Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտություն-2008

Հունվար 10,2009 00:00

Նախորդ տարին հարուստ էր գիտության բնագավառում կատարված լուրջ հայտնագործություններով, որոնք թեեւ դժվար է հեղափոխական անվանել, սակայն դրանցից շատերը կմտնեն դասագրքային ծրագրերի մեջ եւ թույլ կտան հետազոտությունների նոր մեթոդներ մշակել:

2008 թվականի գիտական հայտնագործությունների մեծ բաժինը աստղագիտության բնագավառին է պատկանում: Ամենահայտնին «Փյունիկ» տիեզերական զոնդի առաքելությունն էր դեպի Մարս: 5 ամսվա ընթացքում ապարատը հավաքեց ահռելի քանակի տվյալներ մեր մոտակա տիեզերական հարեւանի մասին, վերլուծեց Մարսի բնահողը, ուսումնասիրեց կլիման: «Փյունիկը» մեծացրեց Մարսի բնակելի լինելու շանսերը՝ առաջին անգամ Մարսի բնահողի մեջ սառույց հայտնաբերելով եւ ջուր ստանալով, իսկ մյուս կողմից՝ նույնքան էլ փոքրացրեց այդ շանսերը՝ նույն գրունտում գտնելով պերքլորատներ՝ երկրային օրգանիզմների համար թունավոր նյութեր: Բացի Մարսից, 2008-ին մանրամասն քննության ենթարկվեց մեկ այլ տիեզերական հարեւան՝ Լուսինը: Չինական Chang\’e-1 զոնդը կազմեց Լուսնի մակերեւույթի առ այսօր եղած ամենամանրամասն քարտեզը:
2008-ին գիտնականները վերջնականապես որոշեցին ստուգել, թե որտեղ է վերջանում մեր տիեզերական «տունը» եւ սկսվում «փողոցը»: Արեգակնային համակարգի սահմանները կուսումնասիրի հոկտեմբերին տիեզերք բաց թողնված IBEX ապարատը: Մեր համակարգում եւ դրանից դուրս «զբոսնող» տիեզերագնացներին անխափան ինտերնետ ելքը կապահովի Միջմոլորակային ինտերնետի պրոտոկոլը, որի փորձարկումները բարեհաջող ավարտվեցին 2008-ին: Նախորդ տարի գիտնականները մեծ առաջընթաց են գրանցել նաեւ էկզոմոլորակների՝ այլ աստղերի շուրջ պտտվող մոլորակների ուսումնասիրման հարցում. նրանք հայտնաբերել են ամենափոքր եւ ամենաերիտասարդ էկզոմոլորակները, այն էկզոմոլորակը, որտեղ ջուր կա, ինչպես նաեւ միանգամից երեք երկրակերպ էկզոմոլորակներ: Եվ, վերջապես, գիտնականները վերջնականապես որոշեցին հրաժարվել Արեգակնային համակարգի մոլորակներից մեկից. այսուհետեւ Պլուտոնը ոչ թե մոլորակ է, այլ՝ պլուտոիդ: 2008-ին գիտնականները գտան սեւ խոռոչների զանգվածը որոշելու եղանակը եւ «կշռեցին» մեր գալակտիկայի կենտրոնում եղած խոռոչը: Հայտնաբերեցին խորհրդավոր «աստղային ծննդատունը» եւ լուծեցին նրա հանելուկը: Հերթական անգամ Ծիր Կաթինին «բռնացրին» «հաննիբալիզմի» մեջ, տեսան կվազարի էվոլյուցիան եւ գտան ոչ երկրային ծագում ունեցող օրգանական մոլեկուլներ:
Ֆիզիկայի ոլորտում գլխավոր իրադարձությունը, ինչ խոսք, Մեծ ադրոնային կոլայդերի (ՄԱԿ) գործարկումն էր: Աշխարհի վերջը, որ իբր պիտի գար ՄԱԿ-ի գործարկումից հետո, այդպես էլ չեկավ, քանի որ աշխատանքը սկսելուց 9 օր անց ՄԱԿ-ը փչացավ: Ատոմային մասնիկների աշխարհի ամենամեծ արագացուցիչը կրկին կփորձարկվի արդեն այս տարվա ամառվա վերջում: Ֆիզիկոսները հայտնաբերել են նաեւ տեկիլան ալմաստի վերածելու տեխնոլոգիան (խոստովանենք, որ սա հնչում է ապրիլմեկյան կատակի նման): Եվ ստեղծել են նյութեր, որոնցից կարող են ստանալ անտեսանելի դարձնող գլխարկներ եւ թիկնոցներ: Շատ մոդայիկ «նանո» մասնիկների հետ կապված էլ են եղել հայտնագործություններ: Գիտնականները գտել են, որ ոսկու նանոմասնիկները իրենցից ներկայացնում են տետրաէդրներ, ընդունել են, որ կայուն նանոմասնիկները սուպերատոմներ են, սինթեզել են ծակոտկեն նանոհարթություն, հարմարեցրել են ԴՆԹ՝ նանոբյուրեղներ ստանալու համար, եւ նուjնիսկ նկարահանել են …նանոկինո: Իսկ քաղաքականությամբ հետաքրքրված ֆիզիկոս գիտնականները Բարաք Օբամայի հաղթանակը նշանավորել են նրա դիմանկարների ստեղծմամբ, որոնցից յուրաքանչյուրի վրա ծախսել են 150 մլն նանոխողովակներ:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել