Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՄԱՏԱՆԻ ԳՆԵԼԸ՝ ՆՈՒՅՆԸ ՉԵՆ»

Հունվար 10,2009 00:00

Ռուբեն Բաբայանը՝ թատրոնի ու մշակութային դաստիարակության մասին
\"\"Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի համար 2008-ը բուռն տարի էր՝ արտերկրյա հյուրախաղեր, մասնակցություններ տարբեր փառատոների՝ Սիրիայում, Չեխիայում, Ռուսաստանում, պրեմիերաներ… Թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասում է, որ դեկտեմբերի 19-ից սկսած՝ 60 անգամ ամանորյա ներկայացում են խաղացել՝ «Կախարդ վատ Ձյունանուշը», որը բաղկացած էր երկու մասից՝ նախ փոքրիկ հանդիսատեսի հետ միասին երգել-պարել են սրահում տոնածառի շուրջ, այնուհետեւ բուն ներկայացումը՝ դահլիճում: Պրն Բաբայանը տեղեկացրեց, հունվարի 27-ից փետրվարի 2-ը հյուրախաղերով հանդես կգան Հնդկաստանում ու «Հայի բախտ» ներկայացումը կամ Թումանյանի «Անխելք մարդը» կխաղան անգլերեն: Քանի որ, բացի ներկայացումը, համերգային մաս էլ է նախատեսված՝ ազգային երգուպարով, նույնիսկ մի հնդկական երգ են սովորել: Հիշեցնենք, որ դեկտեմբերին Սիրիայում էլ «Անհաղթ աքլորն» են արաբերեն ներկայացրել:
Թատրոնի ղեկավարը կարծում է, որ գլոբալ ճգնաժամը անպայման «կխփի» մշակույթի օջախներին. «Հայաստանի բնակչության մեծամասնությունը ապրում է այն տրանսֆերների շնորհիվ, որոնք գալիս են արտասահմանում աշխատող հայրենակիցներից: Այժմ հասկանալի պատճառներով շատ-շատերը կզրկվեն այդ գումարներից, ու ընտանիքները կփորձեն առաջին հերթին իրենց կենցաղային հարցերը լուծել: Մյուս երկրների փորձը ցույց է տալիս, որ երբ նման ճգնաժամեր են լինում, դրանք առաջին հերթին անդրադառնում են մշակույթի վրա, ու տնտեսումներ եւ կրճատումներ արվում են հենց մշակույթին հատկացված գումարներից»:
«Առավոտի» հետ զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ԿԳ նախարարության հետ կոնֆլիկտին. «Նախարարությունն արգելել էր մեր տոմսերը տարածել դպրոցներում: Ես ե՛ւ նախարարին նամակ գրեցի, ե՛ւ ԱԺ: Կարծում եմ, սխալ է հավասարության նշան դնել երեխաների գումարով ուսուցչին ադամանդե մատանի գնելու ու դպրոց տոմսեր տանելու միջեւ: Երբ վերջերս Միացյալ Նահանգներում թատրոնի ղեկավարման գծով վերապատրաստման էի, ամենուրեք հանդիպում էի դպրոցական ավտոբուսների, որոնք երեխաներին տանում էին թատրոն, թանգարան, համերգասրահ… Եթե մենք խնդիր ունենք քաղաքակիրթ հասարակություն ունենալու, դա միայն խոսելով չպետք է արվի, քայլեր են անհրաժեշտ: Հո լոզունգներո՞վ չի՝ եկե՛ք կիրթ լինենք, եկե՛ք հանդուրժող լինենք… ասելով չի: Մենք հոյակապ գիտենք, որ այդ լոզունգները բացարձակապես որեւէ արդյունք չեն տալիս, արդյունք տալիս է կոնկրետ աշխատանքը: Երբ մարդ շփվում է արվեստի, մշակույթի հետ՝ ակամա դառնում է հանդուրժող եւ քաղաքակիրթ, իսկ քաղաքակրթության պահանջ բոլորս ենք զգում: Այնպես որ, թողնել միայն ծնողի վրա՝ երեխային թատրոն բերելը, ճիշտ չէ, որովհետեւ ծնողը կարող է ժամանակ կամ տրամադրություն չունենալ, իսկ երեխան չպետք է ծնողի տրամադրության պատճառով զրկվի այդ հաճույքից: Խոսքը միայն թատրոնի մասին չէ, այլ պատկերասրահի, թանգարանի, դասական երաժշտության համերգների, ընդհանրապես՝ մշակութային դաստիարակության»:
Փոխելով թեման, հետաքրքրվեցինք՝ հաճա՞խ է պատահում, որ ներկայացումների ժամանակ երեխաներն ավելի ջերմ արձագանքեն բացասական հերոսներին. «Չար հերոսներն ավելի դուրեկան են, վառ եւ դա բնական է, սակայն պիտի հաշվի առնել մի բան՝ չար հերոսը չպետք է դառնա չարության տիպար, չէ՞ որ յուրաքանչյուր մարդու մեջ կա եւ չարի, եւ բարության որոշակի տոկոս, ամենակարեւորը՝ ինչպես կընկալենք այդ մարդուն: Ստանիսլավսկին դերասաններին խորհուրդ էր տալիս՝ երբ խաղում ես բացասական կերպար՝ փնտրիր, թե որտեղ է նա բարի: Բոլոր դեպքերում, ճշմարիտ արվեստը իր մեջ կրում է հումանիստական սկզբունքներ: Օրինակ, նույն Միացյալ Նահանգների կամ եվրոպական երկրների արվեստը ազնվականություն եւ բարոյականությունն է քարոզում, հերոսները լավ ոստիկանն ու ազնիվ կովբոյն են: Սա չի նշանակում, թե նրանք ռեալիզմից հեռու են, իրենք հոյակապ գիտեն, թե դրանով ինչ խնդիր են լուծում: Երբ գործ ունես երեխաների հետ՝ պիտի նկատի ունենաս, որ այն սերմը, որ գցում ես այսօր, արդյունքը մի քանի տարի հետո է լինելու»: Հարցրինք՝ անձամբ ինքը, որպես հայր, ինչպե՞ս է իր դպրոցահասակ զավակներին հեռու պահում անճաշակ հեռուստահաղորդումներից ու սերիալներից: Պարզվեց՝ կտրականապես արգելում է: «Եթե մեր երկրին ու հասարկությանը վերաբերվում ենք ո՛չ որպես ժամանակավոր երեւույթի, այլ նայում ենք տարիների, սերունդների կտրվածքով, ուրեմն պետք է որոշակի պարտավորվածություն զգանք: Պետք է հասկանանք, որ այս թարս բաները, որ այսօր կատարվում են, ոչ միայն կապված են քաղաքական տենդենցների հետ, այլեւ կրթության սխալ ընթացքի հետ: Կարծում եմ, այս խնդիրը չի կարող լուծել միայն ընտանիքը կամ դպրոցը, համալիր մոտեցում է պետք: Բայց մյուս կողմից էլ, երբ երեխան գնում է դպրոց եւ իր համար հեղինակություն համարվող ուսուցչից օրինակներ է լսում այն սերիալներից, որոնք արգելել է ծնողը, փոխվում է չափանիշների մակարդակը»,- ասում է Տիկնիկայինի ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել