Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿԸ ՊԱՀԱՆՋԵՑ ԿՐԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

Հունվար 10,2009 00:00

\"\"ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկվա նիստում բանաձեւ ընդունեց՝ պահանջելով Գազայի հատվածում կրակի դադարեցում: Գլխավոր կետերից են հրադադարը, Իսրայելի զորքերի դուրսբերումը, Գազայի հատվածի սահմաններին անցակետերի բացումը, ինչպես նաեւ երկարատեւ եւ կայուն խաղաղության երաշխիքների ստեղծումը: Բանաձեւը ողջունում է այս տարի Մոսկվայում Միջին Արեւելքի կարգավորմանը նվիրված համաժողովի անցկացման գաղափարը: Փաստաթուղթն ընդունվել է 14 ձայնով, ԱՄՆ-ի պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը «դատապարտում է բռնության եւ դաժանության բոլոր դեպքերը, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների դեմ, ինչպես նաեւ բոլոր ահաբեկչական գործողությունները»: Այդ կետը կարող է մեկնաբանվել թե՛ որպես Իսրայելի եւ թե՛ որպես ՀԱՄԱՍ-ի գործողությունների դատապարտում, սակայն արաբական այս կազմակերպության չհիշատակելը Իսրայելի եւ Միացյալ Նահանգների նախապայմանն էր: Ըստ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գաբրիելա Շալեվի, անընդունելի է մի հարթության վրա դնել պետությունը եւ ահաբեկչական կազմակերպությունը: Սակայն կրակի դադարեցման պահանջը ուղղված է, իհարկե, նախեւառաջ Իսրայելին, քանի որ հենց վերջինիս գործողությունների արդյունքում մահացել է 766 եւ վիրավորվել ավելի քան 3,1 հազար պաղեստինցի: Չնայած ՄԱԿ-ի ԱԽ-ի պահանջի, երեկ Իսրայելը ավելի քան 30 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին: Մահացել է 6 պաղեստինցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել