Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ԿՈՂՄ Է ԿՏՐՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ

Հունվար 10,2009 00:00

Օրերս ելույթ ունենալով Վիրջինիա նահանգում, ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբաման կոչ արեց վճռական միջոցներ ձեռնարկել հետագա տնտեսական անկումը կասեցնելու համար: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նա ներկայացրեց Կոնգրեսին առաջարկվելիք 700 միլիարդանոց ծրագրի մանրամասները:
Ծրագիրը մասնավորապես նախատեսում է նոր աշխատատեղերի ստեղծում, հարկերի իջեցում եւ էներգետիկայի բնագավառում նոր տեխնոլոգիաների ֆինանսավորում: «Եթե այդ միջոցները չձեռնարկվեն,- զգուշացրեց Օբաման,- տնտեսական անկումը ԱՄՆ-ում կարող է տեւել տարիներ, իսկ գործազրկության մակարդակը՝ հասնել երկնիշ թվերի: Դանդաղելու ամեն օրվա հետ ավելի շատ ամերիկացիներ կորցնելու են աշխատանքը, ավելի շատ ընտանիքներ զրկվելու են իրենց ունեցվածքից եւ հնարավոր է, որ ճգնաժամի անդունդից այլեւս վերադարձի ճանապարհ չի լինի»: Ռադիոկայանի թղթակիցը խնդրեց Սթենդֆորդի համալսարանի պրոֆեսոր Միխաիլ Բեռնշտամին մեկնաբանել Օբամայի տնտեսական ծրագիրը: «Նախեւառաջ, դրամական քաղաքականությունից շեշտը տեղափոխվում է բյուջետային եւ ֆիսկալ քաղաքականություն, այսինքն՝ Կենտրոնական բանկը պարզապես փող չի տպելու եւ բանկերին փոխանցելու, դրա փոխարեն կառավարությունն իր վրա է վերցնելու ծախսերի զգալի մասը՝ միաժամանակ կրճատելով հարկերը: Այդ ծրագիրն իրականացնելը, այսինքն՝ պետական փողեր ծախսելը եւ հարկերը կրճատելը, դժվար չէ: Թե որքանով է դա արդյունավետ, այլ հարց է»,- նշեց պրոֆեսորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել