոն-art-ի հերթական հորիզոնականը զբաղեցրած «Ալլա Լեւոնյանն է՝ իր «Գնա ու կռվիր» հիթով… Մոտավորապես հարյուր տարի առաջ սարերից իջան մի խումբ ձիավոր՝ պաշտպանելու իրենց հողն ու հայ կոչվելու իրավունքը: Վերջերս նույն գործընթացը, բայց առանց ձիերի, կրկնվեց: Սակայն նորօրյա սարից իջածները կոչված էին ոչ միայն խեղաթյուրել հայի ճաշակը, այլ նախորդների արյունը «յուրացնելով», PR անել: Միանգամից ասեմ, որ Ալլա Լեւոնյանի «Գնա ու կռվիր» հիթը (ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան) վեր է բոլոր քննարկումներից: Հումորն ու պարոդիան ի զորու չեն մեղմել զայրույթն ու վիրավորանքը, որ զգում ես տեսահոլովակը դիտելիս: Կասկած չկա, որ «Գնա ու կռվիր»-ը, «Գնա մեռի, արի՝ սիրեմ»-ի «յուրօրինակ» տարբերակն է, որտեղ զոհվողը՝ զոհվում է, նրա անունը շահարկողը՝ փառաբանվում…
Այդպես անհնար է երգել հայ ազատամարտի մասին, ավելին՝ հայ կնոջ կերպարի ձեռքով կասեցնել դեպի սիրեցյալը սլացող փամփուշտը: Զարմանալիորեն չգտնվեց մեկը, որ բռներ ազատամարտիկների դերերում հայկական շոու-բիզնեսի կարկառուն աստղերին նկարահանել մտահղացողի ձեռքը: Այլընտրանք չկա: Տեսահոլովակում զոհված հայորդիների դերերում Ավետ Բարսեղյանին, DJ Ժակին եւ Տիգրան Պետրոսյանին նկարահանելով՝ ակամայից զոհվածների արյունը ներկայանում է որպես այս «աստղերին» PR անելու միջոց: Ընդ որում, պարզ չէ, ինչո՞ւ է բեմադրիչն այդ երեքին ընտրել: Նրանց հանճարեղությո՞ւնն է վերջինիս ցնցել, նոր ժամանակի հերոս ստեղծելու երազա՞նքը, թե՞ պարզապես փող աշխատելու մարմաջը: Ավելին՝ աստղերից երկուսին «ժեռտվա տալով», բեմադրիչը նպաստել է վերջիններիս պոպուլյարության աճին՝ սերիալապաշտ տանտիրուհիներին հավատացնելով, որ հայրենիքը իսկական, զենքը ձեռքներին «փափախավոր» պաշտպաններ ունի:
Ի՞նչ է մնում. գնալ ու մեռնե՞լ, բայց այս անգամ՝ ամոթից, քանի որ փամփուշտը դուրս է թռչում տեսահոլովակի սահմաններից, ջարդուփշուր անում բոլոր նրանց գանգերը, որոնց համար հայրենասիրությունը PR չէ, ոչ էլ արվեստը՝ զըռգեղիզմ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել